ՊԵՏՈՒԹՅԱՆ ԹՈՂՏՎՈՒԹՅԱՄԲ ՀՆԴԻԿՆԵՐՆ ԱԿՏԻՎՈՐԵՆ ԳՐԱՎՈՒՄ ԵՆ ՄԵՐ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՆ
Արխիվ 16-20Այն, որ վերջին տարիներին Հայաստանում հնդիկների թիվն աճում է երկրաչափական պրոգրեսիայով, հայտնի փաստ է: Միայն պաշտոնական տվյալներով` Հայաստան ժամանած հնդիկների թիվը 2016 թվականին կազմել է 4226, 2017-ին` 11589, 2018-ին՝ 28 659, եւ 2019 թվականի առաջին կիսամյակում Հայաստան ժամանել է Հնդկաստանի 15 հազար 442 քաղաքացի: Այսինքն, ոչ լրիվ տվյալներով, երեքուկես տարում մեր երկիր է եկել մոտ 50 000 հնդիկ: Սրանք դեռ Հնդկաստանի քաղաքացիներն են, իսկ տարաբնույթ բանգլադեշցիներն ու մյուսները, թերեւս, այս հաշվի մեջ չեն:
ԵՐԵՔՈՒԿԵՍ ՏԱՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆ Է ԵԿԵԼ 50 ՀԱԶԱՐ ՀՆԴԻԿ
Իսկ որքա՞նն է հեռացել: Եթե պաշտոնական աղբյուրները փորձում են Հայաստան եկող հնդիկների հիմնական մասին ներկայացնել որպես զբոսաշրջիկ, ովքեր գալիս, մի քանի օր մնում եւ հեռանում են, սակայն մասնավորապես մայրաքաղաքի փողոցների պատկերը միանգամայն այլ իրողությունների մասին է վկայում: Այսինքն, եթե երկու-երեք տարի առաջ հնդիկի կարող էիր հատուկենտ տեսնել միայն մայրաքաղաքի կոնկրետ հատվածներում, ապա ներկայումս նրանք ամենուր են: Կարճ ասած, որ եկածների առյուծի բաժինը տեղավորվել է մեր երկրում, հերքելն անիմաստ է: Ընդ որում, փաստ է նաեւ, որ նրանց առյուծի բաժինը մեր երկրում է մնում ոչ օրինական հիմունքներով: Այսպես, հունիսի կեսերին ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը նման տվյալներ ներկայացրեց. 2018–ին Հայաստանում կացության իրավունք է ստացել 1907 Հնդկաստանի քաղաքացի, այն դեպքում, երբ 2017–ին նրանց թիվը եղել է 938: Ընդ որում, անցած տարի կացության իրավունք ստացածներից 900-ն այն ձեռք են բերել աշխատանքի հիմքով: Իհարկե, խիստ մտահոգիչ է, որ կացության իրավունքով ապաստան ստացողների թիվը եւս աճում է երկրաչափական պրոգրեսիայով: Բայց նաեւ ֆիքսենք. վերջին երեքուկես տարում եկած եւ Հայաստանում ամենահամեստ հաշվարկներով մնացած մոտ 40 հազար հնդիկի 10 տոկոսն էլ չի օրինականացրել մնալու փաստը (իսկ ո՞վ է ստուգողը): Նաեւ նկատենք, որ նրանք բոլորն էլ, օրինական, թե՝ ոչ, սակայն ունեն սնվելու եւ այլ կարիքներ, այսինքն՝ մեծ մասամբ, օրինական, թե՝ ոչ, ինչ-որ աշխատանք գտնում են: Նաեւ ֆիքսենք հետեւյալը. որպես էժան աշխատուժ, նրանք մրցունակությամբ գերադասում են հայաստանյան աշխատուժին: Իսկ դա նշանակում է, որ մի կողմից՝ այս միգրանտների հաշվին առանց այդ էլ աշխատատեղերի լրջագույն խնդիր ունեցող Հայաստանն իր առնվազն 20-30 հազար քաղաքացու փոխարեն աշխատանք է տվել հնդիկներին, մյուս կողմից, որպես էժան աշխատուժ, նրանք էապես ազդել են նաեւ ՀՀ քաղաքացիներին առաջարկվող աշխատավարձային պայմանների վրա: Կարճ ասած, սեւագործ աշխատանքի կարիք ունեցող շատ գործատերեր սկսել են ավելի ու ավելի շատ նախապատվությունը տալ հնդիկներին:
ՍՐԱՑՈՂ ԽՆԴԻՐ
Ընդ որում, հնդիկներից շատերը չեն էլ թաքցնում, որ իրենց նպատակն այստեղ տեղավորվելն է: Տրանսպորտում մեզ հանդիպած հնդիկներից մեկը այսպես բացատրեց. «Գիտեք, առհասարակ, մենք աշխատանքի նպատակով հիմնականում մեկնում էինք արաբական երկրներ: Բայց վերջին տարիներին Պարսից ծոցի արաբական երկրները զգալի նվազեցրել են հնդիկներին տրամադրվող աշխատանքային թույլտվությունների թիվը: Եվ մենք որոշեցինք փորձել Հայաստանում աշխատանք գտնել, որովհետեւ մեզ ասել են, որ Հայաստանում շատ աշխատանքներ կան, որոնց վրա աշխատելու համար հայերը չեն գնա, բայց մեզ համար էլի աշխատանք է: Հայաստանում մեզ համար շատ հեշտ է աշխատանքի տեղավորվել»:
Թե հիմնականում ի՞նչ աշխատանքի են անցնում, մեր զրուցակիցը ասաց. «Շինարարության վրա բանվոր ենք աշխատում, գիշերները ծանր աշխատանքներ ենք անում, աղբահանության վրա ենք աշխատում, մի խոսքով, ամենատարբեր»:
Փիքսենք նաեւ, բանը հասել է նրան, որ պետությունը եւս, որպես գործատու, իր հերթին է սկսել նախապատվությունը տալ հնդիկներին: Այդ առումով պատահական չէր, որ օրերս Երեւանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը հայտարարեց. «Քաղաքապետարանը, առանց լուծարելու «Սանիթեքի» հետ պայմանագիրը` հանրային միջոցներից գումարներ է տրամադրում «Երեւանի աղբահանություն եւ սանիտարական մաքրում» հիմնարկին, որի աշխատողները հնդիկներ են»:
Տիկին Աղեկյանի պնդմամբ. «Հնդիկը պարտավորվածություն չունի իմ քաղաքը մաքրելու, նա չի սիրում իմ քաղաքը, նրան հարմար է այստեղ ապրելու, ապրում է: Հնդկաստանը կեղտոտ երկիր է, նրանք մեր երկիրը վերածում են Հնդկաստանի, մենք ունենք մարդկանց հոծ բանակ, որոնք աշխատանքից զրկվել են եւ խնդիր ունեն նոր աշխատանքի»:
Ստուգելու համար այդ հայտարարության իսկությունը, դիմեցինք Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության վարչության պետ ԻՈՍԻՖ ԿՈՒԲԱՏՅԱՆԻՆ, ով տեղեկացրեց.
- «Երեւանի աղբահանություն եւ սանիտարական մաքրում» հիմնարկում կա 630 հաստիք:
- Դրանցից քանիսն է աղբահանության ուղղությամբ:
- Մոտավորապես 200-ը, բայց այդ թիվը ամեն օր ավելանում է, դրա համար եմ ասում՝ մոտավորապես:
- Պարոն Կուբատյան, այդ 200 աշխատողից քանի՞սն են ՀՀ քաղաքացիներ եւ քանի՞սը՝ օտարերկրյա:
- Ինչպես նշեցի, այս պահին կոնկրետ աղբահանության վրա աշխատողները մոտ 200 -ն են, որոնցից մոտ 40-ը օտարերկրացի են:
- Կասե՞ք ինչ ազգության մասին է խոսքը, հնդիկները այդ 40-ի մեջ քանի՞սն են:
- Չեմ կարող ասել ազգությունները, դա մի քիչ խտրական մոտեցում կդիտվի:
- Լավ, բայց հնդիկներ կան, չէ՞:
- Այո, կան:
- Իսկ Հայաստանում նրանք աշխատանքի իրավունք ստացե՞լ են:
- Դե եթե աշխատում են, ուրեմն ստացել են, բնականաբար:
ՀՀ միգրացիոն ծառայության պետը պնդում է, որ Հայաստանում կան աշխատանքի հիմքով կացության իրավունք ստացածներ, այնպես որ, չբացառենք, որ քաղաքապետարանի կառույցում աշխատողները նման իրավունք ստացածներից են: Բայց ամենաէականը ոչ թե դա է, այլ հետեւյալ փաստը: Այն, որ զուգահեռաբար «Սանիթեքից» դուրս են մնում (կան կմնան) նույն աշխատանքը կատարողներից շատերը, ենթադրելի է: Այսինքն, պետական կառույցի թողտվությամբ մեր իսկ աշխատաշուկայում մեր իսկ աշխատողները տեղը զիջում են հնդիկներին: 200-ից 40-ը. դա արդեն 20 տոկոսն է, հսկայական մեծություն: Հիմա կասեն՝ թող մեր քաղաքացիները «Սանիթեքի» փոխարեն աշխատանքի անցնեն «Երեւանի աղբահանություն եւ սանիտարական մաքրում» հիմնարկում: Օրերս նույնիսկ քաղաքապետարանը նման առաջարկ արեց «Սանիթեքի» բողոքավոր աշխատակիցներին: Իսկ նրանք շատ պարզ պատասխան տվեցին. «Սանիթեքում» ավելի քիչ աշխատանքի համար շատ ավելի բարձր աշխատավարձ են ստանում: Իսկ դա նշանակում է, որ քաղաքապետարանի նշված կառույց տեղափոխվելով, նրանք պետք է բավարարվեն այն աշխատավարձով, որը ձեւավորվել է՝ հնդիկներին որպես էժան աշխատուժ ներգրավելու այս ընդհանրական գործընթացի արդյունքում: Այն դեպքում, երբ մայրաքաղաքի քաղաքապետարանի թիվ 1 գործառույթներից մեկը ոչ թե միգրանտ հնդիկներին, այլ սեփական բնակչությանը աշխատանքով ապահովելն է: Իսկ, ընդհանուր առմամբ, այն, որ սկսում է հենց այս աշխատանքի հողի վրա խորը հակասության հիմքեր դրվել մեր քաղաքացիների եւ ապօրինի միգրանտների մեջ, այդ թվում՝ պետության անմիջական մասնակցությամբ, եթե ժամանակին միայն ենթադրում էինք, ապա այսօր դա փաստ է: Ընդ որում, այդ իրավիճակը տարին տարվա վրա միայն սրվելու է: Ու թե ով եւ ինչի համար է այս կեղտոտ գործընթացը սարքել ու առաջ տանում, դա էլ կպարզվի:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ