«ԶԻՆԱԿԻՑ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ ԳՐԱՎԵԼ Է ՉՈՐՍ ԴԻՐՔ, ԸՆԿՆԵԼՈՎ ՇՐՋԱՓԱԿՄԱՆ ՄԵՋ, ՄԻ ՔԱՆԻ ԺԱՄ ԲԱՑ ՄԱՐՏ Է ՎԱՐԵԼ ՈՍՈԽԻ ԴԵՄ ՈՒ ԶՈՀՎԵԼ ՔԱՋԱԲԱՐ». ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020 թվականի Արցախյան 44-օրյա ահաբեկչական պատերազմի ժամանակ ցավոք կորցրեցինք հազարավոր լուսավոր երիտասարդների, նրանց երազանքները, նպատակները մնացին անկատար։ Նրանք ամենաթանկը, իրենց ջահել կյանքը զոհաբերեցին հանուն մեզ բոլորիս։ Այդ լուսավոր երիտասարդներից մեկն էլ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՔԱՋԻԿԻ ԳԱՍՊԱՐՅԱՆՆ էր, մարտի 20-ը, նրա ծննդյան օրն էր, կդառնար 23 տարեկան։ Անմահ հերոսի շիրիմին այցելեցին հարազատներ, համագյուղացիներ, ընկերներ, ծաղիկներ խոնարհեցին ու խնկարկեցին։
Հերոսի ընկերը ՍԱՄՎԵԼ ՂԱԶԱՐՅԱՆԸ, Iravunk. com -ի Շիրակի մարզի թղթակցի հետ զրույցում նշեց.
«Հովհաննեսը վարսահարդարի մասնագիտությունն էր ընտրել։ Նա միակ նպատակը ծառայությունից հետո հարազատ օջախ վերադառնալն ու ուսումը շարունակելն էր։ Հովհաննեսը ծնվել է 2002 թվականի մարտի 20֊ին, Շիրակի մարզի Արթիկի շրջանի Հոռոմ գյուղում։ Սովորել է գյուղի միջնակարգ դպրոցում։ Նա շատ ընկերասեր էր, ամեն պարագայում միշտ հասնող էր բոլորին։ Նա դպրոցն ավարտելուց հետո, 2017֊ին ընդունվեց Գյումրիի թիվ 1 Արհեստագործական ուսումնարան։ 2 տարի սովորելուց հետո, չարաբաստիկ 2020 թվականի օգոստոսի 9֊ին զորակոչվել է Հայոց բանակ, ծառայության անցել Արցախի Մարտունի 3 զորամասում։ Մենք ամբողջ օրը միասին էինք, դասերից հետո ընկերներով զրուցում էինք, միասին սարեր էլ կշրջեինք, հիմա առանց իրեն օրս օր չի»։ Հովհաննեսը 14 օր շարունակ եղել է Ասկերանի շրջանում, իսկ սեպտեմբերի 3֊ին տեղափոխվել է Մարտունի 3։ Պատերազմի ժամանակ խմբով դիվերսիոն ներթափանցման արդյունքում գրավել են կարևոր ռազմավարական նշանակություն ունեցող 4֊ից ավելի դիրքեր։ Հոկտեմբերի 11֊ին շարժվել են Հադրութ, մարտական առաջադրանք կատարելու։ Հովհաննեսն ու ծառայակից ընկերները ընկել են շրջափակման մեջ, մի քանի ժամ բաց մարտեր վարել։ Վիրավոր լինելով շարունակել է մարտնչել, չխնայելով կյանքը հանուն հայրենիքի, ընդ որում լինելով նորակոչիկ։ Հետմահու պարգևատրվել է «Սուրբ Վարդան» մեդալով։
Հերոսի մայրը, տիկին ԱՐԱՔՍՅԱՆ խորը ցավը սրտում, Iravunk. com - ի հետ զրույցում նշեց.
«Որդիս որոշել էր ծառայությունը ավարտել ու տուն վերադառնալ, ուսումը շարունակել։ Սկզբից ոսկերիչ էր ուզում դառնալ։ Երբ վերջին անգամ խոսեցի իր հետ, միշտ կրկնում էր միայն աղոթեք մամ ջան» ։ Անմահ հերոսի ծննդավայր Հոռոմ գյուղում 2023֊ին բացվել է ցայտաղբյուր, որը կհիշեցնի ու կպատմի գալիք սերունդներին Հովհաննեսի ապրած կարճ, սակայն անձնվեր կյանքի մասին, որ նվիրեց հայրենիքին։
ՇՆՈՐՀԱՎՈՐ ԵՐԿՆԱՅԻՆ ԾՆՈՒՆԴԴ, ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ։ՔՈ ՍԽՐԱՆՔՆ ԱՆՄԱՀ Է, ՔՈ ԱՆՈՒՆԸ ՄԵՐ ՍՐՏԵՐՈՒՄ...
Պատրատեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ




