Իվետա Մուկուչյանի նոր տեսահոլովակը՝ այլասերվածությո՞ւն է, թե՞ արվեստ. ռեժիսորը սահմաններ չի դնում
Մշակութային
Վերջերս հանրության դատին հանձնվեց մի տեսահոլովակ, որտեղ հայկական շոու-բիզնեսի վառ աստղերից Իվետա Մուկուչյանը երգում է «Սիրում եմ»: Անշուշտ, լավ է, որ Իվետան սիրում է, սակայն «Իրավունք»-ի աչքից չէր կարող վրիպել չափից դուրս ազատ եւ համարձակ տեսահոլովակը, որտեղ դերասաններն ու պարողները հիմնականում կերպարանավորվել էին տրանսգենդերների, համասեռամոլների, իսկ մի համարձակ աղջիկ լպստում էր անհասկանալի խողովակ, որտեղ կար թաքցված օղի: Այս ամենի վերաբերյալ «Իրավունք»-ը զրուցեց տեսահոլովակի ռեժիսոր ԱԼԲԵՐՏ ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ՝ հետաքրքրվելով, թե ի՞նչն է եղել նրա ոգեշնչման աղբյուրը, ինչպե՞ս է ծնվել նման գաղափար տրանսգենդերներ տեսահոլովակում ներկայացնելու եւ, վերջապես, այս տեմպերով ու՞ր ենք գնում:
— Տեսահոլովակում ներկայացված են մարդիկ, ովքեր ներկայացնում են համասեռամոլների, տրանսգենդերների: Սա մտածվա՞ծ եք արել:
— Հատուկ, մտածված ոչինչ չեմ արել եւ չեմ օգտագործել իրենց՝ իրենց սեռական պատկանելիության համար: Պարզապես, կերպարային առումով նրանք ինձ համար եղել են հետաքրքիր ու համապատասխան տվյալ իրավիճակին, ես նկարել եմ: Դա է պատճառը, որ գուցե ոչ տրադիցիոն, գենդերային կերպարներ եմ ներառել, բայց, որպես այդպիսին, դիտավորություն չի եղել, առավել եւս, դա գովազդելու կամ փառաբանելու նպատակով: Ես, պարզապես, արվեստի մեջ փորձում եմ սահմաններ չդնել:
— Իսկ Դուք գուցե ոգեշնչվել եք Գասպար Նոեի «Էքստազ» ֆիլմի՞ց եւ տվյալ ֆիլմի պարային տեսարանի՞ց:
— Տարիներ առաջ տեսել եմ այդ ֆիլմը, սակայն ավելի շատ ինձ ոգեշնչել է «Բաբելոն» ֆիլմը, որը բավականին թարմ ֆիլմ է: Փորձել եմ դրանից ոգեշնչվել: Չգիտեմ, բաց կարծում եմ՝ ոգեշնչվել ինչ-որ արվեստի մի գործից, դա վատ չէ:
— Այնուամենայնիվ, տեսահոլովակի ավարտը փոքր-ինչ նման էր «Էքստազ»-ի ավարտին:
— Եթե նկատել եք, գռեհկության չի տանում այդ ամենը եւ չափավոր է այնտեղ ներկայացված ամեն ինչ: Չնայած, որ ես ունեի բոլոր հնարավորությունները մերկ տեսարաններ ստանալու, բայց ես ճիշտ համարեցի, որ պետք է դա լինի չափավոր մասսայական տեսարաններ, եւ չտանեմ գռեհկության, այլ ավելի էսթետիկ տեսարաններ ստանամ: Կարծում եմ՝ ստացվել է:
— Իսկ Ձեզ չվախեցրե՞ց այն միտքը, որ հայ հասարակությունը կարող է չընկալել այս համասեռամոլների տեսարանները:
— Ինչպես տեսել եք նախորդ տեսահոլովակը ՝ Իվետա Մուկուչյանի «Սիրտ»-ը, եթե դա չի վախեցրել մեր հասարակությանը, ապա սա էլ չէր վախեցնի: Այս կյանքի խենթության մեջ ապրելը, նույն ակումբներում տրանսգենդերների հետ պարելը, կամ համասեռամոլների հետ նույն սեղանի շուրջ նստելը եթե Դուք համարում եք վատ, ապա այս հասարակությունը այդ ամենն ընդունել է եւ ոչ մի բողոք չունի դրա դեմ: Ամեն դեպքում, ես չեմ տեսել որեւիցե բողոք, որը արտահայտվել եւ տեսանելի է դարձել: Այսինքն՝ ինձ հաստատ չեն վախեցրել այդ տեսարանները:
— Իսկ եթե լինի սուր քննադատություն, պատրա՞ստ եք այն ընդունելու:
— Արդեն կա կրիտիկա, որը ես Յութուբում եմ հանդիպել՝ շատերը չեն սիրել այս երգը: Շատերը ասում են, որ սա անիմաստ երգ է, ու այլ բան էին սպասում: Այդքանով է եղել կրիտիկան, բայց ասեմ, որ ժամանակը ցույց է տվել, որ մեծամանության կարծիքը սխալմունք է: Չեմ ասում, որ ես հանճար եմ ու ինչ-որ շեդեվր եմ ստեղծել, բայց եթե լինի քննադատություն, ապա պատրաստ եմ այն լսել: Արվեստի մեջ գտնվող մարդը պետք է պատրաստ լինի ցանկացած հարվածի՝ ե՛ւ հասարակության, ե՛ւ կոլեգաների, ե՛ւ պատվիրատուի կողմից: Այսինքն՝ այդ առումով, իհարկե, պատրաստ եմ ե՛ւ լսել, ե՛ւ ընդունել, եթե այն հիմնավորված լինի: Ես պատրաստ եմ դիալոգի մեջ մտնել, քննարկել: Սակայն, այստեղ ես չեմ տեսնում սուր դրսեւորումներ տրանսգենդերների, որոնք շարժառիթ կհանդիսանան քննադատության, որովհետեւ ամեն բան չափավոր է: Ես այլ առաջարկներ էլ եմ ունեցել, որ տրանսգենդերների ներգրավեմ, ես այդ ամենը շատ արագ դադարեցրել եմ, քանի որ ես իմ տեսլականն ունեմ այս ամենի նկատմամաբ, եւ ինձ համար կետրոնում պետք է լիներ Իվետան, եւ կարծում եմ՝ դա ստացվել է: Ինձ մոտ առաջին պլանում միշտ պրոֆեսիոնալներն են՝ պարողներ, դերասաններ, ստեղծագործողներ:
— Պատվիրատուն գո՞հ էր տեսահոլովակից:
— Կարծում եմ՝ այո: Ստացվել է այն տրամադրությունը, որին ձգտել ենք հասնել: Մենք ապրում ենք այնպիսի շրջանում, որտեղ ամեն ինչ թույլատրելի է: Եվ այն, ինչ 90-ականներին կար՝ կոնսերվատիվ վիճակներ, ես վաղուց դա չեմ նկատում: Ես ինքս էլ եմ որոշակի հարցերում կոնսերվատոր: Ինձ էլ շատ բաներ դուր չեն գալիս, եւ չեմ ցանկանա, որ մեր երեխաները սխալ ճանապարհով գնան, կամ մտածեն, որ դա ճիշտ է, բայց հավատացեք՝ ինչ մենք նկարել ենք, դա չարյաց փոքրագույնն է, եւ ինձ համար ավելի նախընտրելի է նման տեսահոլովակ, նման երգով, քան ռաբիս երգ:
— Դուք օրինակ բերեցիք «Սիրտ»-ը: Այդ տեսահոլովակը ինչի՞ մասին էր:
— «Սիրտ»-ը` սեքսի պատմություն է: Ասեմ, որ ցանկացած արվեստ, որին մենք հոտնկայս ծափահարում ենք՝ դա լինի Միքելանջելո եւ այլն, ովքեր Վերածննդի դարաշրջանում են ապրել, իրենց ամբողջ արվեստը հիմնվել է մերկ նկարների վրա: Նույնիսկ երբ նայում ենք քրիստոնեական թեմաներով նկարներ՝ Կարավաջոյի կողմից նկարված, ապա կտեսնեք, որ մարդու մարմինը մերկ է, եւ դա ժամանակին համարվել է նորմալ: Այս տեսահոլովակը գուցե ինչ-որ արվեստի ներկայացուցիչների համար, ովքեր նոր են մտնում կյանք, ընկալեն՝ որպես ուղեցույց: Ես այդ հոլովակով փորձել եմ ստանալ ազատություն, դուրս գալ մեր ստանդարտներից, փոփ-վիդեոարտադրությունից, որն անդադար նույն լույսերով, նույն գույներով, նույն պարողներով է ներկայացվում:
— Նմանատիպ տեսահոլովակներ էլի ունե՞ք նկարած:
— Չէ, նախկինում նման բան չեմ նկարել: Մնացած իմ գործերը փոքր գործեր են, ավելի արվեստային են: Ես արվեստին նվիրյալ մարդ եմ, ով տարիներ շարունակ էստրադայից, շոու-բիզնեսից եւ փոփ-աստղերից հեռու է մնացել: Գիտեք, ես կարծում եմ, որ տաղանդավոր մարդուն պետք է նկարել, անկախ նրանից` նա հոմոսեքսուալ է, թե՝ ոչ: Եթե նա հանճարեղ պարում է, ապա ես ո՞վ եմ, որ նրան չնկարեմ՝ միայն իր հայացքների համար:
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

