«Հրապարակ». Տավուշում սկսե՞լ են սահմանազատման աշխատանքները
Մամուլի տեսություն
«Հրապարակ» թերթը գրում է. «Տավուշից տեղեկություններ են հաղորդում, որ երեկվանից սկսվել են սահմանազատման աշխատանքները: Ինչ-որ անձինք տեղանքի զննություն են իրականացնում հայ-ադրբեջանա-վրացական սահմանների հատման վայրում։ Երեկ մի քանի ժամ կողմերը չափագրման աշխատանքներ են իրականացրել։
Հիշեցնենք․ սահմանազատման հանձնաժողովն անցած շաբաթ հայտնեց, որ գործընթացը կվերսկսվի Հայաստանի հյուսիսից, սակայն այլ մանրամասներ չեն հաղորդում: Օրինակ, թե ինչ սկզբունքով են առաջ շարժվելու հանձնաժողովները, արդյո՞ք Ադրբեջանի՝ տարիներ առաջ օկուպացրած տարածքները կվերադարձվեն մեզ, տեղի կունենա՞ փոխանակում, թե՞ մենք բացառապես տվողի դերում ենք լինելու, ի՞նչ ճակատագիր է սպասվում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին, որի մի հատվածը, ենթադրում են՝ սահմանազատման արդյունքում անցնելու է Ադրբեջանին։