Մենք բոլորս ինչ-որ չափով պարալիմպիկ ենք․ Վիտալի Յարոշի անկեղծ խոստովանությունը
Մշակութային«Արմմոնո» 24-րդ միջազգային թատերական փառատոնի շրջանակում ներկայացվեց պարալիմպիկ լողորդի պատմությունը, որն առաջին դեմքից պատմեց Սանկտ Պետերբուրգից ժամանած դերասան ՎԻՏԱԼԻ ՅԱՐՈՇԸ՝ իր կերտած կերպարի՝ Պաշա Կոնդրատեւի անունից:
«Պարալիմպիկ» ներկայացումն (hեղինակ, բեմադրիչ՝ Ռոման Գաբրիա) ունի երկու հարթություն՝ բնակարանի կենցաղային աշխարհ, որտեղ գտնվում է Պավելը, եւ երեւակայության զարմանալի աշխարհ, որը նա ինքն է ստեղծում ՝ զրկված բնականոն շարժվելու հնարավորությունից:
Այս երկու աշխարհներից որն է առավել մոտ իրականությանը, եւ որտեղ են երկու զուգահեռ պատմությունները հանկարծ միահյուսվում մեկը մյուսի մեջ՝ որոշում է հանդիսատեսը, քանի որ միայնության եւ երեւակայության միջեւ չկան սահմաններ։ Միանշանակ միայն է մեկ բան՝ սա ինքդ քեզ հաղթելու պատմություն է, ինչի մասին էլ «Իրավունք»-ը զրուցեց ռուս դերասանի հետ:
— Վիտալի, կարելի՞ է ասել, որ այս ներկայացումն ուղերձ է պարալիմպիկներին, թե ինչպես չկոտրվել եւ գնալ առաջ:
— Մեր ներկայացումը միայն պարալիմպիկների մասին չէ՝ որպես մարզիկների։ Այն շատ ավելի լայն է։ Առաջին հերթին դա պատմություն է մարդու, մեզնից յուրաքանչյուրի մասին։ Ներկայացման մեջ կա լողուղու կերպար։ Մեզ համար դա կյանքի մետաֆորա է։ Ջուրը դիմադրությունն է, որի հետ մենք բախվում ենք ամեն օր։ Մենք լողում ենք, հաղթահարում, հոգնում, բայց շարունակում ենք շարժվել։ Այդ պատճառով ես հաճախ ասում եմ՝ մենք բոլորս ինչ-որ չափով պարալիմպիկներ ենք։ Ամեն օր մենք պայքարում ենք՝ հանգամանքների, զգացմունքների դեմ՝ սիրո եւ ինքներս մեզ լինելու իրավունքի համար։ Սա պատմություն է ոչ թե սպորտի, այլ մարդու ներքին ուժի մասին։
— Ինչպե՞ս ծնվեց «Պարալիմպիկ» ներկայացումը։
— Սա շատ կենդանի, գրեթե պատահական պատմություն է։ Բայց, ինչպես հաճախ լինում է թատրոնում, հենց այդպիսի պատմություններն են ամենաճշգրիտը լինում։ Մեր պրոդյուսեր Ալեքսանդրա Տարաբիկինան, որը նաեւ իմ կինն է, մի անգամ ընթրիքի ժամանակ սկսեց պատմել իր հոր՝ Ալեքսանդր Տարաբիկինի մասին։ Նա պարալիմպիկ շարժման զարգացման կարեւոր գործիչներից է, կապված է Ռուսաստանի պարալիմպիկ կոմիտեի հետ։ Այդ պահին մենք հենց նյութ էինք փնտրում ներկայացման համար։ Փորձում էինք ամեն ինչ՝ Դոստոեւսկուց մինչեւ Կաֆկա, բայց չէինք կարողանում գտնել այն, ինչը իսկապես արձագանք կտար մեզ։ Եվ հանկարծ մեր ռեժիսոր Ռոման Գաբրիան ընդհատեց զրույցը եւ ասաց. «Կանգ առեք։ Ես անուն եմ գտել՝ «Պարալիմպիկ»։ Դրանով էլ ամեն ինչ սկսվեց։ Ուղիղ ընթրիքի սեղանի շուրջ ծնվեց գաղափարը, որը հետո դարձավ ներկայացում։
— Ստացվում է՝ սա շատ անձնակա՞ն պատմություն է։
— Այո, լիովին։ Այս ներկայացման մեջ շատ անձնական, մարդկային բան կա։ Եվ, հավանաբար, հենց դրա համար էլ այն այդքան արձագանք է գտնում հանդիսատեսի մոտ։
— Ի՞նչ եք ցանկանում, որ հանդիսատեսն իր հետ տանի ներկայացումից հետո։
— Հավանաբար՝ ուժի զգացում։ Ըմբռնում, որ նույնիսկ դիմադրության միջով կարելի է շարունակել առաջ շարժվել։ Եվ գուցե մի փոքր ավելի հավատ սեփական ուժերի նկատմամբ։ Որովհետեւ մեզանից յուրաքանչյուրն անցնում է իր ուղին եւ կարեւոր է կանգ չառնել:
— Որպես դերասան, ի՞նչ փորձ եք ձեռք բերում «Արմմոնո» փառատոնին մասնակցելով։
— Սա մեզ համար շատ կարեւոր փորձ է։ Մեր թատրոնը շատ երիտասարդ է՝ ընդամենը երեք տարեկան։ Եվ սա արդեն մեր պատմության երրորդ փառատոնն է։ Մենք այստեղ եկել ենք մեծ հետաքրքրությամբ՝ ծանոթանալու այլ խմբերի հետ, տեսնելու տարբեր թատերական լեզուներ, փորձի փոխանակում կատարելու։ Այստեղ հավաքվել են շատ ուժեղ, տաղանդավոր մասնակիցներ։
Ցավոք, չենք կարողանա դիտել բոլոր ներկայացումները՝ մեր ժամանակացույցը շատ հագեցած է, եւ մենք հեռանում ենք արդեն ցուցադրութան հաջորդ օրը։ Բայց, օրինակ, շատ կցանկանայինք ներկա գտնվել «Կարմիր ջահ» թատրոնի ներկայացմանը՝ դրա մասին շատ ենք լսել։
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ