«ՈՒՆԵՆՔ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԵՎ ՇԵՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԽՆԴԻՐՆԵՐ». ԱՎԱՆԴԱԿԱՆ ՈՒՇՈՒ - ՍԱՆԴԱՅԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ԱՆԴԱՄ, ԵՎՐԱՍԻԱՅԻ ԳԱՎԱԹԱԿԻՐ ԷՐԻԿ ՎԻՐԱԲՅԱՆ
Սպորտ
Iravunk. com -ի մարզական թղթակիցը բացառիկ զրույց է ունեցել Հայաստանի ավանդական ուշու - սանդայի երիտասարդական հավաքականի անդամ, Եվրասիայի գավաթակիր, ծնունդով Թալին համայնքի Արագածավան գյուղից ԷՐԻԿ ՎԻՐԱԲՅԱՆԻ հետ։
- Ողջույն, Էրիկ ։Անցած տարին կարող ես հաջող համարել քեզ համար։
- Իհարկե, հոկտեմբերին մասնակցեցի Վրաստանում կայացած ավանդական ուշու - սանդայի Եվրասիայի գավաթի խաղարկությանը ու դարձա գավաթակիր։ Հանդես եկա 60 կգ քաշային կարգում։ Մեկ պրոֆեսիոնալ մենամարտ ունեցա վրացի մրցակցիս հետ, ոտքի հարվածով տեխնիկական նոկաուտի ենթարկեցի ու այդպես հաղթեցի։Շատ լավ, անմոռանալի զգացողություններ առաջացան ինձ մոտ այդ պահին, երբ մրցակիցս գետնին էր, և մրցավարը ասաց վերջ, մենամարտը դադարեցրեց, բոլորը ծափահարում էին, և ես ինձ շատ լավ էի զգում այդ պահին։ Այս մրցաշարին մասնակցում էին ուժեղագույն մարզիկներ Ղազախստանից, Իրանից, Վրաստանից ու մեր երկրից։
- Գաղտնիք չէ որ գյուղական բնակավայրերում մարզադպրոցները գտնվում են բավականին անմխիթար վիճակում։ Շատ հետաքրքիր է, թե ինչպիսի պայմաններում ես պարապում քո ծննդավայր Արագածավան գյուղում, ինչ խնդիրներ կան։
֊ Ունենք մարզական գույքի խնդիր, ինչպես նաև շենքային պայմանների հետ կապված խնդիրներ։ Հուսով եմ, կստանան իրենց արժանի լուծումը։
- Էրիկ, գյուղում արդյոք հետաքրքրվում են այս մարզաձևով պատանիները, երիտասարդները։
- Այո, շատ են հետաքրքրվում, միայն մեր մարզադահլիճում պարապում են շուրջ 40 մարզիկներ։Իմ անձնական մարզիչը Արմեն Մկրտչյանն է։ Չնայած մեր մարզադահլիճում առկա խնդիրներին, բոլորս շատ մեծ հաճույքով ենք պարապում, որպեսզի հասնենք մեծ հաջողությունների։ Մենք գիտակցում ենք այն կարևոր հանգամանքը, որ, ցավոք, ապրում ենք թշնամի երկրներով շրջապատված, պատերազմական երկրում ենք ու պիտի միշտ պարապենք, լինենք ֆիզիկապես ուժեղ, կոփված, որպեսզի կարողանանք հաղթահարել ամեն մի դժվարություն ու փորձություն։ Ոչ ոք չգիտի, թե վաղը ինչ կլինի։ Նշեմ, որ օրերս մասնակցել եմ Հայաստանի առաջնությանը և հաղթել։ Այս հաղթանակը ինձ շանս տվեց մասնակցելու Եվրոպայի առաջնությանը, որը կկայանա մայիսի 5-ին, Հունաստանում։
- Հետաքրքիր է, թե ինչ է իրենից ներկայացնում ավանդական ուշու - սանդան։
- Այն չինական մարզաձև է, որն ապահովում է մարդու ֆիզիկական և մտավոր զարգացումը։ Սպորտային ուշուն կազմված է երկու մրցաձևերից. թաոլու և սանդա։ Թաոլուն ելույթներ է, որի ընթացքում մարզիկները ցուցադրում են մարտարվեստի շարժումներ ու հնարքներ և, ըստ որոշակի կանոնների ստանում միավորներ։ Սանդան 2 մարզիկների միջև ազատ մենամարտ է, որի ժամանակ կիրառվում են ձեռքերի ու ոտքերի հարվածներ, ինչպես նաև գցումներ։ Հայաստանում այս մարզաձևը բավականին զարգացած է, չնայած որ այն համարվում է ոչ օլիմպիական մարզաձև։
- Շնորհակալություն, Էրիկ, մեզ ժամանակ տրամադրելու համար։
- Ես էլ շատ զգացված եմ, անխափան գործունեություն Ձեր թերթին։
Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ


