Արցախի այայի՝ Մադլեն Ասրյանի համար օրը հոբելյանական է
Մշակութային
Օրը հոբելյանական է ՀՀ վաստակավոր արտիստ, երգչուհի ՄԱԴԼԵՆ ԱՍՐՅԱՆԻ համար. նա դարձավ 70 տարեկան։ Անցած տարիների ընթացքում նա իր արվեստով ոչ միայն նվաճել է լայն լսարանի սիրտը, այլեւ մեծ ավանդ է ունեցել ազգային երգի պահպանման, զարգացման եւ արցախյան կոլորիտը սերունդներին փոխանցելու գործում:
Մադլեն Ասրյանը ոչ մի դեպքում չհամալրեց անտարբեր կամ կրավորական վարքագիծ դրսեւորող մշակութային գործիչների շարքերը: Արցախի կորստի հետ երբեք չհամակերպված երգչուհին դարձել է համահավաք արցախցի այայի ճիչը՝ մշտապես իր համարձակ քաղաքացիական դիրքորոշումներն ու տեսակետներն արտահայտելով:
Նրա կատարումները միշտ աչքի են ընկել ոչ միայն գեղեցիկ ու հայեցի մատուցմամբ, այլ նաեւ անկրկնելի զգացմունքայնությամբ, որոնք ներթափանցում են ոչ միայն ունկնդիրների ներաշխարհը, այլեւ կարեւոր դաս տալիս՝ խորհելու, սթափվելու, ոտքի կանգնելու… Մադլեն Ասրյանի «Կանգ առեք, հայե՛ր» երգը համայն հայությանն ուղղված կարեւոր կոչ է, «Կամանդոս»-ը՝ հարգանքի տուրք ՀՀ ազգային հերոսին, իսկ «Հադրութ», «Ասկերան», «Արցախին», «Ղարաբաղի հորովել», «Իմ Շուշի» երգերում այնքան սեր ու ջերմություն կա, որ ունկնդրելիս մտովի հասնում ես Սուրբ Ղազանչեցոց եկեղեցի ու Ամարաս, Գանձասար ու Դադիվանք, կարոտդ առնում «Դեդո-բաբո» հուշարձանից, շնչում Ջդրդուզի մաքուր օդը, հովանում «Հովանոց» ջրվեժի մոտ, երազանք պահում Տնջրի հսկայակական ծառին փարված, զգում ժինգյալով հացի բույրը:
Երգչուհու արվեստի արժեքն անգնահատելի է, իսկ իր ճանապարհը՝ օրինակ թե՛ երիտասարդ արվեստագետների, թե՛ երաժշտասերների համար։
Այսօր էլ 70-ամյա երգչուհին իր արվեստով ոգեշնչում է մեզ բոլորիս՝ սիրել մեր մշակույթը, պահպանել այն եւ Արցախ վերադարձը դարձնել ոչ միայն երազանք, այլեւ գերագույն նպատակ:
«Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժումը շնորհավորում է Մադլեն Ասրյանին՝ հոբելյանի կապակցությամբ։ Ցանկանում, որ միշտ նույնքան անկոտրուն լինի՝ Հայրենիքը մոր պես գրկել ու պաշտպանելու հարցում: նրա արվեստը շարունակվի նոր լիցքերով, ունենա բազում նվաճումներ:
