Երկար ընդմիջումից հետո բեմ կբարձրանա Շոպենիանա բալետը (Տեսանյութ)
Արխիվ 16-20Նոյեմբերի 23-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա «Շոպենիանա» բալետային ներկայացման առաջնախաղը: Այսօր արդեն ընթանում է ներկայացման գլխավոր փորձը:
ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, բալետային խմբի ղեկավար ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ խոսքով`բալետային ներկայացումը որեւէ փոփոխության չի ենթարկվել, քանի որ այն դասական ստեղծագործություն է եւ կարիք չկա փոփոխությունների: Այդուհանդերձ Ա. Գրիգորյանը չի ժխտում, որ մինչեւ հանդիսատեսի դատին հանձնելը, ներկայացման վրա մեծ աշխատանքներ են կատարել. «Խորհրդային Միության տարիներին չկար այդպիսի թատրոն, որը չունենար «Շոպենիանա» ներկայացումը, սա դասական բալետի գոհարներից է: Բալետի համար պետք է ինչ-որ բան անեինք, այդ պատճառով էլ այս պահին ընտրեցինք փոքր աշխատանք, դեռ փոքր աշխատանքներից ենք սկսել, բայց շուտով, հուսով եմ ավելի հզոր ներկայացումներ կներկայացնենք, որոնք պարտադիր են ակադեմիական թատրոնի խաղացանկում»,-նշեց Արմեն Գրիգորյանը:
«Շոպենիանան» Ֆրեդերիկ Շոպենի երաժշտության հիման վրա ստեղծված բալետային սուիտ է: Այն չունի կոնկրետ զարգացող սյուժե: «Շոպենիանայի» առաջին տարբերակը, որը 1906 թվականին է ստեղծել է բալետմայստեր Մ. Ֆոկինը, որեւէ ընդհանրություն չունի այժմյան «Շոպենիանայի» հետ: Այժմյան բեմադրությունը ստեղծվել է 1908-1909 թվականներին: Այստեղ Ֆոկինը, հրաժարվելով իր նախնական գաղափարից` մեկուսական, սյուժետային պարեր բեմադրել Շոպենի պիեսների համար, ստեղծեց ոճաբանական իմաստով ամբողջական խեոգրաֆիկ կոմպոզիցիա: «Շոպենիանայի» նշանակությունը համաշխարհային բալետային արվեստի պատմության մեջ շատ մեծ է: Այն հնարավորություն տվեց բալետմայստերներին օգտագործել բալետային ներկայացումներ կլասիկ երաժշտական ստեղծագործություններ, որոնք նախորոշված չէին արտահայտվելու պարի միջոցով:
Գլխավոր փորձից փոքր հատված տեսանյութում
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ