Ի՞նչ է ցրված սկլերոզը, որո՞նք են հիվանդության ախտանշանները
Հասարակություն
Ցրված սկլերոզը կենտրոնական նյարդային համակարգի քրոնիկական բորբոքային հիվանդություն է և առավելապես հանդիպում է երիտասարդների շրջանում։
Հիվանդության զարգացման մեխանիզմը հետևյալն է. սեփական իմունային համակարգը վնասում է գլխուղեղի և ողնուղեղի նյարդային բջիջների միելինային թաղանթը, որը պատասխանատու է նյարդային ազդակների անխափան հաղորդման համար։ Այդ իսկ պատճառով ցրված սկլերոզը դասվում է աուտոիմուն հիվանդությունների շարքին, քանի որ սեփական իմունային համակարգը վնասում է սեփական նյարդային համակարգը։ Արդյունքում՝ գլխուղեղում և ողնուղեղում առաջանում են բորբոքային բազմաթիվ մանր օջախներ, որոնք հետագայում սպիանում են։ Կախված օջախների տեղակայումից, հիվանդությունը կարող է ունենալ բազմազան կլինիկական դրսևորումներ։
Ցրված սկլերոզի ախտանշանները կարող են դրսևորվել մարմնի տարբեր հատվածներում:
Ախտանիշները անկանխատեսելի են և կարող են լինել բազմազան:
Որոշ մարդկանց մոտ կարող են դիտվել հիվանդության ակնհայտ ախտանշաններ, մինչդեռ մյուսները կարող են ունենալ Ցրված սկլերոզի աննշան ախտանշաններ կամ ընդհանրապես չունենալ:1
Ախտանշանների տեղակայումը ևս տարբեր պացիենտների մոտ կարող է լինել տարբեր: Որոշ ախտանշաններ կարող են հայտնաբերվել միայն ախտորոշիչ մեթոդների շնորհիվ:
Տեսողական նյարդի բորբոքումը Ցրված սկլերոզի դասական դրսևորումներից մեկն է: Այն բնութագրվում է տեսադաշտի կենտրոնական հատվածի տեսողության կորստով: Առավել հաճախ ախտահարվում է հիմնականում գունային տեսողությունը, այն դեպքերի 95% -ում լինում է միակողմանի, ունենում է սուր ընթացք՝ զարգանալով և իր գագաթնակետին հասնելով մի քանի օրերի ընթացքում և ուղեկցվում է ցավով։ Տեսողական նյարդի դեմիելինիզացիայով պայմանավորված, հաճախակի հանդիպող տեսողական խնդիրներից է այսպես կոչված կենտրոնական սկոտոման, որի դեպքում զարգանում է տեսադաշտի պակաս կամ դեֆիցիտ՝ առավել հաճախ կենտրոնական հատվածում: Սկոտոմայի ժամանակ նույնպես վնասվում է գունային տեսողությունը: Շատ բնորոշ է նաև լուսավախությունը և ցավը ախտահարված աչքում (հիվանդների 90%-ի մոտ), հատկապես աչքի շարժումների ժամանակ, երբ տեսողական նյարդը ձգվում է:
Աչքի շարժողական խանգարումներ
Աչքերի շարժունակության ամենահաճախ հանդիպող խանգարումը կոչվում է նիստագմ: Նիստագմը բնորոշվում է աչքերի ակամա տատանողական շարժումներով, որոնք լինում են շատ բարձր հաճախականության՝ րոպեում մինչև մի քանի հարյուր շարժում: 2