«Փաստ». Հերթական փորձանքը կառավարության կողմից
Միջազգային
«Փաստ» օրաթերթը գրում է. «Երեկ լրացավ մի օրենսդրական նախաձեռնության հանրային քննարկման ժամկետը, որը կառավարությունը ցանկանում է փաթաթել հանրության գլխին: Փորձագիտական շրջանակներն ու շատ գործարարներ այս նախաձեռնությունն արդեն գնահատել են որպես հերթական փորձանք: Խոսքը «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի մասին է, որը, ի մասնավորի, ԱԺ պատգամավոր Էլինար Վարդանյանի գնահատմամբ, բերելու է զանգվածային սնանկությունների, բիզնեսի համատարած փակման, բիզնես միջավայրի այլանդակման և տասնյակ հազարավոր քաղաքացիների կյանքի վատթարացման։
Բանն այն է, որ օրենքի նախագծով նախատեսվում է, որ եթե քաղաքացու կամ տնտեսվարողի նկատմամբ վարչական ակտ կայացվի, ապա դրա վիճարկումը չի կասեցնելու տուգանքի վճարումը: Շատ գործարարներ նշում են, որ վարչական դատավարության կարգով քննվող գործերի տևողությունը երկու ատյաններում միջինը տևում է երկու տարուց ավելի, հետևաբար սխալ որոշումների դեպքում քաղաքացին կամ բիզնեսը անարդար ձևով այդքան ժամանակ զրկվելու է տուգանքի չափսով իր միջոցները տնօրինելու հնարավորությունից: