ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ՍԱՄՎԵԼ ՍՏԵՓԱՆՅԱՆԸ ԿԴԱՌՆԱՐ 23 - ՏԱՐԵԿԱՆ

Փետրվարի 10-ը, անմահ հերոս ՍԱՄՎԵԼ ՍՏԵՓԱՆՅԱՆԻ ծննդյան օրն էր, կդառնար 23 - տարեկան։ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում գտնվող նրա շիրիմին են այցելել հարազատներ, ընկերներ ծաղիկներ խոնարհել ու խնկարկել։ Սամվելը և նրա եղբայրը Արսենը զոհվել են մի քանի ժամվա տարբերությամբ, 2023 թվականի սեպտեմբերի 19-ին ադրբեջանական կողմից Արցախին հարձակման օրը, Սամվելը «Եղնիկների» զորամասում, Արսենը Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ գյուղի մատույցներում։ 19֊ամյա Արսենն ու 21֊ամյա Սամվելը պայմանագրային զինծառայողներ էին, երկուսն էլ գնդացրորդ։
Հերոսների մայրը, տիկին ԱԼԼԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ, Զինված ուժերում կապավոր էր։ Նա խորը ցավը սրտում,կամքի ուժ գտնելով, Iravunk. com -ի հետ զրույցում նշեց.
- «Սեպտեմբերի 14-ին Սամվելը դիրքերից պիտի իջներ, բայց հերթափոխ չի արվել։ Սամվելս շատ զուսպ ու խիստ մարդ էր, երբեք չէր պատմում ծառայությունից, ոչ թույլ էր տալիս մի բան հարցնես այդ թեմայով։ Իրենց զորամաս զանգել ու իրենից հարցնելու մասին էլ չեմ ասում, դա երբեք չէի համարձակվի անել։ Անգամ չգիտեի, թե ով է նրա հրամանատարը, պատահաբար եմ իմացել։ Այդ օրը, սակայն որդիս ոչ մի անգամ չասաց, մամ ինչու ես զանգում, հանգիստ խոսում էր, ասում էր իմ տեղը լավ է, մամ ջան մի անհանգստացիր, Արսենին փորձիր գտնել։ Ու, որ սկսեցի լացել, ասաց մամ ջան, մի լացիր, մի տեղից դուրս կգա, Արսենը կորչող չի։ Սպասում էի, որ Սամվելս կիջնի կգնանք փնտրելու, էլ չգիտեի, որ Սամվելիս Արսենիցս շուտ են բերելու։ Իմ ցավը շատ խորն է, ինչ էլ լինի չեմ կարող համակերպվել իմ թանկ զավակների ծանր կորստի համար։
ՀԱՎԵՐԺ ՓԱՌՔ ՄԵՐ ԲՈԼՈՐ ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ....
Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ




