Ճիշտ զգուշավորություն էր՝ 18+ դնել ներկայացումը. Ռուսական թատրոնի նվերը՝ սիրո տոնին ընդառաջ
Մշակութային
Երիտասարդների բարեխոս Սուրբ Սարգիս զորավարի հիշատակության օրն այս տարի կնշվի փետրվարի 15-ին։ Սիրո տոնին ընդառաջ Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի Փոքր բեմում՝ փետրվարի 13-ին այս տարի առաջին անգամ կցուցադրվի թատրոնի խաղացանկը համալրած «Հարաբերություններ» ներկայացումը: Նշենք, որ ներկայացումն առանց բառերի է, իսկ ամբողջ տեքստը փոխանցվում է ժեստերի միջոցով։ Այս մասին «Իրավունք»-ը զրուցել է պիեսի հեղինակ ու բեմադրիչ ԷԼՄԻՐԱ ՍՈԼՈՅԱՆԻ հետ:
«ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՄԵՆ ԻՆՉ ԿԱՐՈՂ Է ԼԻՆԵԼ»
— Ո՞րն էր Ձեզ համար ամենադժվարը, որպես ռեժիսոր, այս բեմադրության վրա աշխատելու ընթացքում։
— Պետական թատրոնում, որպես այդպիսին, սա իմ առաջին աշխատանքն է: Եվ ինձ համար, իսկապես, սկզբում դժվար էր: Ես ինձ միշտ համեստ եմ պահում եւ արտիստների հետ զգույշ եմ շփվում: Սկզբում փորձում եմ նախ իրենց ճանաչել, առհասարակ, ես արտիստ սիրող, հարգող, պաշտող երեւույթ եմ՝ որպես ռեժիսոր: Իհարկե, դժվար էր իրենց հրամցնել այն միտքը, թե ինչ եմ ուզում ստանալ՝ այս ներկայացումով, նույնքան դժվարությունն այն էր, որ ներկայացման մեջ բառեր չկան եւ իրենք ամբողջ տեքստը պետք է անընդհատ շարժման միջոցով տեղ հասցնեն հանդիսատեսին: 10-15 րոպե է տեւում ներկայացման ամեն մի պատմությունը եւ յուրաքանչյուր պատկերը ներկայացնելու ընթացքում դերասաններն անընդհատ շարժման մեջ են: Այսինքն՝ իրենց շարժումներով արտահայտում են տվյալ հատվածի միտքը: Սա բարդ էր, որովհետեւ ես խորեոգրաֆ չեմ, այլ ռեժիսոր եմ, որը տիրապետում է մարմնի շարժման լեզվին: Ու, փառք Աստծո, որ շնորհիվ իմ տաղանդավոր արտիստների, կարողացա ստանալ այն, ինչ ուզում էի, որի համար շնորհակալ եմ իրենց: Ամենադժվարը, բնականաբար, եղել է պլաստիկ լուծումներով միզանսցեններ դնելը, որովհետեւ դու միշտ մտածում ես, թե ինչպես արտահայտել, օրինակ, սերը, սեքսը՝ ժեստերի միջոցով, որովհետեւ ինձ համար շատ կարեւոր է, որ եթե սեր է կամ սեքս է, ուղիղ ցույց չտալ այն, այլ գտնել ինչ-որ անակնկալ արտահայտչամիջոցներ:
— Ինչու՞ ընտրեցիք 18+ տարիքային շեմը ներկայացման համար:
— Ի վերջո, մենք խոսում ենք հարաբերությունների, սիրո մասին, իսկ հարաբերություններում ամեն ինչ կարող է լինել: Այդ իսկ պատճառով դա ճիշտ զգուշավորություն էր՝ 18+ դնել ներկայացումը, ավելին՝ ըստ իս, պարտադիր էր: Հենց հարաբերությունների մասին ներկայացումները պահանջում են դա, որովհետեւ դերակատարների առաջ դրված է խնդիր, որ դուք միշտ հետեւեք ձեր օրգանիկային, զգացողություններին, եւ արտիստը կարող է համբուրել իր խաղընկերոջը: Չէ որ նրանք վերապրում են այդ տեսարանները:
«ՊԵՏՔ ՉԷ ԲԱԺԱՆՎԵԼ ՍԻՐԵԼԻԻՑ… ՍԵՐԸ ԲԱՑԱՐՁԱԿ ԱՐԺԵՔ Է»
— Ինչպիսի՞ արձագանք եք ակնկալում հանդիսատեսից: Ի՞նչ եք կարծում` պիեսը կփոխի՞ նրանց տեսակետը սիրո եւ հարաբերությունների մասին։
— Իմ դեմ չեմ դրել այնպիսի նպատակ, որ փոխեմ նրանց տեսակետը՝ սիրո եւ հարաբերությունների մասին: Ընդհակառակը՝ ինձ համար կարեւոր է, որ յուրաքանչյուր ոք, ով կտեսնի եւ կվայելի ներկայացումը, ինքն իրեն գտնի այդ հատվածներից մեկում: Ներկայացված չորս պատմություններն էլ բավական տարբեր են եւ հանդիսատեսը տեսնելով դրանք՝ կամ իրեն լավ կզգա՝ մտածելով, թե ինչ լավ է, որ ինքն այդպես չի վարվում, կամ՝ ինչ վատ է, որ ինքն այդպես է վարվում: Եվ, ի վերջո, գա այն եզրահանգման, որ պետք չէ բաժանվել սիրելիից, որ 10 տարի հետո այսպես լուռ իրար դիմաց չնստենք եւ առանց խոսք, ուղղակի, իրար աչքերի մեջ նայելով՝ հիշենք մեր գեղեցիկ օրերը, այնինչ կարող էինք միասին լինել եւ վայելել կյանքը:
Սիրո եւ հարաբերությունների մասին տեսակետ փոխելը շատ վեհ գաղափար է, եւ ես չեմ կարող այս պահին ինձ թույլ տալ նման արտահայտություն անել: Ո՞վ եմ ես, որ կարողանամ մարդու տեսակետը սիրո նկատմամբ փոխել: Գուցե փոխվի, բայց ես այս պահին չեմ համարում ինձ սիրո տեսակետ փոխող, որովհետեւ սերը բացարձակ արժեք է եւ տրված է յուրաքանչյուրին յուրովի: Այդ պատմությունները դիտելիս, ուղղակի, իրենց վերաբերմունքն է փոխվում իրենց սիրող մարդու նկատմամբ եւ այն մարդու նկատմամբ, ում իրենք են սիրում: Պետք է շեշտեմ նաեւ, որ, որպես այդպիսին, այդտեղ պիես հասկացություն չկա, պարզապես, դիալոգ է, որի վերջում կա հանգուցալուծում՝ տվյալ տեսարանի: Իսկ վերջում հնչում է իմ ամենասիրելի պոետներից մեկի՝ Ալեն Գինզբերգի «Աշխարհի ծանրությունը սերն է՝ մենակության բեռան տակ» բանաստեղծությունը եւ դերասանները չորսով, ժեստերի լեզվով այդ բանաստեղծությունն են խաղում: Կան այնտեղ տողեր, որոնք վերցված են Գարի Սնայդերի, Ջեք Քերուակի եւ Ալեն Գինզբերգի նամակագրական կապերից: Օրինակ, տեսարան կա, որտեղ տղամարդը չի սիրում կնոջը, ավելի ճիշտ՝ արտաքին միջավայրի տարբեր ազդեցությունների պատճառով՝ մոռացել է, որ իր կողքին իր նեցուկն է, իր սիրելի կինն է եւ տրվել է տարբեր գայթակղությունների, եւ այդտեղ կինն ասում է, որ՝ «Ես շատ կուզեի պատմել քեզ, խոսել քեզ հետ, բայց դու արդեն ինձ չես լսում»: Իսկ դրան հաջորդում է տղամարդու պատասխանը. «Ես երբեք չեմ կարող լինել այն, ինչ դու ուզում ես»: Այսինքն՝ իր էգոն թույլ չի տալիս, որ իր վատ սովորությունները դնի մի կողմ եւ լինի այն, ինչ կինն է ուզում կամ՝ առհասարակ, լինել ներդաշնակ, խաղաղ: Բայց եւ այնպես այդ բոլոր թերություններով է, որ սերը դառնում է հետաքրքիր եւ գեղեցիկ, որովհետեւ ոչ մի իդեալական բան հետաքրքիր չէ: Կարծում եմ՝ ներկայացումը հետաքրքիր է նաեւ նրանով, որ իդեալական սիրո գաղափարը ներկայացված չէ, այնտեղ չի խոսվում իդեալական սիրո մասին:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ