Ի՞նչ հիմունքներով է «Շտապօգնության» բրիգադը քաղաքացուց պահանջել 25 հազար դրամ
Արխիվ 16-20««Շտապօգնություն»-ից ասացին` եթե գումարը չբերեք, դատի կտանք» վերտառությամբ հոդվածը մեծ արձագանք է գտել հանրության շրջանում:
Հիշեցնենք` «Իրավունք» թերթի խմբագրություն է դիմել քաղաքացի Լարիսա Արսենյանը, որն իր եղբոր ընտանիքի հետ վարձով բնակվում է Արտաշատում սոցիալապես ծանր վիճակում: Կնոջ խոսքով` հուլիսի 31-ի լույս օգոստոսի 1-ի գիշերը եղբոր առողջական վիճակը վատացել է: Զանգահարել են «Շտապօգնություն», որն էլ ԱԻՆ-ի աշխատակիցների հետ հիվանդին տեղափոխել են Արտաշատի բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժին: Այնտեղից էլ խորհուրդ են տվել Արսենյանին տեղափոխել Երեւանի Նորք Մարաշ սրտաբանական կենտրոն, քանի որ շտապ անհրաժեշտ է կատարել ստենդավորում: «Արտաշատից Երեւան բերելու համար «Շտապօգնության» Արտաշատի մասնաճյուղը, տիկին Լարիսայի խոսքով, պահանջել է 25.000 դրամ: «Այդ պահին մեր ունեցածը 10.000 դրամ էր, դա ենք վճարել: 15.000 էլ խոստացանք մեկ շաբաթվա ընթացքում տալ, սակայն այնպես եղավ, որ այդ գումարը հայթայթել չկարողացանք: Մեկ շաբաթվա ընթացքում անընդհատ զանգել են մեզ, ասում են` բերեք այդ գումարը, թե չէ դատի կտանք, այլեւս չենք սպասարկի ձեր հիվանդին»,- մանրամասնեց նա:
Երեկ փորձեցինք պարզաբանում ստանալ նաեւ «Շտապօգնություն» ՓԲԸ-ից: Փոխտնօրեն Նունե Ժամկոչյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Արսեն Արսենյան ազգանունով քաղաքացու իրենք չեն տեղափոխել: «Գուցե «Շտապօգնության» Արտաշատի մասնաճյո՞ւղն է տարել: Դիմեք նրանց»,- հորդորեց տիկին Ժամկոչյանը: Այդպես էլ արեցինք: Սակայն հստակ պատասխան չլսեցինք: Մասնաճյուղի բաժնի վարիչ Վահե Չիբանյանը խնդրեց հրապարակել հիվանդին տեղափոխողի անուն-ազգանունը: «Ե՞ս եմ տարել հիվանդին: Անուն-ազգանունով ասեք` ով է տարել, որ իմանամ` ինչ անել: Կամ ասեք հիվանդին, թող մեզ հետ կապ հաստատի, որ այդ հարցը իր հետ լուծենք: Կոնկրետ դեպքերի համար ենք գումար վերցնում, կասսա մուծում»,- ասաց բաժնի վարիչը:
Այսօր «Իրավունք»-ի խմբագրություն էր զանգահարել «Շտապօգնության» Արտաշատի մասնաճյուղի բաժնի վարիչ Վահե Չիբանյանը, ով հերքեց Լարիսա Արսենյանի տեղեկությունները: «Մենք Լարիսա Արսենյանի եղբորը Երեւան չենք տեղափոխել: Բերել ենք Արտաշատի հիվանդանոց: Որքանով հասկացա, Երեւանից է բրիգադ եկել Արտաշատ ու հիվանդին տարել Երեւան: Եթե Երեւանից մեքենա է գալիս, նրանք նախօրոք գին են ասում` 30-35000 դրամ փող են ուզում: Հնարավոր է դա մասնավոր բրիգադ լինի, պատկանի հիվանդանոցներից մեկին»,- ասաց Վահե Չիբանյանը:
«Իրավունք»-ը կփորձի պարզել` ի վերջո, ում է պատկանել այդ բրիգադը եւ գնացուցակը ինչ չափորոշիչներով է սահմանվել:
Սոնա Դավթյան