Աբխազիայում տեղի կունենա նախագահական ընտրությունների երկրորդ փուլ
Միջազգային
«Տարօրինակ» է, բայց երեկ Աբխազիայում տեղի ունեցած նախագահական ընտրությունների հետ կապված դեռ հստակ պատկեր չկա: Ավելին, գիշերվա դրությամբ այնտեղի ԿԸՀ-ն հայտնում էր, որ դեռ որեւէ տարածքից տվյալ չի ստացվել:
Այս պահին առկա տվյալներով, թեկնածուներից ոչ մեկը չի հաղթահարել 50 տոկոսի շեմը, եւ կլինի երկրորդ փուլ:
Տվյալները հակասական են. որոշ աղբյուրներ հայտնում են, որ ՌԴ-ի աջակցությունն ունեցող եւ առավելագույն թվով ձայներ հավաքած Բադրա Գյունբան ստացել է 41, այլ տվյալներով` 47 տոկոսից ավել ձայն: Ընդդիմադիր համարվող, սակայն ափստացի ընտրական համակարգը վերահսկող Ադգուր Արձինբան ստացել է 31 տոկոս: Հենց նրանք էլ կմրցեն երկրորդ փուլում:
Գյունբայի հիմնական գաղափարը Ռուսաստանի հետ բարիդրացիական հարաբերություններն են: Այն հիմքով, որ առանց ՌԴ-ի մշտական օգնության այդ կիսաճանաչված հանրապետությունը գոյատեւման որեւէ շանս չի ունենա:
Նրա հակառակորդը՝ Արձինբան, համարվում է թուրքամետ թեկնածու, և կան մտավախություններ, որ նա հույսը դնում է «փողոցային աջակցության» վրա։ Ավելին, փորձն արդեն կա. 2024 թվականի նոյեմբերին Սուխումի «աբխազական մայդանի» արդյունքում նախկին նախագահ Ասլան Բժանիան հրաժարական տվեց՝ թույլ չտալով վավերացնել Ռուսաստանի հետ ներդրումային համաձայնագիրը։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն առաջին փուլի նախնական արդյունքները կհրապարակի այսօր՝ փետրվարի 16-ին, կեսօրին մոտ։