Մոսկվան սպասում է Փաշինյանին եւ Ալիևին
Հասարակություն
Ռուսաստանն ակնկալում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցեն մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք միջոցառումներին, ճեպազրույցում ասաց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նրա խոսքով, ընթանում են լայնածավալ նախապատրաստական աշխատանքներ։
«Մենք միայն ողջունում ենք դա, սպասում ենք և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի ղեկավարությանը։ Մենք միշտ ուրախ ենք տեսնել այն երկրների ղեկավարներին, ովքեր հրավերներ են ստացել և հաստատել իրենց մասնակցությունը, ասել է Զախարովան։ -Բոլոր ոլորտներում լայնածավալ նախապատրաստական աշխատանքներ ենք իրականացնում։ Մենք մեր ողջ պետությունը կներգրավենք այս կարևորագույն և համախմբող տարեթվի արժանի տոնակատարության մեջ»։
Զախարովան նշել է, որ Ռուսաստանը հիշում է Խորհրդային Միության ժողովուրդներից յուրաքանչյուրի ներդրումը, նրանց նշանակալի դերը գերմանական նացիզմի և ճապոնական միլիտարիզմի դեմ ընդհանուր հաղթանակում։
«Ինչ վերաբերում է Ադրբեջանին և Հայաստանին, ապա Ադրբեջանի և Հայաստանի ժողովուրդների հարյուր հազարավոր ներկայացուցիչներ հերոսաբար և լայնամասշտաբ մասնակցել են Հայրենական մեծ պատերազմի բոլոր նշանակալի գործողություններին, և նրանց մոտ կեսը չի վերադարձել ռազմաճակատից»։