Էլեկտրոնային ստորագրության ստացման համար վճարվող 3000 դրամը չեղարկելու ենք․ Փաշինյան
Ներքաղաքական
Նիկոլ Փաշինյանն այսօր Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում անդրադարձավ հարցին՝ ինչ կտա քաղաքացուն համընդհանուր հայտարարագիրը։
«Մարզերում իմ դիտարկումները ցույց են տալիս, որ օրինակ, մանկապարտեզների համար վճարներն ամսական 7000-8000 դրամ են, դա նշանակում է, որ մարդիկ երեխայի մանկապարտեզի համար վճարում են մոտավորապես տարեկան 96 000 դրամ: Հիմա, այն մարդիկ, ովքեր եկամտային հարկ են վճարել ավելի քան 96 000 դրամը և համընդհանուր հայտարարագիրը լրացնում են, այսինքն՝ նրանք վարձու աշխատողներ են, տարվա ընթացքում երեխայի համար մանկապարտեզի վճարն այս տարիֆներով ամբողջությամբ հետ կստանան»: Այս մասին այսօր՝ հունվարի 25-ին, Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ կտա համընդհանուր հայտարարգրումը քաղաքացիներին։
«Կան ավելի թանկ մանկապարտեզներ, որը տարին 300 000 դրամ է վճարում մարդը, բայց 100 000 դրամը հետ կստանա, եթե ինքը եկամտային հարկ է վճարել: Այսինքն՝ մենք մարդուն ասում ենք, որ մենք, էլի եմ ասում, որովհետև գները տարբեր են, չեմ ուզում ընդհանրացնել, բայց մարզերում, երբ մանկապարտեզներ են բացում, ես հարցնում են՝ ինչքա՞ն է լինելու վճարը, հիմնականում ասում են 7000-8000, համայնքային մանկապարտեզները, երեխայի մանկապարտեզի վարձն ամբողջությամբ վերադարձնում ենք ծնողի վճարած եկամտահարկից: Ի՞նչ վատ է»,–հավելեց Փաշինյանը:
Նիկոլ Փաշինյանի խոսքով, 2025 թվականին լրացվող հայտարարագրի արդյունքում մինչև 70 մլրդ դրամ այդ համակարգով կարող է քաղաքացիներին վերադարձվել:
«70 մլրդ դրամ, գրեթե 200 մլն դոլար մենք քաղաքացիներին վերադարձնելու տարբերակ, ենթակառուցվածք ենք ստեղծում: Ինչո՞ւ չեմ ասում՝ միանգամից վերադաձնելու ենք, որովհետև դրա համար կա պայման, առաջինը, որ մարդը եկամտային հարկ վճարող լինի և վճարած լինի, և երկրորդ, որ այդ ծախսերը նորմալ փաստագրվեն և փաստաթղթավորված ներկայացվեն համընհանուր հայտարարագրման համակարգում: Վատ բա՞ն է դա: 70 մլրդ վերադաձնում ենք քաղաքացիներին»,–ասաց նա:
Փաշինյանի խոսքով, վերադարձելի գումարները անվանում են «սոցիալական կրեդիտներ» տերմինով:
«Մենք մտածում ենք, որ բնակարանի ձեռքբերման դեպքում էլ պետք է սոցիալական կրեդիտ լինի, այսինքն՝ վերադարձի համակարգ, բայց քանի որ արդեն իսկ տարեկան 70 մլրդ դրամ բնակարանի ձեռքբերման դեպքում քաղաքացիներին վերադարձնում ենք, այսինքն՝ այդ համակարգն ուրիշ ձևով գործում է: Հիմա, երբ Երևանից դուրս գա այս գործող համակարգը, արդեն համընդհանուր հայտարարագրման հետ զուգահեռ ինչ-որ չափով կմտնի: Հիմա այսօրվա չափերը, ես ուզում եմ դա էլ ուղիղ ասել, որ նաև շատ կարևոր է, որ ճիշտ է ասում եմ 70 մլրդ դրամ ենք վերադարձնում քաղաքացիներին, բայց այնուամենայնիվ՝ դրա պարամետրերը դեռ ամբողջությամբ պարզ չեն, այսինքն՝ փաստացի պետք է հայտարարագրերը լինեն, որպեսզի հասկանանք, թե ինչքան է ծավալը: Սա բյուջեի համար ծախս է, և մենք պետք է շատ զգույշ լինենք, որ հանկարծ շատ մեծ անհամաչափ ծախսեր բյուջեի համար չգեներացնենք, որը հնարավոր չի լինի ինչ-ինչ պատճառով վճարել»,–նշեց նա:
Վարչապետը նշեց՝ էլեկտրոնային ստորագրության ստացման համար նախատեսված վճարները (3000 դրամները) կչեղարկվեն, միաժամանակ հավելեց․
«Մարդը պետք է հասկանա, որ ներդրում է անում իր հետագա կյանքի կազմակերպման համար, քանի որ 21-րդ դարում արդեն առանց նույնականացման քարտի հնարավոր չի լինելու արդյունավետ գործունեություն ծավալել, 2025-ի վերջին, 2026-ի սկզբին մենք արդեն թվայնացման բավական մեծ հատված իրականացրած ենք լինելու»։