Ապարանցի երիտասարդը կառավարության դիմաց անժամկետ հացադուլ է հայտարարել
Արխիվ 16-20Ապարանցի երիտասարդ ՌՈԼԱՆԴ ԽՈՍՏԻԿՅԱՆՆ այսօր կառավարության դիմաց հայտարարեց, որ անժամկետ հացադուլ է անելու եւ հացադուլը կդադարեցնի միայն այն ժամանակ, երբ ազատ արձակվեն կալանավորները, որոնք անհիմն դատապարտվել են մի քանի տարվա ազատազրկման.«Բոլոր այն կալանավորները, որոնք արժանի են համաներման` ստանան համաներում: Օրինակ պետք է ազատ արձակվեն Արման եւ Վաղարշակ Խոստիկյանները, որոնք առանց ապացույցների եւ անհիմն դատապարտվել են 11 եւ 12 տարի ազատազրկման: Նրանք դատապարտվել են միայն այն բանի համար, որ տարիներ առաջ գնել են գողացված ապրանք»,-«Իրավունքի» հետ զրույցում նշեց Ռ. Խոստիկյանը:
Նրա խոսքով` հանդիպում է պահանջել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, դրա համար նամակ է գրել, սակայն որեւէ արձագանք չի եղել: Ասում է, որ իր միակ ցանկությունն այն է, որ կառավարությունն իրականացնի «թավշյա» եւ արդար հետաքննություն այս գործում:
Մեր զրուցակիցը հացադուլ է սկսել երեկվանից եւ չի դադարեցնի այնքան ժամանակ մինչեւ վարչապետն իրեն չընդունի եւ չլսի իր բողոքը: Ավելին` քայլեր ձեռնարկի գործն արդար քննության առնելու համար:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ