«Հայ ժողովրդի ոգին այսօր ավելի ալեկոծ է, քան Այվազովսկու 9-րդ ալիքը». Սիմֆերոպոլի օդանավականը վերանվանվեց Այվազովսկու անունով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Արխիվ 16-20Այսօր Սիմֆերոպոլի օդանավակայանը, համաձայն Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ.Վ. Պուտինի հրամանի, պաշտոնապես վերանվանվեց Իվան Կոնստանտինովիչ Այվազովսկու անունով: Այդ առթիվ օդանավակայանի տերմինալում կայացել է հանդիսավոր արարողություն, որին ներկա են եղել Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը եւ Ղազախստանի Հանրապետության առաջին ներկայացուցիչները, ինչպես նաեւ մեծ հայ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու ծոռի թոռնուհին՝ Ամանդա Ռոջերսը, որն այս առթիվ հատուկ Ղրիմ է ժամանել Ավստրալիայից:
Ղրիմի հայ համայնքի «Ծիրանի Կորիզ» ստեղծագործական միությունը օդանավակայանի տերմինալում նախաձեռնել է զանգվածային ֆլեշ-մոբ: Նախաձեռնությանը սատարել է Ղրիմի Ներքին քաղաքականության, տեղեկատվության եւ հաղորդակցության նախարարությունը՝ ի դեմս Սերգեյ Զիրյանովի: Միջոցառման ընթացքում տեղի է ունեցել միասնական պար, որը կատարվել է հանուն աշխարհում ամենահայտնի հայերից մեկի՝ Այվազովսկու:
Ֆլեշ-մոբին մասնակից է եղել 120 մարդ՝ տարբեր տարիքի եւ ազգությունների՝ բուլղարացիներ, հրեաներ, ռուսներ, հայեր, ընդ որում՝ թե՛ մեծահասակներ եւ թե՛ երեխաներ, որոնք յուրահատուկ կոլորիտ են հաղորդել միջոցառմանը:
Ղրիմի օդանավակայանը հայ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու անվամբ անվանակոչելու առթիվ ղրիմյան միջոցառմանը զուգահեռ, որպես շնորհակալական ֆլեշ-մոբ, միջոցառում է տեղի ունեցել նաեւ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահում: «Կարին» ավանդական երգի-պարի խմբի
հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը, ում անմիջական մասնակցությամբ տեղի ունեցավ հայկական պարային ֆլեշ-մոբը, ասաց. «Հայ ժողովրդի ոգին այսօր ավելի ալեկոծ է, քան Այվազովսկու 9-րդ ալիքը: Մենք այսօր ուրախ ենք եւ ուզում ենք շնորհակալություն հայտնել Ղրիմի իշխանություններին, Սիմֆերոպոլի օդանավակայանը Այվազովսկու անունով անվանակոչելու համար: Այվազովսկին ոչ միայն աշխարհի ամենահզոր ծովանկարիչն է, այլ նաեւ հայ քաղաքացի, ինչպես իր եղբայրն էր՝ արքեպիսկոպոս Գաբրիել Այվազյանը»:
Հայաստանյան միջոցառումն իրականացել է Հայաստանում ռուսական բուհերի ուսանողների ասոցիացիայի պատասխանատու Տիգրան Մալխասյանի ու «Ծիրանի կորիզ» կազմակերպության ներկայացուցիչ, ղրիմաբնակ ասմունքող` Հռիփսիմե Սարգսյանի ջանքերով:
Հեռուստակամուրջի օգնությամբ մշակութային միջոցառումները կայացել են միաժամանակ, որն իրականություն է դարձել «Ծիրանի կորիզ» կազմակերպության, Ղրիմի պետական կառույցների եւ հայկական համայնքի աջակցությամբ։
Մանրամասները դիտե՛ք տեսանյութում.
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ