ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Նախարարով եւ իր օյինբազություններով պետք է զբաղվեն իրավապահ մարմիները. Բժիշկ-ուռոլոգ Գեւորգ Գրիգորյան

15.01.2020 14:40 ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Նախարարով եւ իր օյինբազություններով պետք է զբաղվեն իրավապահ մարմիները. Բժիշկ-ուռոլոգ Գեւորգ Գրիգորյան

«Պատերազմական տարիներին,  անգամ  գնդակոծության ժամանակ,  ոչ մի ծննդատուն չփակվեց, բայց այսօր, պարզվում է, որ ԱՆ նախարարի թեթեւ ձեռքով փակվելու են Թալինի, Մարալիկի, Եղվարդի, Մասիսի, Վարդենիսի եւ եւս երեք ծննդատներ: Անունը մեկն է` բարեփոխումներ: Սակայն մասնագետները փաստում են, որ ծննդատների փակումն անձնական շահ է հետապնդում, ուրիշ ինչի համար են պատերազմող երկրում ծննդատներ փակում: Ծննդատների փակվելը շատ խնդիրներ կբերի, քանի որ շատ սահմանամերձ եւ պատերազմական գոտում գտնվող գյուղերում կանանց հիվանդանոց հասցնելը դժվար կլինի»,- մեզ հետ զրույցում ասաց բժշկուհի Նունե Ներսիսյանը:
Ի՞նչ է ստացվում, որ «նոր Հայաստանում» գործ ունենք ծննդատուն փակող, «Հայ եկեղեցու պատմությունը», «Ռազմագիտությունը» դպրոցներից, «Հայոց լեզուն» եւ «Գրականությունը» համալսարաններից հանող իշխանությունների հետ, որոնք հենց այնպես, ժողովրդին զբաղեցնելու համար խոսում են արդարությունից, տնտեսական հեղափոխությունից եւ աննախադեպ զարգացումից, բայց անում ճիշտ հակառակը:
Ինչեւէ, ի վերջո, որքանո՞վ է արդարացված Արսեն Թորոսյանի բարեփոխումների անվան տակ` ծննդատների համատարած փակման գործընթացը, արդյո՞ք առողջապահության նախարարը առանց կառավարության համապատասխան որոշման իրավունք ունի` նման որոշումներ կայացնելու: Արդեն տեւական ժամանակ է` փորձում ենք թվարկված եւ մի շարք այլ հարցերի պատասխանները պարզել նախարարի մամուլի խոսնակից, ում հետ կապվելը դարձել է ավելի դժվար, քան նախարարին տեսնելը: Խոսնակը պարզապես լրտեսական հնարքներով ընդհատակ է անցել:

Մանվել Գրիգորյանի վիճակը ծայրահեղ ծանր է

Չունենալով պաշտոնական պարզաբանում` վերոհիշյալ հարցերի պատասխանը փորձեցինք պարզել «Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիա, ՀԿ-ի ղեկավար, ուրոլոգ Գեւորգ Գրիգորյանից.
- Սկսենք նրանից, որ հերթական անգամ առողջապահության նախարարը գաղտնի հրամանով է դա արել: Այսինքն` նախարարը խախտել է «Իրավական ակտերի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասը, որտեղ նշվում է, որ իրավական ակտը գործողության մեջ է մտնում հրապարակման հաջորդ օրվանից: Իսկ իրենց կայքում այդ իրավական ակտը հրապարակված չէ, այնինչ, եթե իրենք ունեն պաշտոնական ակտ, պարտավոր են հրապարակել:
Շարունակենք նրանով, որ նախարարի ասած այդ բարեփոխումները շատ անհայտ նպատակ ունեն: Մասնավորապես նշվում է, որ ծննդկանը, որտեղ էլ որ դիմի, այդ գումարը իր հետեւից փոխանցվելու է: Բայց եթե այդ ծննդկանը, ասենք, գնում է հենց այն բաժանմունք, որը գտնվում է իրենց գյուղին մոտ եւ, որը որ նախարարը որոշել է, որ պետք է փակվի, այդտեղ գումար փոխանցելո՞ւ են, թե՞ ոչ: Ըստ նախարարի` ո՛չ, որովհետեւ իրենք ունեն գործիքակազմ, որ կարողանան մերժել այդ հիմնարկներին տրվող պետպատվերը: Այդ գործիքակազմը, այսպես ասած, լողացող գործիքակազմ է, եւ իրենք կարող են իրենց հայեցողությամբ մերժել կամ չմերժել: Սակայն դա Սահմանադրությամբ սահմանված մարդու իրավունքների ոտնահարում է, որովհետեւ Սահմանադրությամբ նշված է, որ յուրաքանչյուր ոք կարող է ընտրել իր բժշկին:
Առողջապահության նախարարը չի հասկանում, որ պատերազմող երկրում մենք պետք է ունենանք բազմաթիվ եւ տարբեր տրամաչափի հիվանդանոցներ: Սահմանից հեռու ծննդատան փակումն էլ կարող է ունենալ իր հետեւանքները, էլ չեմ ասում` սահմանամերձ գյուղերի կից ծննդատների մասին: Որ եթե, Աստված մի արասցե, պատերազմական վիճակում հայտնվենք, լուրջ խնդիր է առաջանալու` հղիների տեղափոխության հետ կապված:
Հաջորդ խնդիրն այն է, որ հայտնի չէ, թե ո՞ւր են գնալու այդ գումարները, ո՞ր ծննդատներ: Իրենք ուզում են օպտիմալացում անեն, սակայն, իմ կարծիքով, ընդամենը իրենց յուրային, կամ, ինչպես ես սիրում եմ ասել, նախարարի աջը պաչած բուժհիմնարկներին են այդ գումարները բաշխելու:
Ընդգծեմ, որ ծննդօգնության համար նախատեսվող պետպատվերը չի նախատեսում ծննդատան մակարդակ: Եթե կա ծննդօգնություն տրամադրող բաժանմունք, ապա իրենք պարտավոր են սպասարկել այդ բաժանմունքը: Բաժանմունքը լուծարվում է միայն կառավարության որոշմամբ, իսկ կառավարության որոշում չի եղել: Այսինքն, նախարարի այս քայլը ինքնիրավչություն է, իմ կարծիքով` պաշտոնական լիազորությունների չարաշահում: Այնպես որ, նախարարով եւ իր օյինբազություններով պետք է զբաղվեն իրավապահ մարմիները:

«Պարզապես հիվանդանոցն է կորցնելու լավագույն մասնագետի»


-  Պարոն Գրիգորյան, երեկ մամուլից տեղեկացանք, որ Ձեր ակտիվության պատճառով Ձեր եղբորը` «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի Ռադիոլոգիայի բաժանմունքի վարիչ Արման Գրիգորյանին ազատել են աշխատանքից: Որքանո՞վ են այդ տեղեկությունը իրականությանը համապատասխանում:
- Խնդիրն այն է, որ ես դեռեւս նախորդ տարվա օգոստոսին 30-ին գրել էի, որ երազ եմ տեսել, որ չեն կարողանում ինձ վրա որեւէ կեղտ բռնել եւ ուզում են եղբորս աշխատանքից ազատել: Այդ գրառումս մեծ աղմուկ բարձրացրեց, անգամ տնօրենը լրատվամիջոցներին ասաց, որ երազները իրականանալու սովորություն ունեն: Այսինքն, ես դեռեւս այն ժամանակ ունեի այդ տեղեկատվությունը: Ես եղբորս աշխատանքից ազատումը հետեւյալ կերպ կմեկնաբանեմ. քաղաքական իմպոտենցիան, որով որ տառապում է այսօրվա առողջապահության վերնախավը, դրդեց ինձ մանր, էժան վատություն անելուª եղբորս աշխատանքից ազատելով:
Ասեմ, որ իմ եղբոր աշխատանքի հարցը մոտակա օրերս լուծվելու է, պարզապես հիվանդանոցն է կորցնելու լավագույն մասնագետի:

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА