Քիչ հավանական եմ համարում. Սիմոնյանը՝ Մոսկվայի միջնորդական ջանքերն ընդունելու հեռանկարի մասին
Ներքաղաքական
Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը անդրադարձավ հարցին, թե արդյոք հնարավո՞ր է Հայաստանը դիտարկի Մոսկվայի միջնորդական ջանքերն ընդունելու հեռանկարը։
«Քիչ հավանական եմ համարում, բայց մենք յուրաքանչյուր առաջարկ, եթե դա կոնկրետ է լինում, քննարկում ենք և պատրաստ ենք քննարկել, բայց անցած փորձը շատ վատ հուշեր է թողել, և, վերջիվերջո, մենք ունենք շատ չլուծված հարցեր. պատասխաններ, որոնք մինչև օրս չունենք։ Օրինակ՝ ՀՀ տարածք ներխուժած ադրբեջանական զորքերի հետ կապված Ռուսաստանի դիրքորոշումը՝ թե՛ ՀԱՊԿ-ի շրջանակներում, թե՛ Հայաստան-Ռուսաստան միջպետական պայմանագրի շրջանակներում։
Ռուսաստանը առնվազն պետք է գործողություն իրականացներ, բայց մենք նույնիսկ քաղաքական գնահատականի չարժանացանք։ Ի պատասխան՝ հնչեց՝ դե, ձեր սահմանը դելիմիտացված չէ, պարզ չէ՝ որտեղ է ՀԱՊԿ-ը, և մենք ում հետ ենք պայմանագիր կնքել։ Այսինքն՝ ուղղակի ինչ-որ պատճառաբանություն գտնվեց՝ խուսափելու դրանից։ Հիմա ասել՝ գիտեք ինչ, կարող ենք միջնորդ հանդիսանալ, մի քիչ ընդունում եք, չէ՞, որ հայկական կողմը կարող է դրան թերահավատորեն մոտենալ»,– ասաց նա։