Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեականացնող օրինագիծը ընդունվեց
Արխիվ 16-20ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը: Նախագծով քրեական պատասխանատվություն է սահմանվում կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքի համար:
Նախագծին կողմ քվեարկեց 99 պատգամավոր, դեմ՝ 4-ը:
Օրենքի նախագիծը հեղինակել է ՀՀ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Նախագծով կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունք է կենդանու կյանքի ընդհատումը՝ խեղելու, կախելու, մասնատման, ուժեղ հարվածի, մտրակելու, ուժեղ հրազենի, թունավորման կամ այնպիսի նյութի ներարկման միջոցով, որը հանգեցնում է դաժան կամ ցավոտ մահվան, ողջ վիճակում կենդանու մաշկահանումը, անդամահատումը, ողջ վիճակում կենդանուն կրակի վրա նետելը, բարձրությունից կամ փոխադրամիջոցներից նետելը: Նախագծով պատիժ է սահմանվում նաև կենդանիների մարտերի կազմակերպման ու իրականացման, անտուն կենդանիների այնպիսի հավաքի համար, որը հանգեցնում է կենդանու խեղմանը կամ կյանքի ընդհատմանը, ինչպես նաև կենդանիների նկատմամբ սահմանված կարգի խախտմամբ գիտաուսումնական փորձարկումների իրականացումը և այլ դաժան վերաբերմունքը:
Նախագծով կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը պատժվում է տուգանքով նվազագույն աշխատավարձի 100-300-ապատիկի չափով կամ կալանքով՝ 1-3 տարի ժամկետով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 1 տարի ժամկետով:
Նույն արարքը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ և առանձին դաժանությամբ, մանկահասակի ներկայությամբ 2 և ավելի կենդանիների նկատմամբ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի 300-500-ապատկի չափով կամ ազատազրկմամբ՝ 1-3 տարի ժամկետով: