Արտակարգ իրավիճակ` Արթիկում. Քաղաքային դեղատուն փողոցը հեղեղվել է
Արխիվ 16-20ԱԻ նախարարությունն այսօր տեղկացրել է, որ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում սելավատարերի խցանման հետևանքով ջրալցվում են քաղաքի գլխավոր փողոցները: «Իրավունք»-ը Արթիկի բնակիչներից մեկից տեղեկացավ, որ երեկվանից Արթիկում հորդառատ անձրեւ է գալիս, հետեւաբար տեղի ունեցածն այնքան էլ անսպասելի չէ, չնայած նման ծավալով հեղեղ քաղաքում առաջին անգամ են տեսնում:Ականատեսի խոսքով` ջրալցվել է Արթիկ քաղաքի այսպես կոչված Քաղաքային դեղատուն փողոցը, մանկապարտեզը, որի մասին նաեւ նախարարությունն է իրազեկել:
Նախարարությունը նաեւ տեղեկացրել է, որ ջրալցված հատվածներում ջրի մակարդակը հասնում է մոտ 40 սմ-ի: Ջրալցվել է նաև Արթիկի թիվ 2 մանկապարտեզը, որտեղից փրկարարները դուրս են բերել 70 երեխա և 23 աշխատակից:
Ղարիբջանյան փողոցում վնասվել է կամուրջի հիմքը, Ազատության փողոցի թիվ 25 տունը մասնակի փլուզվել է, որոշ անասնագոմերում սատկել են անասուններ:
Ի դեպ, Արթիկում արդեն լուրեր են շրջանառվում քաղաքապետարանի անգործության մասին: Ինչո՞ւ քաղաքապետարանը կանխարգելիչ գործողություններ չի արել, չի մաքրել սելավատարերը չի մաքրել նման իրավիճակից դուրս գալու համար: Թե որքանով են լուրերն իրական, պարզ կդառնա արտակարգ իրավիճակից դուրս գալուց հետո: Բայց փաստ է, որ նախընտրական շրջանում Արթիկի քաղաքապետի համար տեղի ունեցածը քարոզչության առումով այնքան էլ դրական չլինի:
Սոնա Դավթյան