ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Թատրոնի տնօրեն լինելը շատ բարդ աշխատանք է». Մարիաննա Մխիթարյան (Տեսանյութ)

15.01.2020 16:01 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎՈՒՆՔ TV
«Թատրոնի տնօրեն լինելը շատ բարդ աշխատանք է». Մարիաննա Մխիթարյան (Տեսանյութ)

Գրեթե մեկ տարվա դեգերումներից հետո Երեւանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնն արդեն ոչ թե տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, այլ տնօրեն ունի: Ընտրությունն անցկացվել է 2019 թ. դեկտեմբերի 26-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունում: Երեկ թատրոնում հաստատվել է «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի տնօրեն, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի Մարիաննա Մխիթարյանի տնօրեն ընտրվելը: Իսկ Մ. Մխիթարյանը վեց ամիս Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն էր:

Սիրելի հայրենակիցներ, ելնելով ստեղծված իրավիճակից՝ անհամատեղելի եմ համարում աշխատանքս Երևան քաղաքի ավագանիում՝ ուստի վայր եմ դնում մանդատս

«Իրավունքի» հետ զրույցում նորանշանակ տնօրեն ՄԱՐԻԱՆՆԱ ՄԽԻԹԱՐՅԱՆԸ խոստովանեց, որ թատրոնի տնօրեն լինելը բարդ աշխատանք է, բայց կկարողանա տակից դուրս գալ:

- Երեկ շնորհակալություն հայտնեցի թատրոնի ողջ կոլեկտիվին, այս 6 ամսվա ինձ հետ աշխատանքի, իրենց ջերմության, հասկացողության ու հարգանքի համար: Կարծում եմ, որ թատրոնի տնօրեն լինելը իրոք շատ բարդ աշխատանք է: Հույս ունեմ, առաջ Աստված, որ կկարողանամ այդ ծանր, հետաքրքիր եւ միեւնույն ժամանակ շատ գրավիչ աշխատանքի տակից դուրս գալ:

«ԵՐՋԱՆԻԿ ԿԼԻՆԵՄ, ՈՐ ՅՈՒՐԱ ԻԳԻԹԽԱՆՅԱՆԸ ՎԵՐԱԴԱՌՆԱ ԹԱՏՐՈՆ»

- Տիկին Մարիաննա, Դեկտեմբերի 26-ին էր նշանակված տնօրենի պաշտոնի ընտրությունը մի քանի թեկնածուներ կային, այդ թվում նաեւ թատրոնի տնօրենի նախկին պաշտոնակատար եւ դերասան Յուրի Իգիթխանյանն էր: Նա վերջերս իր հարցազրույցներում շեշտել էր, որ չի վերադառնա թատրոն որպես դերասան: Մեզ հետ հարցազրույցներից մեկում, երբ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար էր, նա ասում էր, որ մեծ ծրագրեր ունի` թատրոնի հետ կապված: Իր հետ խոսե՞լ եք, գուցե հրավիրեք թատրոն, որպեսզի վերադառնա:

- Յուրան եւ իր գեղեցկուհի կինը` Անուշը, մեր թատրոնի դերասանուհին, իմ ընկերներն են, եւ դրանք լոկ խոսքեր չեն: Թատրոնը կոլեկտիվ աշխատանք է, անկասկած եւ բնականաբար շատ երջանիկ կլինեմ, եթե Յուրի Իգիթխանյանը, իմ շատ սիրելի Յուրան վերադառնա թատրոն: Միգուցե, դրա համար ինչ-որ ժամանակ է պետք, բոլորս էմոցիոնալ ենք, Յուրան` նույնպես,  բայց նա փայլուն դերասան է եւ հետաքրքիր կազմակերպիչ: Ի դեպ, երբ նշանակվեցի թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, պարոն Իգիթխանյանից հետո, այն մարդիկ, ովքեր գալիս էին եւ ասում, որ Յուրայի հետ ինչ-որ պայմանավորվածություններ ունենք, բոլորին ասում էի` հարգում եմ Յուրայի կարծիքը, եւ նրա խոսքն ինձ համար օրենք է: Այնպես որ, այն բոլոր ծրագրերը, որոնք նախատեսվել էին, կյանքի է կոչվել: Թատրոնը եւ կյանքը նույնպես մեկը մյուսից բխող իրադարձություններ են, բոլորս պարտավոր ենք այն զարգացնել եւ ավելի հետաքրքիր դարձնել: Չեմ ասում, թե այն, ինչ թատրոնում կար, նախկինում վատն էր, ամենեւին, ուղղակի բոլորս պարտավոր ենք զարգացնել եւ տանել այն գիծը, որը կար, եւ որն այս պահին թատրոնի համար շատ կարեւոր է եւ անփոխարինելի:

- Այդ գիծը Ալեքսանդր Գրիգորյանի թողած ո՞ճն է, որը պիտի շարունակեք:

- Ալեքսանդր Սամսոնիչն էլ ժամանակակից անձնավորություն էր, նույնիսկ փորձերի եւ վերաբեմադրությունների ժամանակ նա յուրովի էր թարմացնում ներկայացումը, ավելի նոր ոճով էր մոտենում: Այնպես որ կյանքը տեղում չի դոփում, առաջ ենք գնում եւ բնականաբար կարծում եմ` Ալ. Սամսոնիչը գոհ կլիներ այն իրադարձություններից, որոնք տեղի են ունենում ռուսական թատրոնում:

«ՌՈՒՍԱԿԱՆ ԹԱՏՐՈՆԸ ԻՄ ԿՅԱՆՔԻ ԷՋԵՐԻՑ ՄԵԿՆ Է»

- Վերջին 6 ամիսների ընթացքում, որպես տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, թատրոնը ներսից ճանաչեցիք արդեն, խնդիրներով հանդերձ, այսօր Ռուսական թատրոնում կարեւոր խնդիրները որո՞նք են:

- Նախ, չեմ կարող ասել, որ միայն այս 6 ամսվա ընթացքում ճանաչեցի Ռուսական թատոնը, որովհետեւ այն իմ մանկության թատրոնն է: Դեռ փոքր երեխա էի, մայրս աշխատում էր այդ թատրոնում, որպես գրական մասի վարիչ, եւ հիմա թատրոնում կան մարդիկ, որ ինձ հիշում են փոքր ժամանակ: Դրա համար, երեւի թե, Ռուսական թատրոնը իմ կյանքի էջերից մեկն է: Այո, խնդիրներ կան բոլոր տեղերում, եւ կարծում եմ, որ հիմա թատրոնի կարեւորագույն խնդիրներից մեկը, լուսային, ձայնային տեխնիկայի վերազինումն է, որի համար արդեն ինչ-որ քայլեր արվում են: Ավելին, արդեն թատրոնը նախաձեռնում է մեծացնել փոքր դահլիճը, եւ կարծում եմ` կհաջողվի:

Մենք քեզ կկարոտենք. Հենրիխ Մխիթարյանի գրառումը Քոբի Բրայանթի մահվան կապակցությամբ

- Արդեն հստակ պայմանավորվածությո՞ւն կա իրագործելու լուսային եւ ձայնային վերազինումը:

- Այո, արդեն թղթաբանության մեջ ենք այն կազմակերպությունների հետ, որոնք կաջակցեն մեզ: Այնպես որ, հույս ունեմ, որ աշնանը արդեն թատրոնը կլինի նոր լուսային եւ ձայնային տեխնիկայով:

«ԱՅԴ ՆՇԱՁՈՂԸ ՇԱՏ ԷՔՍՏՐԵՄԱԼ Է»

- Տիկին Մարիաննա, ի՞նչ նշաձող եք դրել Ձեր առջեւ, թատրոնը մինչեւ որտե՞ղ պիտի հասցնեք:

- Ամպերից վեր (ծիծաղում է,- Լ.Ե.), դե, եթե հաշվի առնենք, որ հուլիս ամսից նշանակվեցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, եւ հոկտեմբերից մինչեւ դեկտեմբեր բեմադրվեցին 5 առաջնախաղ, այդ նշաձողը շատ էքստրեմալ է, որովհետեւ թատրոնն անցյալ տարվա ընթացքում կորցրեց առաջատար դերասանների: Գիտեք, որ Ֆրեդ Դավթյանը դուրս եկավ թատրոնից, գուցե մի օր նա էլ կվերադառնա թատրոն... Իսկ հուլիս ամսին թատրոնի առաջատար դերասան Սերգեյ Մաղալյանը կյանքից հեռացավ, այնպես որ խաղացանկային ներկայացումներ շատ քիչ էին թատրոնում, եւ անհրաժեշտություն էր, որ այդ ներկայացումների տեղը լինեն նոր պրեմիերաներ, ինձ թվում է, որ թատրոնը կարողացավ այդ խնդրից դուրս գալ: Փետրվարի 27-ին եւ 28-ին մենք ունենք եւս մի պրեմիերա` «Քաջ նազարը», որը բեմադրում է թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանը:

- Կարո՞ղ ենք ասել, որ ռուսական թատրոնը «խլեց» դերասանուհի Մարիաննա Մխիթարյանին, թե դեռ շարունակում եք աշխատել Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում որպես դերասանուհի:

- Իհարկե, շարունակում եմ աշխատել Սունդուկյան թատրոնում, այն նույնպես ինձ համար հարազատ վայր է: Ի դեպ, որպես դերասանուհի վերջերս ստացա երկու առաջարկ` անկախ թատերական նախագծերում:

- Իսկ «Արմմոնոյում» գործերն ինչպե՞ս են ընթանում:

- Ապրիլի 29-ից մայիսի 3-ը կմեկնարկի արդեն 18-րդ «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնը, եւ բնականաբար կունենանք ե՛ւ միջազգային, ե՛ւ հայկական ծրագիր` հետաքրքիր ներկայացումներով:

Զրուցեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

Զրույցի տեսագրությունը դիտե՛ք տեսանյութում.

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА