Բարեփոխումը Ավինյանի հոր համար չէ. սեփական բուրդը պետականի հետ մի խառնեք. Գագիկ Մելքոնյան
ՆերքաղաքականԱյն ժամանակ, երբ Ռուսաստանում դոլարն արժեր 30 ռուբլի, տրանսպորտի ուղեվարձը մեկ դոլար արժեր, մինչեւ հիմա էլ այդպես է մնացել. Ամեն տեղ էլ ուղեվարձը բարձր է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը՝ անդրադառնալով տրանսպորտի ուղեվարձի բարձրացմանը եւ հանրային դժգոհություններին:
Առաջ «Գազելների» քաղաք էր Երևանը, հիմա արդեն դարձել է նորմալ ժամանակակից ավտոբուսների քաղաք: Այդ տրանսպորտն էլ իր գինը ունի։ Փող է պետք, որ այդ ավտոբուսները կարողանանք ձեռք բերել»,-ասաց նա:
Պատգամավորը նկատեց, որ եթե մարդը օրական չորս անգամ օգտվում է ավտոբուսից, իր ամսական ուղեվարձը դառնում է մոտավորապես 80-90 դրամ։
«Ուղղակի պետք է ճիշտ բացատրեն, որպեսզի ժողովուրդը ճիշտ հասկանա։ Եթե մարդ օգտվում է 2-3 անգամ ավտոբուսից, կամ օգտվում են դրսի մարդիկ, տուրիստները, եթե տուրիստը Մոսկվայից եկել է այստեղ, նստում է ավտոբուս, ինքը կարող է 500 դրամ էլ տալ»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է նրան, որ մի կողմից թանկացնում են տրանսպորտը, աղբահանությունը, բարձրացնում են գույքահարկը, մյուս կողմից մարդիկ տեսնում են, որ Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը 20 մլն դրամանոց տոմսով գնում է ԱՄՆ, 650 հազար դոլարանոց առանձնատուն է գնում, Գագիկ Մելքոնյանն ասաց. «Եկեք սեփական բուրդը պետական բուրդի հետ չառնենք: Ինքը ինչ է առնում, ինչ չի առնում, ինքը դրա պատասխանները ունի, դա իր անձնականն է։ Մենք խոսում ենք տրանսպորտի մասին և այդ բարեփոխումները, որ կատարվում են, մեր ժողովրդի համար են կատարվում։ Դա Ավինյանի հոր համար չէ, կամ այն մնացածի հոր համար չէ, այս ժողովրդի համար է»,-ասաց նա:
Նյութի աղբյուր՝ https://news.am/arm/news/865313.html