Գյումրին չի հավատում Վարդանիկի «արցունքներին»
Վերլուծություն
Հայրաքաղաքում դե ֆակտո մեկնարկել է ՏԻՄ արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավը: Այլեւս հայտնի է, թե ովքեր են լինելու առաջադրված գործող անձինք, եւ ում հետեւում որ քաղաքական ուժն է կանգնած: Ընդ որում՝ արդեն իսկ կարելի է ենթադրել, թե ՔՊ-ից հիասթափված գյումրեցիներին ինչպես է այս անգամ փորձելու խաբել իշխանությունը:
Գյումրիում անցկացված փրայմերիզը՝ ՔՊ-ի մեջ ներքին ընտրությունը, ցույց տվեց, որ նիկոլականները չունեն անհրաժեշտ ձայներ՝ մեծամասնություն կազմելու համար: Ստիպված նախկին ԼՀԿ-ական Սարիկ Մինասյանին դրեցին քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար, հետո էլ դարձրին ՔՊ-ական ու իրենց թեկնածու: Ընդհանրապես, Շիրակի մարզում անգամ ախուրյանցի Անոն, որը «ՆիԳո՛լ, ՆիԳո՛լ» գոռացող նիկոլապաշտների հավաքական կերպարն է, այսօր արդեն հայտարարում է. «Փոշմանել եմ, մեշոկով փող էլ տան, ես Փաշինյանին էլ չեմ ընտրի»: Հետեւապես, Նիկոլ Փաշինյանին չի մնում ոչինչ, քան գործարկել Գյումրիում Երեւանի ՏԻՄ ընտրությունների սցենարը: Այսինքն՝ առաջ մղել մի այլ քաղաքական ուժի, իսկ ընտրություններից հետո՝ կոալիցիա կազմել նրա հետ: Իսկ ո՞վ կարող է դառնալ Գյումրիում իշխանության հետ պոտենցիալ կոալիցիա կազմող ուժը, ինչպես եղավ Արամ Զավենիչի «Հանրապետություն» կուսակցության դեպքում Երեւանում:
Որքան էլ Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը երդում-պատարագ է ուտում, թե՝ բացառված է, որ միանա ՔՊ-ին, բայց, այնուհանդերձ, ամենահարմարը, ով հնարավոր է միանա նիկոլականներին, շարունակում է մնալ հենց նա: Բանն այն է, որ գյումրեցիները լավ գիտեն իրենց Վարդանիկին, ով կարող էր խմել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կենացը, իսկ հետո ճվալ՝ «Մերժիր Սերժին», այնուհետեւ Փաշինյան Նիկոլի հասցեին ասել՝ «մեր հարգարժան վարչապետ», ապա դառնալ՝ իբր հականիկոլական: Իսկ թե ինչպես է Վարդան Ղուկասյանը վաղը դուրս գալու իր արտահայտությունների տակից, սցենարը պարզից էլ պարզ է:
Ամենատարածված վարկածն այն է, որ ընտրությունների արդյունքում Վարդան Ղուկասյանը կհաղթահարի շեմը եւ կունենա որոշակի ավագանու անդամներ Գյումրիում: Արդյունքում ինքը վայր կդնի մանդատը, իսկ իր ավագանիներն իբրեւ «դավաճան» դուրս կգան եւ կնետվեն նորաթուխ ՔՊ-ական Սարիկ Մինասյանի գիրկը: Եվ ահա սրանով Վարդան Ղուկասյանն ինչ-ինչ զիջումներ քերելով Նիկոլից՝ կանի իր սեւ գործը: Վերջում, օրինակ, հայտարարելով, թե նեղացած է ամենքից ու գնում է ապաշխարելու:
ԻՆՉՈՎ Է ԱԺ ԱՄԵՆԱՄԵԾ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՈՒԺԸ ՏԱՐԲԵՐՎՈՒՄ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ
Այն, ինչ կատարվում է այս օրերին Գյումրիում՝ ընտրություններից առաջ, թերեւս հայելին է առհասարակ հայաստանյան ներքաղաքական կյանքի: Ինչ-ինչ ներանձնական շահեր շարունակում են գերադասվել պետական, ազգային շահերին: Իսկ ընտրությունների ժամանակ ոմանց մոտ Նիկոլից ու նիկոլիզմից ազատվելու գերխնդիրն առնվազն երկրորդվում է: Գաղափարական պայքար չկա, սկզբունքային տարբերություն՝ եւս:
Օրինակ, խորհրդարանում տեղի ունեցած վերջին քվեարկությունն առնվազն մի շարք հարցերի տեղիք է տալիս: Խորհրդարանական ամենամեծ ընդդիմության՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած «Հայաստան» խմբակցության անդամները մեկը մյուսից ավելի դեմ հայտարարություններից հետո՝ Եվրամիությանն անդամակցելու գործընթացի մեկնարկի նախագծին, պարզապես, չքվեարկեցին: Երբ հիշում ենք, թե ով էր արտաքին գործերի նախարարը Քոչարյանի օրոք, ամեն ինչ իր տեղն է ընկնում: Ավելի արեւմտամետ գործիչ, քան Վարդան Օսկանյանն է, Նիկոլի Արարատ Միրզոյանն ինչքան էլ հացուպանիր ուտի չի հասնի, թերեւս ավելի շուտ թուրքամետ դառնա: Էլ չասենք Ռոբերտ Քոչարյանի ֆրանսիական կապերի մասին… Ժամանակին որտեղից եկավ եւ ընտրվեց ՀՀ նախագահ Քոչարյանը, այդ տարիների ակտիվ քաղաքական գործիչները հաստատ չեն մոռացել: Եվ ի՞նչ է ստացվում, տարբերությունը միայն այն է, որ կարծում են՝ Նիկոլն ինչ անում է, վատ է անում, իրենք գան իշխանության, իրենք անեն նույնը…
Այս քվեարկությունը լավագույն լակմուսի թուղթն էր նրա, ինչը տեւական ժամանակ տարբեր վերլուծաբաններ ներկայացնում էին: Այս իշխանության եւ խորհրդարանական ամենամեծ ընդդիմության էական տարբերությունը, եթե պետք է լիներ արտաքին քաղաքականության վերաբերյալ մոտեցումները անմեկտեղելիությունը, պարզվում է՝ հեչ էլ ռադիկալ տարակարծություն չկա, այլ ամենաքիչը կա չեզոքություն: Կարճ ասած՝ պայթեց Ռոբերտ Քոչարյանին Ռուսաստանի ընկեր լինելու միֆը: Չէ որ, սա այն հարցն էր, որի վերաբերյալ ՌԴ-ն ամենատարբեր ու ամենաբարձր մակարդակով հայտարարություններով հանդես եկավ եւ ուղղակի արձանագրեց, որ իրենց համար անընդունելի է: Սա նշանակում է, որ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը իշխանության հետ հավասար պատասխանատվություն է ստանձնում՝ ապագա արհավիրքների համար:
Իհարկե, կգտնվեն մարդիկ, ովքեր կասեն, թե քվեարկությանը չմասնակցելն էլ դիրքորոշում է, համենայնդեպս, «Հայաստան» խմբակցության ելույթներն այն մասին էին, որ սա կործանարար ընթացք է եւ այլն: Բայց արդյոք ընդդիմության միակ գործիքակազմը ուղղակի չմասնակցելն էր քվեարկությանը: Էլի պետք է օրինակ բերենք Աբխազիային, որտեղ մի օրենքի նախագծի խորհրդարան բերելը դարձավ իշխանության ամբողջ ղեկավարության հրաժարականի հետեւանք: Մինչդեռ Ազգային ժողովի դիմաց գեթ մեկ հոգի ակցիա չիրականացրեց: Ավելին՝ ապահովեցին հարցի լայն քննարկում, մի քիչ էլ իրար «կծմծեցին»՝ ավելի ժողովրդավարական էֆեկտ ապահովելու համար եւ վերջ:
Այս ֆոնին բավական ուշագրավ էր նաեւ անկախ պատգամավորների քվեարկությունը: ՔՊ-ից տարանջատված ու անկախ պատգամավոր դարձած Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը եւս չմասնակցեցին քվեարկությանը: Միայն «Պատիվ ունեմ» խմբակցությունն էր, որ ամբողջ կազմով ու վճռորոշ «դեմ» քվեարկեց նախագծին, եւ ի զարմանս մեզ՝ նաեւ ԱԺ «Հայաստան» խմբակցությունից դուրս եկած Գեղամ Նազարյանը:
ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԻՑ «ԲՈՔՍԻ ՏԱՆՁԻԿ» ԴԱՌՆԱԼԸ՝ ՄԵԿ ՀԱՐՑՈՒՊԱՏԱՍԽԱՆ Է
Իսկապես, օր օրի ավելի անհասկանալի է դառնում, թե ինչով է զբաղված խորհրդարանական ամենամեծ ընդդիմությունը: Կառավարության հետ վերջին հարցուպատասխանը, եթե համառոտ ամփոփենք, այն էր, ինչպես հերթական անգամ ձեւակերպում է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը. «Դուք քաղաքական իմաստով «բոքսի տանձիկ եք», ինչքան ուզենան` կասեն, կասեն, կասեն ու էլի ասելիք կմնա»: Ու սա ասում է այն Ալենը, որը դրանից մեկ օր առաջ չգիտեր, թե ինչպես դուրս գար իր լեզվի տակից, որով հրապարակային չկռվելու մեջ էր մեղադրել արցախցիներին, ապա սկսել խմբագրել ասվածը, թե՝ դա նկատի չուներ:
«Ընկերնե՛ր, թարգե՛ք ալեն-մալեններին, նիկոլ-միկոլներին դիմելը, ինչ-որ բան բացատրելը։ Էդ նույնն է, ինչ Հայոց պատմություն պատմելով՝ փորձեք Թալեաթի «աչքերը բացել», կամ Իլհամ Ալիեւին բացատրել, թե Արցախն իրականում հայկական է։ Վերջ տվեք այդ մանկամտությանը», - ավելի քան պարզ հորդորում է ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը։
Նույնի մասին առավել հանրամատչելի մատնանշում է նաեւ «Էկո-մեդիա» լրագրողական ցանցի համահիմնադիր Նարինե Կիրակոսյանն ու հարց բարձրացնում. «Խորհրդարանում Նիկոլին հարց տվող «ընդդիմադիր» պատգամավորներ, ժողովրդի զզվանքից խաբա՞ր եք։ Ինչի՞ եք նրան հարցեր ուղղում ու լսում դա, թե ինչպես է աքլորանում ու վրեքներդ ղժժում։ Թուրքը կզցնում է սրան, ինքը դեմ էլ չի, ԱՄՆ-ն, Եվրոպան, Ռուսաստանը թքում են վրեն, ինքը էլի դեմ չի, դուք դրան հարց եք տալիս ու վերարտադրում, ինքն էլ ուրախանում է, որ իրան բանի տեղ դնող կա, այն էլ Հայաստանում։ Ինչքա՞ն եք դա անելու։ Վաղը չեք ընտրվելու ու պատգամավորի աշխատավարձ չեք ստանալու։ Դա էլ ֆիքսեք։ Ժողովուրդը կգնա նորից կընտրի նիկոլին, ձեր պատճառով, ձեր ինադու, կամ էլ չի գնա ընտրությունների, որովհետեւ արժանապատիվ ընդդիմադիր քաղաքական խումբ, խմբակ, դաշինք, կուսակցություն եւ այլն, արդեն 7 տարի է չի ձեւավորվում…»։
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը բոյկոտում է կառավարության հետ հարցուպատասխանն ընդհանրապես: Իսկ այս ամենին ականջալուր լինող չկա «Հայաստան» խմբակցությունում, Նիկոլ Փաշինյանին հարցեր են շարունակում ուղղել՝ Քոչարյան կրտսերի՝ Լեւոնի գլխավորությամբ: Իսկ ի պատասխան` Փաշինյան Նիկոլից լսում. «Դո՛ւք Ձեր հայրիկի փոխարեն ասել եք, որ բանավիճելու բան չունեք: Եթե չեմ սխալվում, Դո՛ւք հանդես եկաք, որ բանավիճելու բան չունի, ի՞նչ եք եկել ստե բանավիճում: Հիմա ունե՞ք բանավիճելու բան, թե՞ չունեք: Եթե Ձեր հայրիկը ինձ հետ բանավիճելու բան չունի, ես Ձեզ հետ ընդհանրապես բանավիճելու բան չունեմ: Բայց հայրիկին էսօր երեկոյան հարցրեք՝ ամեն դեպքում, կա՞ բանավիճելու բան, թե՞ չկա բանավիճելու բան»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ