Մասկը բացահայտել է պատմության ամենամեծ խարդախությունը. նպաստ ստացող ամերիկացիներն ավելի շատ են, քան երկրի բնակչությունը
Միջազգային
ԱՄՆ կառավարության արդյունավետության նոր դեպարտամենտի (DOGE) ղեկավար, ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը X սոցիալական ցանցի իր էջում հայտարարել է պատմության «ամենամեծ խարդախության» մասին՝ մեկնաբանելով այն տեղեկությունը, որ սոցիալական նպաստ ստացող ողջ ամերիկացիների թիվը գերազանցում է երկրի բնակչության թիվը։
Այսպես է միլիարդատերը պատասխանել X սոցիալական ցանցի օգտատերերից մեկի գրառմանը, ով ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ սոցիալական նպաստ ստացող ամերիկացիների պաշտոնական թիվը (394 միլիոն) զգալիորեն գերազանցում է ԱՄՆ-ի բնակչությանը (334 միլիոն մարդ):
«Այո, կան շատ ավելի «որակավորող» Սոցիալական ապահովության համարներ, քան ԱՄՆ քաղաքացիները: Սա կարող է լինել պատմության ամենամեծ խարդախությունը»,- գրել է Մասկը։
Ավելի վաղ Մասկը հրապարակել էր աղյուսակ՝ սոցիալական նպաստ ստացող ներկայումս ապրող ամերիկացիների տարիքային տվյալներով։ Ըստ աղյուսակի՝ ԱՄՆ-ում նպաստ ստացողների թվում կան ոչ միայն 120-249 տարեկան մի քանի միլիոն ապրող ամերիկացիներ, այլև 360-369 տարեկան տարիքային խմբի մեկ անձ:
