Հայաստանի նկատմամբ ագրեսիա կլինի, երբ Իրանին կներքաշեն լայնածավալ ռազմական գործողութունների մեջ. Հովհաննիսյան
Ներքաղաքական
«Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք ռազմական փորձագետ, թուրք-քրդական հարցերով փորձագետ ԿԱՐԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ հետ։
«ՄԵՆՔ ՊԵՏՔ Է ԿԱՐՈՂԱՆԱՆՔ ՄԵՐ ԽԱՂԱԴՐՈՒՅՔԸ ԴՆԵԼ ՆԱԵՎ ԺԱՄԱՆԱԿԻ ՎՐԱ»
— Կարելի՞ է ասել, որ Իրանի դեմ ռազմական գործողությունների դեպքում՝ Ադրբեջանն էլ Հայաստանի դեմ կսկսի նոր պատերազմ:
— Պետք է նշեմ, որ իրականում այդ ռազմական գործողությունների հավանականությունն այնքանով է մեծ, որքանով մեծ է Իրանի դեմ ռազմական գործողությունների հավանականությունը: Այսօր մենք չպետք է ասենք, թե՝ գիտեք, սեպտեմբերին կամ մարտին, կամ, ասենք, որեւէ մեկ այլ ամիս Հայաստանի նկատմամբ որեւէ ագրեսիա կլինի, այլ պետք է դիտարկենք այն հանգամանքը, որ Հայաստանի նկատմամբ ագրեսիա կլինի այն ժամանակ, երբ Իրանին կներքաշեն լայնածավալ ռազմական գործողութունների մեջ։ Այդ դեպքում՝ այո՛, իսկապես, պետք է սպասենք վտանգի եւ պետք է նաեւ ուղիղ կերպով պատրաստ լինենք, երբ Իրանին այլեւս ներքաշեն թե՛ ցամաքային, թե՛ օդային ռազմական գործողությունների մեջ:
— Ըստ Ձեզ` նման սցենարի դեպքում մենք ի վիճակի կլինե՞նք անհրաժեշտ պաշտպանողականություն ցուցաբերել:
— Հատկապես վերջին երկու տարիներին, պետք է ասեմ, որ ՀՀ Զինված ուժերում բավականին դրական փոփոխություններ են տեղի ունենում, եւ այդ փոփոխությունները նաեւ միտված են նրան, որպեսզի ոչ միայն բարձրացնեն ՀՀ ԶՈւ մարտունակությունը, այլ նաեւ՝ պաշտպանողականությունը, քանի որ դա շատ կարեւոր նկատառում է: Բայց, միեւնույն ժամանակ, նաեւ պետք է պնդեմ ու ասեմ, որ այն տեմպերը, որոնք կան, իհարկե, ինձ` որպես փորձագետի, չեն բավականացնում, քանի որ շատ ավելի արագ կերպով պետք է այդ գործողություններն անենք։ Իհարկե, գիտեմ, որ դրանք բավականին բարդ են, դժվար են, աշխատատար են, բայց ժամանակ չունենք եւ պետք է կարողանանք դա արագ անել։ Իրականում այսօրվա պատերազմները հիմնված են ժամանակի վրա։ Տեսեք, հիմա ոչ թե նախկին դասական պատերազմներն են, որի ժամանակ ով ուժեղ էր, նա էլ ճակատամարտում հաղթում էր, այլ պետք է հաշվի առնել այն, թե ով ժամանակի մեջ դիմացավ, որովհետեւ նա էլ հաղթելու է։ Այսինքն, մենք պետք է կարողանանք մեր խաղադրույքը դնել նաեւ ժամանակի վրա ու որքան շատ այդ ժամանակի մեջ տեղավորվենք ու դիմադրենք, նշանակում է, որ այդ գործողություններում մենք, իսկապես, հաղթող ենք դուրս գալու։
«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՕՐ ԱՌԱՋ ՊԵՏՔ Է ԶԱՐԳԱՑՆԵՆՔ ՌԱԶՄԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ»
— Ի դեպ, որքանո՞վ են տեղեկատվական պատերազմները նաեւ նպաստում ներկայիս լարված ժամանակահատվածի առավել քան վատթարացմանը։
— Գիտեք, իրականում պատերազմների ամենակարեւոր զենքերից մեկն էլ նաեւ տեղեկատվական պատերազմն է, եւ այստեղ, իսկապես, անելիք ունենք, քանի որ համակարգված չէ տեղեկատվական դաշտը եւ բացիթողի վիճակում գտնվելով հանդերձ՝ մշտապես կանգնելու ենք խնդիրների առաջ։ Դրա վառ ապացույցն է նաեւ 44-օրյա պատերազմը, երբ այդ ժամանակ չկային համակարգված տեղեկատվական հոսքեր, ինչն էլ պատճառ էր դառնում, որ թե՛ պաշտոնական հոսքերը դրվեին կասկածի տակ եւ թե՛ մասնավորից եկող տեղեկատվական հոսքերն ընդունվեին ի գիտություն, որ շատ դեպքերում ունենոււմ էր նաեւ ողբերգական ավարտ։
Մեր նկատմամբ տեղեկատվական պատերազմ է մղում Ադրբեջանը եւ նրա լավագույն բարեկամ Թուրքիան, ու պետք է նշեմ, որ տեղեկատվական պատեազմի ոլորտում մենք, ցավոք սրտի, անպատրաստ ենք եւ չենք կարողանում դիմակայել, քանի որ մենք եւ մեր հասարակությունն անդադար, այսպես ասած, սպասարկվում է ադրբեջանական տեղեկատվական օրակարգով, եւ անդադար Ադրբեջանն ինչ-որ մի բան ասում է, եւ դա սկսվում է մեր հասաակության մեջ շարունակ պտտվել ու պտտվել, որն էլ իր հերթին անընդունելի է եւ այստեղ մեր տեղեկատվական դաշտն անելիք ունի։
— Ըստ էության, Ադրբեջանը չի ցանկանում, որպեսզի Հայաստանում տեղակայվեն ռուսական, եվրոպական կոնտիգենտ, որպեսզի իր հաստատուն քայլերով Հայաստանի կազմաքանդման նախապատրաստությանը որեւէ մեկը չխոչընդոտի։ Ի՞նչ կասեք այս մասին:
— Ադրբեջանը փորձում է ազատվել օտարերկրյա վկաներից, որպեսզի ինքն իր գործողություններն առանց նրանց՝ Հայաստանի Հանրապետության դեմ իրականացնի։ Այո՛, Ադրբեջանի նպատակը հենց դա՛ է, որպեսզի Հայաստանում չլինեն այնպիսի ուժեր, որոնք կիսառազմական են, ռազմական են, որոնք ուղիղ ներկայացված են սահմանին եւ ընդհանրապես առնչություն ունեն մեր ռազմական կառույցի հետ, որպեսզի ինքը կարողանա անհրաժեշտության պահին, առանց ավելորդ վկաների գործողությունների, իրականացնի։
— Պարոն Հովհաննիսյան, իսկ ստեղծված իրավիճակում ինքներդ ո՞րն եք համարում հնարավոր ելքը։
— Որպես այդպիսին, եթե թվարկենք եւ հերթականություն դնենք, ապա առաջին հերթին կարծում եմ՝ պետք է Հայաստանում օր առաջ զարգացնենք ռազմարդյունաբերությունը։ Եթե մեր երկրում մենք ռազմարդյունաբերությանը զարկ տանք, ապա դա կլինի մեր անվտանգության հովանոցներից մեկը, որը կզսպի թշնամուն, ով կփորձի հաշվի նստել այն հանգամանքի հետ, որ վերջապես նաեւ զենք ու զինամթերք արտադրող երկիր ենք համարվում, եւ ոչ թե ինքը կստեղծի մեզ համար լոգիստիկ խնդիրներ, ու մենք պատերազմի կեսից կմնանք առանց զենք եւ զինամթերք։ Ռազմարդյունաբերությունը շատ կարեւոր հանգամանք է մեզ համար։
Երկրորդը, որը եւս կարեւորում եմ՝ պետք է ռազմավարական գործընկերների հետ ճիշտ հարաբերվենք, եւ այդ դեպքում խոսքը մեկ ռազմավարական գործընկերոջ մասին չէ, այլ` մի քանի ռազմավարական գործընկերների, եւ չպետք է ծայրահեղությունից ծայրահեղություն նաեւ ընկնենք։ Այսինքն` ընտրենք մեկ ռազմավարական գործընկեր եւ գնանք դրա ետեւից, կամ ընտրենք մի քանի ռազմավարական գործընկեր, իսկ մնացածների հետ` թշնամանանք։ Դա անընդունելի է, եւ դա մեզ լավ տեղ չի տանելու։ Այսինքն, երկրորդ կարեւոր գործոնը նաեւ այն է, որ ունենանք հուսալի ռազմավարական գործընկերներ։
Երրորդ եւ ամենագլխավորներից մեկը կամ ամենագլխավորը, եթե այսպես ասենք՝ հասարակությանը պատրաստելն է՝ անկախ այն բանից, թե կլինեն ռազմական գործողություններ կամ չեն լինի: Անգամ, եթե 10 տարի կամ 20 տարի անց լինի՝ պետք է հասարակությանն անդադար պատրաստել ռազմական գործողությունների եւ չփորձել հասարակության գլխի տակ փափուկ բարձ դնել, որովհետեւ դա տանելու է կործանման, հասարակությունն այլեւս չի ուզենա այդ պատերազմին մասնակից լինել, չնայած այն բանին, որ այդ պատերազմը իր դռան շեմին է տեղի ունենում, որովհետև իրեն այլ բան են ասել, բայց իրականությունը բոլորովին այլ է։ Եթե հասարակությունն իսկապես թե՛ հոգեբանորեն, թե՛ ֆիզիկապես պատրաստ լինի պատերազմի, ապա մենք արդյունքներ կունենանք։
ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ