«Այս ահավոր որոշումը, համաշխարհային երաժշտական հասարակության առաջ, Հայաստանին խայտառակ արեց». Ռուզան Սարյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Արխիվ 16-20Արդեն տեղեկացրել ենք, որ երեկ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի դահլիճում տեղի ունեցավ մշակութային հավաք ի պաշտպանություն թատրոնի տնօրեն եւ գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանի, ում նախօրեին տնօրենի պաշտոնից ազատման հրաման էր արձակել Մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանը: Այդ հավաքի ընթացքում որոշում կայացվեց երկուշաբթի օրը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի աշխատակիցները ՀՀ կառավարության մոտ բողոքի ակցիա իրականցնեն, որի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին կդիմեն խնդրանք-նամակով. նախ չեղյալ համարել օպերային թատրոնի տնօրեն Կ. Օրբելյանին աշխատանքից ազատելու վերաբերյալ ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի հրամանը, եւ երկրորդ՝ աշխատանքից ազատել ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանին՝ մշակույթի եւ նրա գործիչների նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու, օրենքին հակասող հանձնարարականներ ու հրամաններ տալու համար:
Մշակութային հավաքի ժամանակ ներկա էր մտավորական ողջ սերուցքը, որոնք հանդես եկան ելույթներով: Կ. Օրբելյանին եւ օպերային թատրոնի աշխատակիցներին իր զորակցությունն էր եկել հայտնելու նաեւ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի տնօրեն Ռուզան Սարյանը: Ըստ նրա այսպես չի կարելի վերաբերվել ստեղծագործողների հետ, ապա հավելեց. «Այս ահավոր որոշումը համաշխարհային երաժշտական հասարակության առաջ Հայաստանին խայտառակ արեց: Եթե այդ որոշումը չեղյալ չհամարվի ես կհամարեմ, որ մենք շատ վատ տեսքով ենք ներկայանում աշխարհին»:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Առավել մանրամասն դիտե՛ք տեսանյութում.