o C     30. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մարսելի մայր եկեղեցում Կոմիտասի 150-ամյակը տոնվեց մեծ համերգով (Տեսանյութ)

12.12.2019 10:20 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Մարսելի մայր եկեղեցում Կոմիտասի 150-ամյակը տոնվեց մեծ համերգով (Տեսանյութ)

Ինչպես աշխարհահռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանն է ասել. «Կոմիտասը միայնակ դրեց հայկական ավանդական դասական երաժշտության հիմքերը»: Ու, թերեւս, վերջին տարիներին այդ հիմքերը խարխլված են, բայց կան արվեստի նվիրյալներ, որոնք աշխարհի որ ծայրում էլ լինեն, սրբորեն պահպանում ու փոխանցում են սերունդներին Կոմիտասի թողած հարուստ ժառանգությունը: Դրա վառ օրինակն էր վերջերս Ֆրանսիայի հայաշատ Մարսել քաղաքի Սրբոց Թարգմանչաց մայր եկեղեցում կայացած  Մարսելի «Սահակ-Մեսրոպ» երգչախմբի անզուգական համերգային երեկոն` նվիրված Կոմիտասի 150-ամյակին:

 «Կարողացել եմ մեկիկ-մեկիկ բացահայտել «Ռանչպարների կանչի» պատմական աղբյուրները». Կարո Վարդանյայն

«ԱՄԵՆՈՒՐ ՀԻՇՈՒՄ ԵՆ ԿՈՄԻՏԱՍ ՎԱՐԴԱՊԵՏԻՆ»

«Իրավունքի» հետ զրույցում Մարսելի «Սահակ-Մեսրոպ» երգչախմբի գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր Խաչիկ Յիլմազյանն ասաց, որ իր պարտքն է համարել Կոմիտասին նվիրված երեկոն կազմակերպելը. «Հետեւում եմ հայկական` Սփյուռքից եւ Հայաստանից եկող շատ թերթերին եւ փառք նախախնամությանը, որ հայ ժողովուրդը ազնիվ եւ երախտագիտության մոտեցում ցույց տվեց մեր հայ երաժշտության, երաժշտական դպրոցի հիմնադիր եւ ռահվիրա Կոմիտաս վարդապետին: Ամենուրեք` փոքր եւ մեծ, կարեւոր եւ անկարեւոր միջոցառուներ են անցկացվում, սակայն կարեւորն այն է, որ ամեն տեղ հիշում են Կոմիտաս վարդապետի 150-ամյակը: Կոմիտասն իր ողջ կյանքը նվիրեց մաքրամաքուր հայ երգը որոնելուն,  հավաքագրելուն, հորինելուն, այն բազմաձայնության վերածելուն եւ համայն աշխարհին տարածելուն: Անշուշտ, իմ պարտքն էր, որպես «Սահակ-Մեսրոպ» երգչախմբի հիմնադիր եւ ղեկավար, անպայման կազմակերպել այս երեկույթը` ե՛ւ նվագարաններով, ե՛ւ արտասանություններով, ե՛ւ, իհարկե «Սահակ-Մեսրոպ» երգչախմբի արհեսատվարժ երաժիշտների, անմահ վարդապետի հորինած բոլոր գործերի կատարումներով»,- կարեւորեց Խ. Յիլմազյանն ու շտապեց տեղեկացնել, որ Կոմիտասի նախորդ հոբելյանների հանդեպ էլ անտարբեր չեն անցել. «Կոմիտասի ծննդյան 120-ամյակն էլ ենք տոնել, այդ ժամանակ հրավիրել էինք օպերային երգչուհի Հասմիկ Պապյանին եւ ֆրանսահայ ջութակահար Ժան Տեր-Մերկերյանին ու հրաշալի համերգ ունեցանք: Այլ առիթների դեպքում էլ մենք կրկին անդրադառնում ենք Կոմիտաս վարդապետի երաժշտական գործերին»:

«20 ՏԱՐԻ ՄԱՐՍԵԼՈՒՄ ԹԱՓՈՒՐ ԷՐ ՀԱՅ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԴԱՇՏԸ»

Անդրադառնալով իր ղեկավարած «Սահակ-Մեսրոպ» երգչախմբի 42-ամյա գործունեությանը` Խ. Յիլմազյանը շեշտեց` ամեն ինչ անում են, որ Մարսելը ապրի հայկական մշակույթով. «Կոմիտաս վարդապետի 5 սաներից հետո, 20 տարի Մարսելում հայկական երգչախումբ չի եղել ու թափուր է մնացել հայ երաժշտական դաշտը: Որից հետո մայր եկեղեցու հոգեւոր հովիվ Գարեգին արքեպիսկոպոս Բեկջյանի անուրանալի ջանքերով պաշտոնապես հրավեր ստացա, որպեսզի Գերմանիայից, որտեղ ուսանում էի, տեղափոխվեմ ու կրկին Մարսելում երգչախումբ հիմնենք: Ազնվորեն ասեմ` մենք անգամ միտք էլ չունեինք` երգչախումբ հիմնելու, բայց Գարեգին արքեպիսկոպոսը եղավ մեզ համոզողն ու այստեղ բերողը: Նա երգչախմբի անհրաժեշտությունը զգալով, հայերի տնետուն մտնելով` երգչախմբի անդամներ էր հավաքագրում, ես էլ իր հետ: Փառք Աստծո, 60-70 անդամ հավաքեցինք, եւ պիտի ասեմ, որ երախտապարտ եմ նրանց, որ այս 42 տարիների ընթացքում, խմբի անդամների թիվը ոչ թե պակասել է, այլ 50-ից ավելի է` այս պահին ունենք 54 անդամ»:

Զրուցակցի դիտարկմամբ` երգչախումբը ոչ միայն կարեւոր օրերին է մայր եկեղեցում բազմանդամ պատարագի ժամանակ երգում, այլ` տարբեր քաղաքներում ու երկրներում: Այդ թվում հասցրել են երկու անգամ Հայաստանում էլ հանդես գալ. «Իմ երազանքն էր, որ Հայստանում էլ մեծ համերգային ծրագրով հանդես գանք, եւ 2 անգամ երազանքս իրագործվեց»,- ասում է երգչախմբի ղեկավարն ու ընդգծում. «Եթե կրկին առաջարկ լինի Հայաստանից, ու միջոցներ գտնվեն, ապա կրկին կգանք մեծ համերգային ծրագրով: Բայց ինքս պլանավորել եմ մի քանի ամսից կրկին գալ Հայաստան»:

Իսկ Հայաստանի շունչը Մարսել բերելու համար Խաչիկ Յիլմազյանն ասում է, որ հաճախ է Հայաստանից արվեստագետների հրավիրում. «Լինելով «Սահակ-Մեսրոպ» մշակույթի կենտրոնի տնօրենը` առհասարակ հաճախ եմ հրավիրում Հայաստանից մշակույթի ամենատարբեր գործիչների, բազմաթիվ մշակութային նախաձեռնություններ ենք իրականացնում: Մեր միակ ու գլխավոր նպատակն է, որ հայկական մշակույթն այստեղ հարատեւ լինի, քանի որ դարեր շարունակ` 5-րդ դարից սկսած, թարգմանիչների,   Այբ-Բեն-Գիմ ստեղծողների, Կոմիտասի, Սայաթ-Նովայի եւ այլ երեւելիների մեզ հասած  ժառանգությունը մենք էլ պարտական ենք փոխանցելու նոր սերունդներին: Հավատացեք` իմ գլխավոր նպատակը դա է»:

Կայացած համերգից  հատվածները դիտե՛ք տեսանյութում:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Մարսել-Երեւան

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА