«Երբեք էլ չի ծնվի երկրորդ Դմիտրի Խվորոստովսկի ո՛չ մարդ, ո՛չ երգիչ»
Արխիվ 16-20Այսօր առավոտյան Լոնդոնի իր բնակարանում մահացել է ռուսական եւ բրիտանական օպերայի աստղերից ԴՄԻՏՐԻ ԽՎՈՐՈՍՏՈՎՍԿԻՆ, որը վերջին տարիներին տառապում էր գլխուղեղի քաղցկեղից:
Ընկերոջ կորստին անդրադառնալով` ՀՀ վաստակավոր արտիստ, թավջութակահար ՆԱՐԵԿ ՀԱԽՆԱԶԱՐՅԱՆԸ գրել է. «Կյանքն ինչքան անարդար բան է… Դժվար է, ցավեցնելու չափ դժվար… Մեզնից հեռացավ հիանալի մարդ, անհավանական ներուժով անհատականություն, հավատարիմ ընկեր, հիասքանչ ամուսին, սիրող հայր, տաղանդավոր երգիչ… Դժվար է հավատալ…Չեմ ուզում հավատալ… Սիրելի Դիմա, ինչպե՞ս է հնարավոր այսպես…Թվում է` հենց երեկ էր, երբ մենք կիսվում էինք իրար հետ անեկդոտներով, հումորներով եւ ծիծաղում էինք: Մենք բոլորս քո բացակայությունն ահավոր կզգանք: Անփոխարինելի մարդիկ կան, եւ դու նրանցից մեկն ես: Երբեք էլ չի ծնվի երկրորդ Դմիտրի Խվորոստովսկի ո՛չ մարդ, ո՛չ երգիչ: Դուք միշտ եղել եք արեւը, որն իր լույսն է սփռել իր շուրջը: Այդպիսին էլ դու միշտ կմնաս մեր սրտերում:
Հանգչիր խաղաղությամբ, իմ ընկեր…»:
Ի դեպ, լեգենդար գերաստղը պարբերաբար այցելում էր Հայաստան եւ իր վերջին այցերից մեկի ժամանակ ասել էր. «Ես Հայաստանը շատ սիրեցի, շատ հայ ընկերներ ունեմ ողջ աշխարհում, եւ ձեր հողը ինձ համար սուրբ է»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ