Ինչ ճանապարհ էլ լինի, Ադրբեջանը դա անվանելու է «միջանցք». Ալեն Սիմոնյան
Ներքաղաքական
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում վստահություն հայտնեց, որ տարածաշրջանում կոմունիկացիաների ապաշրջափակման համատեքստում Ադրբեջանը Նախիջևանին կապող ցանկացած ճանապարհ անվանելու է «միջանցք»:
«Ինչ ճանապարհ էլ լինի, մեր կողմից` ամենալավ պատկերացրած, իրենց կողմից` վատ պատկերացրած, իրենք դա անվանելու են «միջանցք»: Եկեք ֆիքսենք դա: Եթե անգամ 0 արտոնություն լինի, իրենք, միևնույն է, քաղաքական առումով ասելու են միջանցք: «Միջանցքը», որը չի լինի ՀՀ ինքնիշխանության ներքո, կլինի մեր օրենսդրությունից դուրս՝ մեզ համար անընդունելի է: Ինչ էլ լինի, ինչ էլ վերջում ստացվի, իրենք ասելու են՝ մենք մեր «միջանցքը» ստացանք: Իրենց պետք եղած ժամանակ իրենց մեկնաբանությունը ոնց ուզում՝ տալիս են»,– ասաց նա:
Ալեն Սիմոնյանի խոսքով՝ «միջանցքի» խոսակցությունը բացվել է նրանից, որ նպատակ է եղել՝ ռուսական զորքեր բերել, որպեսզի նրանք վերահսկեն, այսպես կոչված, այդ «միջանցքը»: