Քաղաքական դեգրադացիա
Ներքաղաքական
Iravunk.com կայքի անցկացրած վերջին սոցիոլոգիական հարցման արդյունքները, որոնք վերաբերում են ներքաղաքական ընթացիկ իրավիճակին, մի շարք մտորումների տեղիք են տալիս։
Հարցման համաձայն, եթե այս կիրակի անցկացվեին արտահերթ ընտրություններ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կհավաքեր 12 տոկոս ձայն, Նիկոլ Փաշինյանը՝ 0 տոկոս, իսկ 88 տոկոսը կողմ կլինեին «պոլի փայտին»։
Զավեշը զավեշտ, բայց սա, անշուշտ, խոսում է մի շարք կարեւորագույն խնդիրների մասին, որոնք առկա են Հայաստանի քաղաքական կյանքում:
Առաջին հերթին, այս հարցման արդյունքները վկայում են ՀՀ քաղաքական դաշտի դեգրադացիայի մասին: Հասարակությունը կորցրել է իր վստահությունը քաղաքական գործիչների նկատմամբ: Սա ցույց է տալիս, որ քաղաքական որոշումներն այլեւս չեն մղում մարդկանց դեպի արժեքներ, գաղափարներ եւ քաղաքական միտք: Իսկ առաջիկա ընտրություններին հասարակությունը իսկապես կանգնած է քաղաքական ճգնաժամի եւ անկումային իրավիճակի առաջ։
Երկրորդ, 0 տոկոսը նշանակում է Նիկոլ Փաշինյանի եւ իշխող թիմի քաղաքական մայրամուտ, այդ թվում՝ նրանց բոլոր ծրագրերի մոտալուտ տապալում: Սա խոսում է այն մասին, որ նույնիսկ վարչական ռեսուրսներով այլեւս հնարավոր չէ թաքցնել, որ օրվա իշխանությունը կորցրել է լեգիտիմությունը, եթե այն ընդհանրապես ունեցել է: Իսկ վարչական ռեսուրսը դուրս է եկել վերահսկողությունից:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
