o C     25. 01. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Դժվար է ասել, որ Արցախում կլինեն արդար ընտրություններ.Արցախի նախագահի թեկնածու Ռուսլան Իսրայելյան

14.01.2020 11:00 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Դժվար է ասել, որ Արցախում կլինեն արդար ընտրություններ.Արցախի նախագահի թեկնածու Ռուսլան Իսրայելյան

2019 թվականին Արցախի խորհրդարանում ծավալած ազգանպաստ գործունեության, արցախցիների բարձրացրած խնդիրներին հնարավորության սահմաններում լավագույնս լուծում տալու համար, արցախցի մեր ընթերցողների կողմից խմբագրությանը ուղղված բազում շնորհակալական, երախտիքի նամակները հաշվի առնելով, 2019 թվականին Արցախում լավագույն օրենսդիր է ճանաչվում Արցախի խորհրդարանի Ֆինանսաբյուջետային եւ տնտեսական կառավարման հանձնաժողովի անդամ, անկախ պատգամավոր ՌՈՒՍԼԱՆ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ:
«Իրավունք» թերթի խմբագրությունում լավագույն պատգամավորի պատվոգիրը Ռուսլան Իսրայելյանին հանձնեց «Իրավունք» թերթի գլխավոր խմբագիր Հովհաննես Գալաջյանը: Այնուհետեւ պատգամավորը պատասխանեց մեր հարցերին:

Նիկոլ Փաշինյանին Կապանում դիմավորել են վարչապետի աթոռն ազատելու կոչերով (տեսանյութ)

- Պարոն Իսրայելյան, հայտնի է, որ այս տարին, ընտրություններով պայմանավորված, վճռորոշ է լինելու Արցախի համար: Ինչպե՞ս եք գնահատում Արցախում ներքաղաքական իրավիճակը ներկա պահին, եւ ի՞նչը Ձեզ, այսպես ասած, դրդեց առաջադրել Ձեր թեկնածությունը:
- Սկսեմ հարցի վերջից: Դեռեւս 2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո` այն թերությունները, որ ես նկատեցի, ինձ դրդեցին պատրաստվել եւ առաջադրվել 2020 թվականի ընտրություններին: Առաջադրմանս պատճառն այն է, որ այն երկիրը, որը ես եմ պատկերացնում, դեռ պետք է կառուցել: Իսկ մեր գործող իշխանությունները կառավարման համակարգում լուրջ բացթողումներ ունեն: Արցախում բացակայում է սոցիալական արդարությունը, ծաղկում է կոռուպցիոն համակարգը, որի ողնաշարը պետք է հնարավորինս արագ ջարդել: Որովհետեւ Արցախի նման երկիրը իրավունք չունի ունենալ նման կառավարման համակարգ:
- Գոնե այս պահին Արցախի նախագահի հայտնի թեկնածուներից ո՞ւմ եք համարում Ձեզ մրցակից, ուժեղ թեկնածու:
- Այս պահին դեռեւս վերջնականապես հայտնի չէ, թե ովքեր են մասնակցելու նախագահական ընտրություններին: Ունենք մեկ տասնյակին մոտ հայտ ներկայացրած թեկնածուներ, որոնց մեծամասնությանը ճանաչում եմ, բոլորի հետ աշխատել եմ: Որեւէ մեկի հետ չունեմ անձնական խնդիրներ, բոլոր թեկնածուները ունեն իրենց արժանիքներն ու թերությունները: Ներկա հավանական թեկնածուների մեջ շատ վաղ է խոսել ֆավորիտների մասին, որովհետեւ քարոզարշավը դեռեւս առջեւում է. չնայած որոշ թեկնածուներ արդեն մեկ տարի է քարոզարշավ են անում: Իմ կարծիքով, սակայն, դա լրիվ ֆալշ-ստարտ է, որովհետեւ քարոզարշավը դեռ առջեւում է:

«ՓԱՇԻՆՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱԿԻ «ՍՐՏԻ» ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՀԵՏ»

- Ակնհայտ է, որ ՀՀ իշխանությունները գոնե այս պահի դրությամբ խառնվում են արցախյան ներքաղաքական գործընթացներին: Որպես թեկնածու, ի՞նչպես եք գնահատում այս մոտեցումը:
- Ի սկզբանե ՀՀ իշխանությունները հայտարարել են, որ չեն խառնվելու Արցախի նախագահական ընտրություններին: Սակայն դա մնացել է զուտ հայտարարության տիրույթում, որովհետեւ, այո, ՀՀ իշխանությունները փորձում են այս կամ այն ձեւով ցույց տալ Արցախում իրենց նախըտրելի թեկնածուներին, ինչը ես սխալ եմ համարում: Իմ կարծիքով, ՀՀ իշխանությունները չպետք է Արցախում ի ցույց դնեն որեւէ թեկնածուի, որն իրենց համար նախընտրելի է: Դա կախված է նաեւ նրանից, որ Արցախի որոշ թեկնածուներ, ինչպես իշխանական, այնպես էլ` ընդդիմադիր, սատարում են փնտրում Երեւանի տարբեր բեւեռեներում: Ասեմ, որ ես այդ թեկնածուներից չեմ: Ես սատարում եմ փնտրում Արցախի ժողովրդի մոտ, եւ, ինչու չէ, ցանկանում եմ լինել ընդունելի թեկնածու հայ ազգի մեծամասնության համար: Որովհետեւ համարում եմ, որ Արցախը համահայկական օրակարգում իր ուրույն տեղն ունի, եւ պատահական չէ, որ ողջ հայությունը ուշադրության կենտրոնում է պահում արցախյան գալիք ընտրությունները: Բոլորին հետաքրքիր է, թե ինչ իշխանություն է ձեւավորվելու Արցախում, որովհետեւ դրանից կախված է լինելու նաեւ Արցախի հետագա ճակատագիրը:
- Իրատեսական համարո՞ւմ եք Արցախում ազատ, արդար, թափանցիկ եւ միջազգային չափանիշներին համապատասխան ընտրությունների անցկացումը: Նաեւ հաշվի առնելով, որ նախագահի հավանական թեկնածուներից մեկը հայտարարել էր, որ Արցախում արդեն սկսվել են «ձայներ գնելու» գործընթացը:
- Դեկտեմբերի 1-ին Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտում հանդիպել է Արցախի նախագահական ընտրությունների հավանական թեկնածուների մի մասի հետ: Ինձ համար այդպես էլ անհասկանալի մնաց այդ ֆորմատը` ինչու մի մասի հետ: Իմ կարծիքով` նա այդ օրը հանդիպել է Բակո Սահակյանի «սրտի» թեկնածուների հետ: Եվ դա հաշվի առնելով, դժվար է ասել, որ Արցախում կլինեն արդար ընտրություններ: Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր նստավայրում բարձր մակարդակով ընդունում է որոշ թեկնածուների, ինչն արդեն իսկ ջնջում է հավասարության նշանը, որը որ պետք է լինի բոլոր թեկնածուների նկատմամբ: Ամեն դեպքում, մենք ձգտելու ենք, որ ընտրություններն անցնեն արդար եւ թափանիցիկ, ինչը որ հարաբերական է: Քանի որ որոշ թեկնածուներ արդեն մեկ տարի առաջ, ինչպես նշեցի, տվել են ֆալշ-ստարտ եւ սկսել քարոզարշավ իրականացնել:

«ՍԱՀՄԱՆԻՑ ՆԵՐՍ ԽՐԱՄԱՏՆԵՐ ՓՈՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՊԱՐԶԱՊԵՍ ՉՈՒՆԵՆՔ»

Տասնյակ զոհեր Թուրքիայում (Ֆոտո, տեսանյութ)

- Պարոն Իսրայելյան, Պարգեւ Սրբազանը թեկնածուների հետ հանդիպմանը քաղաքական ուժերին եւ գործիչներին կոչ է արել` որոշակի պատասխանատվություն ստանձնել` հանրությանը չպառակտելու համար: Սրբազանը մասնավորապես նշել է, որ ինքն անձամբ թույլ չի տա «խրամատ փորել իր զավակների միջեւ»: Արդյո՞ք այդ պառակտումը այդչափ նկատելի է:
- Բարձր եմ գնահատում Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ Սրբազանի արված քայլը: Ես ինքս, ինչպես նշվեց, այդ խրամատները չեմ տեսնում, գուցե ես չեմ տեղեկացված: Իհարկե, չի կարելի թույլ տալ Արցախում «խրամատներ փորել», որովհետեւ մենք սահմանին ունենք խրամատներ: Նման միջոցառումը, կազմակերպված Արցախի թեմի առաջնորդի կողմից, համարում եմ ճիշտ, տեղին: Պարզապես կցանկանայի, որ մեր բոլորիս կողմից հարգարժան Սրբազանը միայն ընտրություններից ընտրություն չկազմակերպի նման միջոցառումներ, այլ` միշտ իր հայրական ձեռքը պահի Արցախի ժողովրդի գլխին:
- Պարոն Իսրայելյան, անդրադառնանք նաեւ արցախա-ադրբեջանական սահմանային իրավիճակին: Դուք` որպես պատերազմի բովով անցած արցախցի, ինչպե՞ս եք գնահատում իրավիճակն այս պահին: Որքանո՞վ են իրատեսական կանխատեսումներն առ այն, որ թշնամին պատրաստվում է լայնամաշտաբ ռազմական գործողությունների վերսկսման:
- Ըստ իս, թշնամին միշտ էլ պատրաստվել է լայնամասշտաբ ռազմական գործողությունների, սակայն ցանկությունը դեռ ոչինչ է: Որովհետեւ լայնամասշտաբ ռազմական գործողություններ սկսելու համար նախ պետք է, որ թշնամին ունենա համապատասխան պատրաստվածություն եւ հզորություն: Մեր բանակը բազմիցս ցույց է տվել, որ հայ զինվորի հետ կատակել պետք չէ: Մեր բանակը միշտ պատրաստ է ցանկացած մարտական գործողության եւ  հակառակորդին արժանի հարված հասցնելուն:

Պատգամավորի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել «Իրավունք TV» -ի եթերում: ինչպես նաեւ կարդալ «Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում:

Մանրամասները տեսանյութում


Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА