«ՀԵՐՈՍԱԲԱՐ ԶՈՀՎԵԼ Է ԱՆՕԴԱՉՈՒ ԹՌՉՈՂ ՍԱՐՔԻ ՀԱՐՎԱԾԻՑ, ՋՐԱԿԱՆԻ ԹԵԺ ՄԱՐՏԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ». ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ՏԱՆԿԻՍՏ ֊ՄԵԽԱՆԻԿ ԷԴՄՈՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
Հասարակություն
Փետրվարի 10-ը, Արցախյան 44-օրյա դաժան պատերազմի անմահ հերոս ԷԴՄՈՆ ԱՐՏԱԿԻ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻ ծննդյան օրն է, կդառնար 24 տարեկան։ Նրա շիրիմին են այցելել հարազատներ, ընկերներ, ծաղիկներ խոնարհել ու խնկարկել։
Անմահ հերոսի հարազատը, բռնցքամարտիկ ԱՐԹՈՒՐ ՍԱՀԱԿՅԱՆԸ, Iravunk. com -ի հետ զրույցում խորը ցավը սրտում նշեց.
- «Էդմոնը ծնվել է 2001 թվականին, Աբովյանում։ Փոքր տարիքից զբաղվել է սպորտով, երկար տարիներ հաճախել է ֆուտբոլի, կարատեի ու լողի։ Սովորել է Աբովյանի թիվ 10 միջնակարգ դպրոցում, ապա նաև թիվ 4 ավագ դպրոցում։ 2019֊ին ընդունվել է Հայաստանի Ազգային Ագրարային համալսարան։ Նույն թվականից ծառայության է անցել Հոկտեմբերյանում, ապա Կուբաթլույում։ Կարճ ժամանակում տիրապետել է իր զինվորական մասնագիտությանը, դարձել ուսման մեջ առաջատար ու շատ կարգապահ մարտիկ, մարտական պատրաստության ժամանակ ցուցաբերել է բարձր ցուցանիշներ։
Իր զինվորական կոլեկտիվում վայելել է արժանի հեղինակություն։ Սեպտեմբերի 27֊ից թեժ մարտեր է մղել ոսոխի դեմ ամենաթեժ կետերում, լինելով առաջնագծում։ 6 ամիս անհայտության մեջ մնալուց հետո, մարմինը գտնվել է ապրիլի 5֊ին։ Հերոսաբար զոհվել է անօդաչու թռչող սարքի հարվածից հոկտեմբերի 2֊ին Ջրականի թեժ մարտերի ժամանակ, երբ մարտական ընկերներին էր գնացել օգնության։ Հետմահու արժանացել է «Մարտական ծառայության» մեդալի։ Հուղարկավորվել է ծննդավայր Աբովյան քաղաքում։
ՇՆՈՐՀԱՎՈՐ ԵՐԿՆԱՅԻՆ ԾՆՈՒՆԴԴ, ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ, ՔՈ ՍԽՐԱՔՆ ԱՆՄԱՀ Է ՔՈ ԱՆՈՒՆԸ ՄԵՐ ՍՐՏԵՐՈՒՄ....
Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ