«ՍԱ ՇԱՏ ԵՐԿԱՐ ՍՊԱՍՎԱԾ ՀԱՂԹԱՆԱԿ ԷՐ». ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ԵՎՐՈՊԱՅԻ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻ ՀԱՂԹՈՂ ԳՈՒՐԳԵՆ ՄԱԴՈՅԱՆ
Սպորտ
Iravunk. com -ի մարզական թղթակիցը զրուցել է Բռնցքամարտի Եվրոպայի բրոնզե մեդալակիր, Հայաստանի բազմակի չեմպիոն, վերջերս Երևանում կայացած «IBA -ի չեմպիոնների գիշեր» պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի հաղթող ԳՈՒՐԳԵՆ ՄԱԴՈՅԱՆԻ հետ։
- Ողջույն, Գուրգեն։ Շնորհավորում ենք պրոֆեսիոնալ ռինգում առաջին տպավորիչ հաղթանակի կապակցությամբ։
- Շատ շնորհակալ եմ ։Հանդես եկա 71 կգ քաշային կարգում։ Մրցակիցս Ուզբեկստանի ներկայացուցիչն էր Աբդուկախո Կուդրատիլոն, ով բավականին փորձառու էր, պրոֆեսիոնալ ռինգում ընդհանուր ուներ 24 մենամարտ, որից 20 հաղթանակ, 12-ը նոկաուտով ։Սա շատ երկար սպասված հաղթանակ էր ինձ համար։ Ես գոհ եմ այնքանով, որ հաղթանակ տոնեցի նման փորձառու բռնցքամարտիկի նկատմամբ։ Շատ անբացատրելի զգացողություններ ունեցա հաղթանակից հետո։ Ինչպես պլանավորել էինք մարզիչներիս հետ, հենց այդպես էլ եղավ, համարյա լրիվ իմ ծրագրածով։ Սա իմ երկրորդ պրոֆեսիոնալ մենամարտն էր։ Առաջինում մասնակցել էի Կուբայում տեղացի մարզիկի Ռոնիել Իգլեսիասի հետ, ով Օլիմպիական խաղերի ու Աշխարհի չեմպիոն էր, ես բավականին լավ մենամարտ ցույց տվեցի, ափսոս 2։1 հաշվով հաղթանակը տվեցին կուբացի մրցակցիս։
- Այս անգամ նաև «տան պատերն» օգնեցին։
- Իհարկե, երկրպագուները շատ էին օգնում, աջակցում, շատ շնորհակալ եմ նրանց։ Իսկապես, շատ մեծ նշանակություն ուներ, որ հենց մեր երկրում էր կայանում այս միջազգային մրցաշարը։ Հաղթանակս նվիրում եմ մայրիկիս, նրա ծննդյան օրն էր այդ օրը։ Նշեմ, որ որքան շատ անցկացվեն մեր երկրում նման մրցաշարեր, այնքան ավելի կոգևորվեն պատանիները ու կզբաղվեն սպորտով։
- Գուրգեն, իսկ ինչ տվեց քեզ այս նվաճումը։
- Անկեղծ ասած, այս հաղթանակը շատ մեծ ինքնավստահություն տվեց ինձ սեփական ուժերիս և կամքի ուժի նկատմամբ։ Շատ մեծ բավականություն ստացա, երբ իմ հայրենիքում տոնեցի հաղթանակ, որի ժամանակ դահլիճում ներկա էին գտնվում հարազատներս, ընկերներս, մեր հայ երկրպագուները։ Տրամադրությունս մարտական էր, այս տարին հաղթանակով սկսելու համար։
- Հետագա ծրագրերը որոնք են։
- Այս օրերին «Դինամո» մարզական համալիրում Հայաստանի առաջնությունն է, ընթանում։ այն կտևի մինչև փետրվարի 4-ը, սակայն ես չեմ մասնակցելու, քանի որ ձեռքի վնասվածք ունեմ, 2022֊ին Երևանում կայացած Եվրոպայի առաջնությանն եմ ստացել։
- Գուրգեն, օրերս լրացավ մեր Հայոց բանակի կազմավորման 33-րդ տարեդարձը։
- Շնորհավորում եմ նախ հայրիկիս Արմեն Մադոյանին, նա Արցախյան երեք պատերազմների մասնակից է։ Շնորհավորում եմ նաև մեր բոլոր զինվորներին, սպաներին, մաղթում բարի, անփորձանք ծառայություն, ամենակարևորը խաղաղություն մեր երկրին։ Իսկ մեր անմահ հերոսներին, որ ամենաթանկը իրենց ջահել կյանքը զոհաբերեցին հանուն մեզ, հավերժ փառք ու խոնարհում նրանց բոլորին։ Տա Աստված, մեր Հայոց բանակը հզորանա։ Բոլոր զինվորները բարով ծառայեն ու հասնեն իրենց ծնողներին։
- Շնորհակալություն, Գուրգեն, մեզ ժամանակ տրամադրելու համար։
- Ես էլ շատ զգացված եմ, որ ուշադրություն եք դարձնում և լուսաբանում մեր նվաճումների մասին, անխափան գործունեություն Ձեր թերթին։
Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ




