o C     30. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Տղամարդկանց համար պեդիկյուր… մերսում…». Երևանում 27-ամյա երիտասարդը դանակի սպառնալիքով թալանել է մերսուհուն

09.02.2020 11:00 ԻՐԱՎՈՒՆՔ
«Տղամարդկանց համար պեդիկյուր… մերսում…». Երևանում 27-ամյա երիտասարդը դանակի սպառնալիքով թալանել է մերսուհուն

Վերաքննիչ քրեական դատարանում Մ. Պապոյան, Ս. Համբարձումյան, Ա. Նիկողոսյան կազմով սկսվեց Նարեկ Գ.-ի գործով բերված վերաքննիչ բողոքների քննությունը:

Գործը քննվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Կենտրոն վարչական շրջանի տարածքում գտնվող նստավայրում Արթուր Մկրտչյանի նախագահությամբ:

1991 թվականին ծնված Նարեկ Գ.-ին մեղադրանք էր առաջադրվել ավազակային հարձակում գործելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ,  4-րդ կետերով:

Ձև, Ձև և կրկին Ձև. փաստաբանը՝ ավտոմեքենայում դիմակ չկրելու համար տուգանվելու մասին

Նարեկ Գ.-ն 2013 թվականին դատվել էր դարձյալ ավազակային հարձակում գործելու համար, դատապարտվել էր 6 տարի ազատազրկման, այն ժամանակվա Համաներման ակտի կիրառմամբ պատժաչափը կրճատվել էր, նա ազատություն  էր դուրս եկել 2017 թվականի հուլիսի 14-ին:

Ըստ մեղադրանքի՝ ազատություն դուրս գալուց ամիսներ անց՝ 2018 թվականի փետրվարի 23-ին, Նարեկ Գ.-ն համացանցից տեղեկացել է Նոնա Մ.-ի (անունը փոխված է) կողմից մերսման ծառայություններ մատուցելու մասին: Նույն օրը Նարեկ Գ.-ն ժամը 23-ն անց 30-ի սահմաններում զանգել է Նոնային, ներկայացել է «Արթուր» անունով, իմացել է, որ Նոնան մերսման ծառայություններ մատուցում է իր բնակարանում, որտեղ միայնակ է բնակվում: Նարեկը Նոնայի հետ պայմանավորվել է այցելության վերաբերյալ:

Նա պատահական տաքսիով գնացել է Նոնայի տված հասցեով, ըստ մեղադրանքի՝ «խաբեությամբ մուտք է գործել» բնակարան և հարձակում է գործել տանտիրուհու վրա՝ որպես զենք օգտագործելով իր հետ նախապես վերցրած սուր գործիքը՝ պտուտակահանը, այն «ցուցադրական» պահել է Նոնայի ուղղությամբ ու ասել է. «Կկոխեմ, հանի ինչ ունես, ես կորցնելու բան չունեմ»:

Ըստ մեղադրանքի՝ Նարեկ Գ.-ն բնակարանում գտել ու հափշտակել է 1400 դոլար արժողությամբ «Այֆոն 8» բջջային հեռախոսն ու 192 հազար դրամ կանխիկ գումարը:

Տանտիրուհին դիմադրել է, հրել Նարեկին, վերջինիս ձեռքից գցել է սուր գործիքն ու փախել է դեպի բնակարանի մուտքի դուռը, փորձել է բացել և օգնություն կանչել: Նարեկ Գ.-ն, ըստ մեղադրանքի, տուժողի դիմադրությունը կոտրելու նպատակով վերցրել է բնակարանում եղած խոհանոցային դանակը, հետապնդել է տուժողին, փակել է նրա բերանը, դանակը սեղմել է կրծքին, պարանոցին՝ պատճառելով ճանկռվածքներ, դանակով հարվածելու սպառնալիքով պահանջել է չաղմկել: Նոնան կարողացել է ազատվել Նարեկի ձեռքից, վազել է պատշգամբ, օգնություն է կանչել, հարևաններին խնդրել է ոստիկանություն զանգել:

Նարեկ Գ.-ն, ըստ մեղադրանքի, հափշտակելով վերը հիշատակված ավարը՝ տուժողի բջջային հեռախոսն ու կանխիկ գումարը, դիմել է փախուստի:

Նարեկ Գ.-ն իրեն մեղավոր չի ճանաչել, պնդել է, թե Նոնա Մ.-ի նկատմամբ ավազակային հարձակում չի գործել: Նախապես նրա հետ հեռախոսով պայմանավորվել ու այցելել է՝ ինտիմ ծառայությունից օգտվելու նպատակով: Նոնայի բնակարանում սկզբում զրուցել են, ինքը պատմել է իր մասին, ասել է, թե նախկինում դատապարտված է եղել: Դրանից հետո Նոնան իրեն սեռական բնույթի ծառայություն է մատուցել, որի դիմաց, ըստ պայմանավորվածության, ինքը պետք է վճարեր 25   հազար դրամ: Սակայն չի վճարել այդ գումարը: Նոնան ա՛յդ պատճառով է աղմկել: Նա վախեցրել է իրեն, ասել է, թե «համակարգում աշխատող բարեկամներ» ունի, սպառնացել է, դուրս է եկել պատշգամբ ու գոռացել է՝ սպանում են, փրկեք… Հարևան մի աղջիկ դուրս է եկել, հարցրել է՝ ի՞նչ է պատահել, ինքն ասել է՝ ոչինչ չի պատահել, արդեն գնում եմ… Եվ հեռացել է այդ բնակարանից: Ինքը տուժողի նկատմամբ բռնություն չի գործադրել, չի սպառնացել դանակով կամ իր մոտ եղած ինչ-որ գործիքով, իր մոտ ընդհանրապես սուր ծակող գործիք չի եղել: Ինքը տուժողի հեռախոսը կամ գումարը չի հափշտակել: Իրեն ոստիկանություն բերման են ենթարկել դեպքից չորս օր անց:

Տուժող Նոնան հայտնել է, թե անհատ ձեռներեց է, զբաղվում է մատնահարդարմամբ, վարսահարդարմամբ, դիմահարդարմամբ ու բուժական մերսումով: Հաճախորդներն իր հետ կապ են հաստատում հեռախոսով, որի համարները տեղադրված են համացանցում:

2018 թվականի փետրվարի 23-ին, ժամը 17-ն անց 30-ի սահմաններում իրեն զանգել են անծանոթ համարից, ինքը չի պատասխանել: Նույն համարից զանգել են նաև ժամը 23-ն անց 30-ին, ինքը պատասխանել է, զրուցել է «Արթուր» անունով ներկայացած երիտասարդի հետ, որն ասել է, թե համացանցային հայտարարությունը կարդացել է, ցանկանում է օգտվել բուժական մերսումից: Ինքը հայտնել է, որ մերսման մեկ ժամն արժե 40 հազար դրամ: «Արթուրն» ասել է, թե ցանկանում է մերսվել 30 րոպե, 25 հազար դրամ ունի: Պայմանավորվել են: Որոշ ժամանակ անց երիտասարդը եկել է իր բնակարան: 10-15 րոպե զրուցել են, նա պատմել է իր մասին, ասել է, թե նախկինում դատվել է ավազակության համար:

Ինքը գնացել է միջանցք՝ լույսը վառելու, քանի որ սենյակի լույսը թույլ էր: Երբ վերադարձել է հյուրասենյակ, «Արթուրի» ձեռքին  պտուտակահան է տեսել, որը նա թափահարել ու ասել է. «Կկոխեմ, հանի ինչ ունես, ես կորցնելու բան չունեմ»:

92 կողմ, 0 դեմ. ԱԺ-ն ընդունեց դիմակ չունենալու համար 10000 դրամով տուգանելու օրենքը

Ինքը փորձել է նրան համոզել, որ չվնասի: Ասել է, թե տանը արժեքավոր իրեր չկան, ունի բջջային հեռախոս ու մոտ 200 հազար դրամ՝ դրամապանակի մեջ: Ինքը փորձել է համոզել, որ այդ տղան հեռանա, ասել է, թե ոստիկանություն չի դիմի:

«Արթուրը»  վերցրել է իր դրամապանակի մեջ եղած գումարը, իր բջջային հեռախոսը, հետո պահանջել է բացել պատուհանագոգին դրված չհրկիզվող պահարանը: Ինքն ասել է, թե բանալին իր մոտ չէ, բացի այդ՝ պահարանում արժեքավոր ոչինչ չկա: Քանի որ վախեցած էր, առաջարկել է, որ նա այդ չհրկիզվող պահարանը վերցնի ու տանի հետը: Բայց նա շարունակում էր պահանջել, որ ինքը բացի պահարանը, հակառակ դեպքում սպառնում էր վնասել իրեն: Ինքը կարողացել է հրել նրան, պտուտակահանն ընկել է նրա ձեռքից: «Արթուրը» պատուհանագոգից վերցրել է խոհանոցային դանակը, սկսել է դրանով սպառնալ, պնդել է, որ ինքը բացի չհրկիզվող պահարանը:

Ինքը դիմադրում էր, ի վերջո կարողացել է փախչել դեպի բնակարանի մուտքի դուռը, բացել և օգնություն է կանչել:  «Արթուրը» դանակը աջ ձեռքին բռնած՝ մոտեցել է, ձախ ձեռքով փակել է իր բերանը, պահանջել է չբղավել, սպառնացել է, որ կհարվածի դանակով: Ինքը վախից  չի գոռացել, «Արթուրն» իրեն բաց է թողել: Ինքը վազելով գնացել է պատշգամբ ու սկսել է օգնություն կանչել, խնդրել է, որ հարևանները ոստիկանություն զանգեն: Պատշգամբում գտնվելիս ինքը դուռը փակել ու բռնել է, որ «Արթուրը» չկարողանա բացել: Հարևանները ձայն են տվել, որ արդեն ոստիկանություն են զանգել: «Արթուրը» դա լսելով՝ դիմել է փախուստի:

Դատարանը հետազոտել  է համացանցային  կայքում տուժողի տեղադրած հայտարարությունը. «Տղամարդկանց համար պեդիկյուր, ձեռքերի չիստկա, դեմքի մասկաներ, դեմքի չիստկա,  մազերի հեռացում՝ բիո էպիլյացիա, ամբողջ մարմնի և մասնակի հատվածների մերսում՝ գլխի, ոտքի, ձեռքերի՝ սկրաբով և անուշահոտ յուղերով: Այլ մերսումներ չկա: Անպարկեշտ առաջարկներով չանհանգստացնեք»:

Տուժողի բնակարանի զննությամբ հայտնաբերվել են մերսման համար նախատեսված յուղեր, մերսում կատարելու սարքավորումներ: Արձանագրվել է. «Սեռական բնույթի ծառայություններ մատուցելու համար նախատեսված իրեր և առարկաներ չեն հայտնաբերվել»:

Դատարանն արձանագրել է, որ դատաքննությամբ հետազոտված ու գնահատված ապացույցների համակցությամբ չի հաստատվել մեղադրանքի այն կետը, թե Նարեկ Գ.-ն ապօրինի է մուտք գործել տուժողի բնակարան՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետ: Տուժողն իր ցուցմունքում նշել է, թե Նարեկ Գ.-ն նախապես զանգել ու պայմանավորվել է այցելության համար, հետևաբար՝ տուժողի բնակարան մտնելիս նա որևէ արգելք կամ խոչընդոտ չի հաղթահարել:

Դատարանն արձանագրել է հանցագործությունների կատարման ռեցիդիվ Նարեկ Գ.-ի կողմից:

Նարեկ Գ.-ն մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 4-րդ կետերով և դատապարտվել է 7 տարի ազատազրկման: Պատժի սկիզբը՝ 2018 թվականի փետրվարի 28-ից:

Նարեկ Գ.-ից հօգուտ տուժողի կբռնագանձվի  864 հազար 882 դրամ՝ որպես հանցագործությամբ անմիջականորեն պատճառած գույքային վնասի հատուցում:

Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոքներ են բերել գործով մեղադրող դատախազ Ս. Պողոսյանն ու ամբաստանյալի շահերի պաշտպան, փաստաբան Ս. Խչեյանը:

Արգելանքի տակ գտնվող ամբաստանյալը դատական նիստին չէր ցանկացել ներկայանալ: Նիստն ընթացավ ամբաստանյալի բացակայությամբ, նրա շահերի պաշտպանի մասնակցությամբ:

Սկզբում վերաքննիչ բողոքը ներկայացրեց մեղադրող դատախազ Ս. Պողոսյանը:

Նա նշեց, որ առաջին ատյանի դատարանն անհիմն կերպով է մեղադրանքի ծավալից հանել տուժողի բնակարան ապօրինի մուտք գործելու մեղադրանքը՝ ՀՀ քրեական օրենսգրիք 175 հոդվածի 2-ր մասի 3-րդ կետով: Ըստ մեղադրողի՝ Նարեկ Գ.-ն տուժողի հետ հեռախոսով պայմանավորվելու պահին արդեն ուներ նրա վրա ավազակային հարձակում գործելու նպատակ, մերսման ծառայությունից օգտվելը, ըստ մեղադրողի՝ պատրվակ է եղել, տուժողի տուն մտնելու միջոց: Հետևաբար, ըստ մեղադրողի՝ Նարեկ Գ.-ն մոլորեցրել է տուժողին ու նրա բնակարան է մուտք գործել խաբեությամբ և ապօրինի:

Մեղադրողը նշեց, որ Նարեկ Գ.-ն մեղսագրված արարքից ամիսներ առաջ էր ազատվել պատժի կրումից, իսկ պատիժ կրում էր համասեռ հանցագործության՝ ավազակային հարձակման համար: Առաջին ատյանի դատարանն արձանագրել է հանցագործությունների կատարման «պարզ  ռեցիդիվ», սակայն պետք է արձանագրվեր «վտանգավոր ռեցիդիվ», ինչն իր ազդեցությունը կունենար նշանակվող պատժի վրա՝ խստացման առումով:

Այսօրվա իշխանությունների համար չորրորդ իշխանությունը լուրջ խնդիր է, կարծես, թե դամոկլյան սրի պես կախված է նրանց գլխին.Գայանե Զարգարյան

Բացի այդ, ըստ մեղադրողի, դատարանը չի անդրադարձել դատական ծախսերի հատուցման հարցին, մինչդեռ քրեական գործում հստակ արձանագրված է, որ 8  հազար դրամի դատական ծախսեր են կատարվել, այդ գումարը պետք է հատուցվի ամբաստանյալի կողմից:

Մեղադրող դատախազ Ս. Պողոսյանը միջնորդեց՝ առաջին ատյանի դատարանի դատավճիռը փոփոխել, Նարեկ Գ.-ին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ, 4-րդ կետերով, նրան դատապարտել 8 տարի ազատազրկման: Նարեկ Գ.-ից հօգուտ պետբյուջեի՝ բռնագանձել 8 հազար դրամ՝ որպես դատական ծախսերի հատուցում: Մնացած մասով առաջին ատյանի դատարանի դատավճիռը թողնել անփոփոխ:

Ամբաստանյալի շահերի պաշտպան, փաստաբան Ս. Խչեյանն իր բողոքով պահանջել էր մեղսագրված արարքի համար արդարացնել Նարեկ Գ.-ին՝ այդ արարքի կատարումն ապացուցված չլինելու հիմքով:

Պաշտպանը նշեց, որ առաջին ատյանի դատարանում դատաքննության ընթացքում ստացված տեղեկությունները էապես տարբերվում են նախաքննության ընթացքում ստացված տեղեկություններից: Ինքը՝ գործով տուժողը, դատարանում տվել է հակասական ցուցմունք, մասնավորապես՝  նշել է, թե գործով իրեղեն ապացույց ճանաչված դանակն այն դանակը չէ, որով Նարեկ Գ.-ն հարձակվել էր իր վրա: Տուժողը նաև նշել է, թե չգիտի՝ ով է իր պայուսակում եղած կանխիկ գումարը տարել՝ ամբաստանյա՞լը, թե՞ «Պողոսն ու Պետրոսը», բայց փաստն այն է, որ գումարը անհետացել է:

Պաշտպանն ընդգծեց՝ իր պաշտպանյալը նախաքննության ընթացքում ու դատարանում պնդել է, թե տուժողի բնակարան է գնացել սեռական բնույթի ծառայություններից օգտվելու համար և տուժողին չվճարելու պատճառով է վիճաբանության մեջ մտել նրա հետ: Նա պնդել է, թե տուժողի վերաբերյալ տեղեկությունները վերցրել է «Օդնոկլասնիկի» կայքի՝ սեռական ծառայություններ մատուցելու վերաբերյալ էջից:

Պաշտպանն ընդգծեց՝ գործով ձեռք բերված ապացույցներով չի հաստատվել, որ իր պաշտպանյալը նախապես ծրագրել ու տուժողի բնակարան ապօրինի մուտք գործելով՝ ավազակային հարձակում է կատարել:

Պաշտպանը շեշտեց՝ նախաքննական մարմինը հաստատված է համարել, որ տուժողի հեռախոսի արժեքը եղել է 1400 դոլար, բայց այդ արժեքը հաստատող ապացույց չկա: Բացի այդ՝ հենց հեռախոսի հափշտակության հանգամանքն էլ հաստատված չէ, քանի որ ըստ քրեական գործում առկա փաստաթղթերի՝ տուժողի հեռախոսը վերջին անգամ սպասարկվել է հենց նրա հասցեն սպասարկող ալեհավաքի կողմից, դրանից հետո հեռախոսի սպասարկման վերաբերյալ տվյալներ չկան:

Պաշտպանը նաև նշեց, թե առաջին ատյանի դատարանի դատավորը այս գործով խորհրդակցական սենյակում է եղել ընդամենը 30 րոպե, իսկ դատական ակտում նա չի անդրադարձել իր ճառում ներկայացված մի շարք միջնորդությունների՝ կոնկրետ ապացույցները անթույլատրելի ճանաչելու վերաբերյալ:

Վերաքննիչ դատարանը մի շարք հարցեր ուղղեց ինչպես պաշտպանին, այնպես էլ մեղադրողին:

Պաշտպանն ընդունեց, որ իր պաշտպանյալը չի հերքում՝ նա նախապես պայմանավորվել ու գնացել է տուժողի տուն: Բայց քանի որ չի վճարել սեռական ծառայության համար պայմանավորված գումարը, տուժողը  պատժելու համար նման հաղորդում է ներկայացրել: Ըստ պաշտպանի՝ իր պաշտպանյալը նշել է՝ տուժողը նրան սպառնացել, ասել է. «Տես գլխիդ ոնց եմ սարքելու»:

Պաշտպանը նշեց՝ իր պաշտպանյալը հայտնել է նաև, թե տուժողի տուն գնալով՝ որոշ ժամանակ զրուցել է նրա հետ: Պատմել է, որ նախկինում դատված է եղել, իսկ տուժողն ասել է, թե մասնագիտությամբ իրավաբան է, բայց ստիպված այլ ծառայություններ է մատուցում: Եվ Նարեկ Գ.-ն ենթադրել է՝  տուժողը, իրավաբան լինելով, շատ լավ իմացել է, թե ավազակային հարձակման հանցակազմը հաստատող ինչ հանգամանքներ նշի: Նախաքննական մարմինն էլ հենվել է միայն տուժողի ցուցմունքի վրա:

Նախագահող դատավորը նշեց՝ ինքն է եղել առաջին ատյանի դատարանի դատավորը, որը քննել է  Նարեկ Գ.-ի… նախորդ գործը: Ուժի մեջ մտած դատական ակտի համաձայն՝ Նարեկ Գ.-ն մեկ այլ անձի հետ նախապես պայմանավորվել ու այցելել էր մի… սեռափոխված տղամարդու տուն՝ սեռական բնույթի ծառայություններից օգտվելու: Այդ բնակարանում ևս տեղի էր ունեցել բնակարանատիրոջ վրա ավազակային հարձակում, իսկ հետագայում Նարեկ Գ.-ն բերել էր նույն պատճառաբանությունները, ինչ ներկա գործով՝ իբր իմացել են, որ «Նիկան» սեռափոխված տղամարդ է, նրան չեն վճարել, նա էլ ջղայնացել, իրենց հետ վիճել ու իրենց «գլխին սարքել է»: Փաստորեն, ազատություն դուրս գալուց ամիսներ անց Նարեկ Գ.-ն կատարել է արարք, որի վերաբերյալ պատճառաբանությունները նույնն են, ինչ նախորդ արարքի դեպքում…

Կենտրոնական բանկը համարում եմ եզակի, կայացած կառույց. Փաստաբան

Ամբաստանյալի շահերի պաշտպանը նշեց՝ իմանալով, որ վերաքննիչ դատարանում վերաքննիչ բողոքը քննող կազմի նախագահողը Մ. Պապոյանն է, ինքը խորհրդակցել է իր պաշտպանյալի հետ, քննարկել է նաև նախագահողին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու հարցը՝ հաշվի առնելով, որ նույն դատավորն է քննել Նարեկի նախորդ քրեական գործը: Բայց Նարեկ Գ.-ն չի համաձայնել նախագահող դատավորին բացարկ հայտնելու առաջարկին, ասել է, թե վստահում է այդ դատարանին…

Պաշտպան Ս. Խչեյանն առարկեց մեղադրող դատախազի բողոքի դեմ, խնդրեց այն մերժել:

Դատարանը մեղադրողին հարցրեց՝ ինչպե՞ս է հիմնավորվել տուժողի «Այֆոն» հեռախոսի արժեքը՝ 1400 դոլարը, և արդյո՞ք դա ողջամիտ գին է թեկուզ՝ 2018 թվականի «Այֆոնի» համար: Մեղադրողն ասաց, թե հիմք են ընդունել տուժողի ասածը, որը վարույթն իրականացնող մարմինը ողջամիտ է համարել: Հեռախոսը չի հայտնաբերվել, այդ պատճառով ապրանքագիտական փորձաքննություն չի կատարվել:

Դատարանի հարցին՝ ինչո՞վ է հիմնավորվում այն, որ ամբաստանյալը նախապես հենց ավազակային հարձակում էր ծրագրել ու այդ նպատակով է մուտք  գործել տուժողի տուն:

Մեղադրողը նշեց, որ Նարեկ Գ.-ն իր հետ տարել էր ծակող գործիք՝ պտուտակահան կամ բիզ, բացի այդ՝ նա տուժողի վրա հարձակում էր գործել անմիջապես՝ առանց պայմանավորված մերսման ծառայություններից օգտվելու:  Իսկ տուժողի տուն գնալուց առաջ նախապես ճշտել  էր, որ նա տանը մենակ է:

Մեղադրողն իր հերթին առարկեց պաշտպանի բերած վերաքննիչ բողոքի դեմ ու պնդեց իր բողոքը:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА