Հզոր իրավական-քաղաքական եւ պատմական փաստերը ոչ մեկի կողմից չե՛ն կարող զրոյացվել. Կարինե Հայրապետյան
Ներքաղաքական
«Իրավունք»-ը զրուցել է Արեւմտյան Հայաստանի վտարանդի կառավարության Լուսավորության նախարար, Գիտությունների համահայկական միջազգային ակադեմիայի ղեկավար ԿԱՐԻՆԵ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ հետ:
— Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե «Արեւմտյան Հայաստանն Արմավիրն է, Թալինն է, Մարալիկն է. սրանից դուրս չկա եւ չի կարող լինել Արեւմտյան Հայաստան»: Դուք, լինելով Արեւմտյան Հայաստանի վտարանդի կառավարության անդամ, ինչպե՞ս եք վերաբերվում վերոնշյալին:
— Նման հայտարարություն անողներն ունեն տարբեր պատճառներ, որոնք կարող են լինել կրթական, առողջական կամ սոցիալական: Երբ մարդը գիտելիքների պակաս ունի, բայց հայտնի քաղաքական դիրք է զբաղեցնում, այն պետության եւ հասարակության համար առաջացնում է խնդիրներ ու մարտահրավերներ։ Գիտելիքների պակասությունը խոչընդոտում է որոշումների կայացմանը, պետության մեջ առաջացնում է խուճապ, միջազգային քաղաքական հարաբերություններում առաջացնում է քաոս, նման հայտարարությունները դատապարտելի են: Որպես Արեւմտյան Հայաստանի վտարանդի կառավարության համահիմնադիր, կրելով գործող կառավարության Լուսավորության (կրթության, գիտության) նախարարի պարտականությունը, ես պնդում եմ, որ պետք է նախ իրականացնել գաղափարախոսական եւ ուսուցողական աշխատանք՝ «Սովորեցնել, հետո պահանջել»։
ՀՀ կառավարության անդամները, ԱԺ պատգամավորները, Երեւանի քաղաքապետն ու քաղաքապետարանը, ԿԳՄՍ նախարարը եւ նախարարությունը, նրանց ենթակա ուսումնական հաստատությունները Արեւմտյան Հայաստանի մասին պետք է իմանան հետեւալ պատմական փաստերը, իրավական եւ քաղաքական միջազգային որոշումները.
1. «Արեւմտյան Հայաստան» անվանումն առաջացել է 387 թվականին՝ Սասանյան Պարսկաստանի եւ Հռոմեական կայսրության միջեւ Մեծ Հայքի Արշակունյաց թագավորության առաջին բաժանումից հետո։
2. «Արեւմտյան» է կոչվել Հայաստանի՝ Հռոմին անցած տարածքը, որտեղ էլ որպես թագավոր է կարգվում Արշակ Գ-ն՝ Պապ թագավորի որդին։
3. Արեւմտյան Հայաստանը ներառում էր Բարձր Հայք, Ծոփք (Չորրորդ Հայք) եւ Աղձնիք նահանգները։ Ժամանակի ընթացքում Արեւմտյան Հայաստան անվանումը սկսում է վերաբերել Արաքս գետի արեւմտյան ափից այն կողմ ընկած հայկական տարածքներին՝ գլխավորապես նախկին Օսմանյան կայսրության կազմում գտնվող վեց վիլայեթներին եւ Կիլիկիային։
4. 1897 թվականին արդեն Արեւմտյան Հայաստանը բաժանված էր Վանի, Էրզրումի, Սեբաստիայի (Սվազ), Բիթլիսի, Դիարբեքիրի, Խարբերդի, Տրապիզոնի վիլայեթների, որոնք չնչին փոփոխություններով հարատեւեցին մինչեւ առաջին համաշխարհային պատերազմը։
5. Համահայկական Վերնախորհուրդը (Setnat) 2023թ․ նոյեմբերին ՀՀ ԳԱ «Գիտություն» հրատարակչության կողմից հրատարակեց՝ «1919-1920 թթ. Հայաստանի Հանրապետության վերաբերյալ փաստաթղթերի ժողովածու»-ն, որի մեջ առաջին անգամ, 103 տարի անց տպագրված է Ազգերի լիգայի 1920թ․դեկտեմբերի 10-ի փաստաթուղթը։
Ազգերի լիգան 1920թ․դեկտեմբերի 10-ին հաստատում է փաստաթուղթ, որով Հայաստան Պետության տարածքը՝ ներառյալ Վ․Վիլսոնի Իրավարար վճիռը, կազմում է 214 000 կմ քառ։ Ըստ այդ վկայագրի` 214 000 քառ. կմ-ից 70 551 կմ քառ.-ին Արեւելյան Հայաստանի Հանրապետության տարածքն է, որն իր մեջ է ընդգրկում Արցախը, Նախիջեւանը, Կարսը, Սուրմալուն։
«ԱԼԻԵՎԸ ՉԱՐԱՉԱՐ ՍԽԱԼՎՈՒՄ Է, ՆԱ ՍԵՓԱԿԱՆ ՖԱՇԻԶՄԻ ԹԱԿԱՐԴԻ ՄԵՋ Է ՀԻՎԱՆԴԱԳԻՆ ԹՓՐՏՈՒՄ»
— Սա նշանակո՞ւմ է, որ Արեւմտյան Հայաստանի վտարանդի կառավարության տարիների ջանքերը զրոյացվեց ոչ թե թշնամու, այլ ՀՀ կառավարության ղեկավարի ձեռամբ:
— Արեւմտյան Հայաստանի վտարանդի կառավարության տարիների ջանքերը չեն կարող զրոյացնել ո՛չ արտաքին, ո՛չ ներքին կամակատարները՝ ո՛չ մտոք, ո՛չ ձեռամբ… Ոչ մի պաշտոնյա՝ խեղաթյուրված կամ հանցագործ, պարտադրված կամ կաշկանդված հայտարարությամբ չի կարող եւ զրոյացնել «Արեւմտյան Հայաստանի վտարանդի կառավարության» իրավաքաղաքական գործունեությունը: Արեւմտյան Հայաստանի վտարանդի կառավարությունն աշխատում է պատմական փաստերի եւ իրավական փաստաթղթերի հիմքով:
Այն Արեւմտյան Հայաստանի տարածքի նկատմամբ սուվերենություն պահանջող կառույց է, որը հռչակվել է Արեւմտյան Հայաստանի հայերի ազգային խորհրդի կողմից։ Ունի Սահմանդրություն, դրոշ, զինանշան,օրհներգ եւ օրենսդիր մարմին։
2011 թ.-ի փետրվարի 4-ին Փարիզում հռչակվեց Արեւմտյան Հայաստանի վտարանդի կառավարության գործունեության մասին։ Ստեղծվեց Սահմանադրական Հանձնաժողով, որը կարողացավ կազմել, ապա եւ 2015 թ․ հրատարակել Արեւմտյան Հայաստան Պետության Սահմանդրություն։ Գործող վարչապետն է Արամ Մկրտչյանը (Գերմանիա)։ Վտարանդի Կառավարությունն ունի Ազգային Ժողով, Սահմանադիր Գերագույն Իրավարար Ատյան, Գիտությունների համահայկական միջազգային ակադեմիա։
Հիշեցման կարգով՝ 1919 թ․ մայիսի 28-ին հրապարակված ՀՀ Անկախության մասին ակտով հաստատված է ՀՀ Ազգային Ժողովում արեւմտահայության 12 մանդատ ունենալու իրավունքը։ Արեւմտյան Հայաստանի վտարանդի կառավրությունը եւ Համահայկական Վերնախորհուրդը (Setnat) 2021 թվականի մայիսի 10-ին դիմում են ներկայացրել ՀՀ Ազգային ժողովին, կառավարությանը՝ ՀՀ Ազգային Ժողովում վերականգնել արեւմտահայության 12 մանդատ ունենալու իրավունքը։
Հիշեցնեմ նաեւ Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության ակունքները.
1912 թվականներին Հայոց կաթողիկոս Գեւորգ 5-րդը դիմեց ռուսական կառավարությանը Արեւմտյան Հայաստանում բարենորոգումներ անցկացնելու համար եւ կոնդակով հիմնեց «ազգային պատվիրակության» գործառույթը՝ լիազորելով Պողոս Նուբար փաշային։
1914-1915 թվականներին երիտթուրքերն իրականացնում են հայերի ցեղասպանությունը, որի հետեւանքով Արևմտյան Հայաստանը հիմնահատակ հայաթափվում է։ 1915 թվականին Հայոց կաթողիկոս Գեւորգ 5-րդը կոնդակով դիմեց գերտերություններին:
1915 թվականին ձեւավորվեց Արեւմտյան Հայաստանի վարչակազմը՝ Ա․ Մանուկյանի գլխավորությամբ Վան կենտրոնով։
1916 թվականի մայիսի 22-ին գեներալ-լեյտենանտ Ն․Ն․Պեշկովը դարձավ Արեւմտյան Հայաստանի շրջանների առաջին գեներալ-նահանգապետը։
1916 թվականի հունիսի (21) 8-ին Նիկոլայ 2-րդը հաստատեց «Պատերազմի օրենքով օկուպացված Թուրքիայի շրջանների կառավարման ժամանակավոր կանոնակարգը»։ Արեւմտյան Հայաստանի տարածքներում ստեղծվեց ռազմական կառավարիչների վարչակազմ (ՌԿՎ), գեներալ-լեյտենանտ Ն․Ն․Պեշկովի ղեկավարությամբ, կազմված 29 ռազմա-վարչական շրջաններից:
1917 թվականի ապրիլի 26-ի հրամանով՝ Արեւմտյան Հայաստանը հանվեց ռազմական իշխանության ենթակայությունից եւ դրվեց ժամանակավոր կառավարության վերահսկողության տակ։ 1917 թվականի մայիս 31-ին Արեւմտյան Հայաստանի առաջին ռազմական կառավարիչ գեներալ-լեյտենանտ Ն․Ն․Պեշկովը ազատվեց ծառայությունից եւ ուղարկվեց թոշակի։
Պատերազմի ավարտից հետո կնքվում է Սեւրի պայմանագիրը, որով Թուրքիան Արեւմտյան Հայաստանի մի մասը ճանաչում է միացյալ Հայաստանի կազմում։ ՀՀ սահմանը իրավարար վճռով գծում է նախագահ Վուդրո Վիլսոնը։ Սակայն պայմանագիրը չի կենսագործվում։
1943-1947 թվականներին արտասահմանում ապրող արեւմտահայությունը ընդունում է «Ազգային ուժերի միասնության» գաղափարը։ Ազգային բոլոր խորհուրդները, առաջնորդվել են «Հայերը` հայերի համար» կարգախոսով։
1945 թվականին նոյեմբերի 27–ին Ամենայն Հայոց կաթողիկոս Գեւորգ 6-րդը դիմեց Ի. Ստալինին, Հ. Տրումենին եւ Կ. Էտիլին՝ խնդրելով օգնել վերացնելու պատմական անարդարությունը եւ Արեւմտյան Հայաստանը միացնել Խորհրդային Հայաստանին, հնարավորություն ընձեռնել աշխարհասփյուռ հայերին՝ վերադառնալ մայր հայրենիք։
Այդ հարցը բարձրացվել է նաեւ 1947 թվականին ապրիլին Նյու Յորքում գումարված Հայկական համազգային կոնգրեսում, բայց՝ ապարդյուն։ Արցախյան ազատագրական պատերազմի ժամանակ Արցախյան պատերազմի հերոս, «Անկախության բանակ»-ի հրամանատար Լեոնիդ Ազգալդյանը հերթական անգամ բարձրացրեց Արեւմտյան Հայաստանի հարցը։
2004 թ․ Շուշիում մի խումբ մտավորականներ եւ ազատամարտիկներ հռչակեցին Արեւմտյան Հայաստանի Հայերի Ազգային Խորհուրդ ստեղծելու մասին հռչակագիրը։
2007 թ.-ից «Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհուրդ» կառույցը ղեկավարում է Ա․ Աբրահամյանը։
Այսպիսի հզոր իրավական-քաղաքական եւ պատմական փաստերը ոչ մեկի կողմից չե՛ն կարող զրոյացվել:
— Ի դեպ, Ադրբեջանը գործածության մեջ դրեց հնարված «Արեւմտյան Ադրբեջան» տերմինը: 30 եւ ավել տարի պահում էր Ղարաբաղի ադրբեջանցիների ներկայացուցչություն, կար Աշխարհի ադրբեջանցիների կոնգրես՝ իրենց ազգային շահը միջազգային կառույցներում առաջ տանելու համար: Ինչպե՞ս ստացվեց, որ իրենց արհեստական կառույցները դարձան իրական, իսկ մեր իրականն՝ առ ոչինչ:
— Ընդհանրապես պետությունը, կառավարության ղեկավարը պետք է քաղաքագետի խելամիտ հայտարարություններ անի, մնա իր իրավասության եւ հնարավորության շրջանակներում, որպեսզի իր իրավազուրկ հայտարարությունները չդառնան զենք իր գլխին։ Ալիեւն իր վճարած կեղծարար պատմագիրներով միայն ադրբեջանցիներին է զարմացնում եւ ՀՀ-ի մտավորականներին զայրացնում։
Ալիեւը մտածում է, որ եթե Արեւմուտքի՝ ներառյալ Ամերիկայի եւ Ֆրանսիայի, Ռուսաստանի, Իսրայելի ու Թուրքիայի օգնությամբ Արցախ-Ղարաբաղի տարածքում կարողացավ իրականացնել ֆաշիզմ, ռասիզմ, բռնազավթում եւ բռնագաղթ, բազմաթիվ կանանց ու երեխաների սարսափելի եղեռնագործություն, ինքն արդեն այնքան արտոնություն ու նավթ ունի, որ կարող է լուծարել Հայոց պետականությունը, կարող է ջնջել Հայոց պատմությունը։ Ալիեւը չարաչար սխալվում է, նա սեփական ֆաշիզմի թակարդի մեջ է հիվանդագին թփրտում։
«Արեւմտյան Ադրբեջան»-ի համայնք արտահայտությունը ստեղծվել է՝ ի հակադրություն «Արեւմտյան Հայաստանի վտարանդի կառավարության» գաղափարի։ «Արեւմտյան Հայաստանը» միջազգային դիվանագիտական հասկացություն է։
«Արեւմտյան Ադրբեջան համայնքը» արհեստածին տերմին է, հերթական ֆալսիֆիկացիա-կեղծարարությունն է։ Հայաստանի տարածքը երբեք «Արեւմտյան, Հարավային կամ Հյուսիսային Ադրբեջան» անվանարկումներ չի ունեցել։
«Արեւմտյան Ադրբեջան համայնք» արտահայտությունը զուրկ է պատմական, քաղաքական եւ իրավական հիմքերից։ Ինչպես տեսնում ենք, «Արեւմտյան Ադրբեջան»-ի կարգավիճակը համայնքային է, քոչվորական, ուրեմն՝ թող այդ համայնքը տեղադրեն Բաքվի որեւէ մեկի տնամերձ «քյոշկում»….
Ներկայիս ադրբեջանցիների կամ թուրք-թաթարների նախնիները եթե որպես քոչվորներ, բռնազավթիչներ ներխուժել եւ ժամանակավոր բնակվել են Հայաստանի տարածքներում, մասնավորապես՝ Երեւանում, ապա չի նշանակում այն իրենց բնակավայրն է եղել կամ կլինի։ Ժողովուրդն ասում է․ «Քոչվորը գնաց խալխի տուն, ասեց՝ ըստեղ լավ է, քան մեր տուն»: Որեւէ բնակատեղ քոչելու, թալանելու ու սեփականացնելու տրամաբանությունը իսկական քոչվորի վարքագիծ է։
Ուշադիր հետեւեք թուրք-թաթար-ադրբեջանական ֆալսիֆիկատոր պատմաբաններին, որոնք Երեւանի պատմությունը խեղաթյուրելով՝ մի կերպ հասցնում են մի երկու հարյուրամյակի, հաստատում են, որ Երեւանը երկու-երեք հարյուր տարեկան է եւ որ Երեւանը իրենք են հիմնադրել։ Թուրք-թաթար-ադրբեջանական ֆալսիֆիկատորները նույնիսկ չեն տրամաբանում, որ Երեւանը հազարամյակների հայոց պատմություն ունի եւ իր հազարամյակների պատմամշակութային արժեքներով, քարագիր ու երկաթագիր փաստերով, սեպագրերով ու հարուստ մշակույթով, պատմագիտական գրքերով հայտնի է ամբողջ աշխարհի քաղաքակիրթ հասարակությանը։
Իսրայելում Արեւելյան Եվրոպայի եւ ԱՊՀ ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Ցինկերը Alpha News-ի հետ զրույցում նշել է, որ «Արեւմտյան Ադրբեջան» տերմինի մասին խոսակցությունն անգամ քննարկման ենթակա չէ։ Ըստ պատմական փաստերի, գոյություն չունի եւ չի ունեցել «Արեւմտյան Ադրբեջան» հասկացությունը, այն կեղծարարություն է: Բացի այդ, նույնիսկ «Ադրբեջան» անունը չի պատկանում այսօրվա Ադրբեջան անունով պետությանը եւ ադրբեջանցի անունով օղուզ-թաթարներին, այդ մասին բազմիցս եւ շատ մանրամասն նշել է Ցարական Ռուսաստանի 1800-1900 թթ.-երի տեղեկատվությունը։ Ներկայացնեմ «Ռոսստատ» կայքից մեջբերում․ «Ցարական Ռուսաստանի 1897 թ, մարդահամարի տվյալները»: Այս կայքում ներկայացված կից փաստաթղթի 25-րդ էջը վերջ է դնում թուրք-թաթարական կլանի «ադրբեջան-ադրբեջաներեն լեզու» անունների կամ բառերի ֆալսիֆիկացիային…
Փաստաթուղթն ապացույց է, որ այսօրվա «ադրբեջանցիները» իրականում օսման թուրքեր են, որոնք քոչել, եկել ու բնակվում են Անդրկովկասում եւ փորձում են սեփականացնել Պարսկաստանի ծայրամասի «ադրբեջան» անունը: Ահա փաստաթղթի 9-րդ կետի թարգմանությունը բառացի. «Մարդահամարի վիճակագրության ժամանակ նրանց լեզուն կոչվում էր «թաթարական- татарскимъ»…՝ «тюрки Закавказъя»՝ «Անդրկովկասի թուրքեր»: Սրանց թվում են առաջին հերթին, որպես, այսպես կոչված, Անդրկովկասի թաթարներ կամ ադրբեջանցիներ, որոնք կրում են հարեւան Պարսկաստանի ծայրամասի «ադրբեջան» անունը։ Գրեթե ողջ բնակչությունը նրանք են ներկայացնում՝ «թաթարական-татарскимъ» են, նրանց կազմի մեջ մտնում են կարապապախներն ու թուրք օսմանները։ Բացի դրանից, Անդրկովկասում հանդիպում են նաեւ այլ թյուրքական ժողովուրդներ, բայց դրանք միաձուլվել են ադրբեջանցիների հետ եւ չէին կարող նշվել մարդահամարում, այդպիսին են ղազախները /Ելիզավետի գուբերնիա, քաջարներ, շախսեվեններ/Բաքվի գուբերնյա/ եւ այլն (բնօրինակը կարդացեք նաեւ նյութին կից):
«Ադրբեջանցիները» մնացած թուրքերի հետ միասին, որոնց լեզուն ըստ գրանցման կոչվում են թաթարերեն-татарскимъ, կազմում են մեծ թվաքանակ։ Այսպիսով՝ «Ռոսստատ» կայքի Ցարական Ռուսաստանի 1897 թ, մարդահամարի տվյալներով՝ Շուշիում հայերն ավելի մեծաքանակ էին։ Սա նշանակում է, որ մինչեւ 1897 թվականը այսօրվա «ադրբեջանցիները» հայտնի են որպես թուրք- «թաթարական-татарскимъ» կլան։ Ադրբեջան-Ազերբաջան անունը կապված չէ այսօրվա ադրբեջանցիների հետ։ Ադրբեջան անունը սեփականացնելով, ադրբեջանցիները իրենց են վերագրում ու սեփականացնում են Ադրբեջան-Ազերբաջան անվան հետ կապված դարերի հայ- պարսկական պատմագրությունը, զբաղվում են պատմական կեղծարարությամբ։ Տարածաշրջանի «Ադրբեջան-Ազերբաջան» անվան հետ կապված պատմությունը կապված չէ թուրք- «թաթարական-татарскимъ» կլանի հետ։
«ՍՓՅՈՒՌՔԸ ՀՈՒՅՍ ՈՒ ՀԱՎԱՏ ԷՐ ՓՆՏՐՈՒՄ «ԹԱՎՇՅԱ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԵՋ», ԲԱՅՑ ԸՆԿԱՎ ԽԱԲԵՈՒԹՅԱՆ ՄԵՋ»
— Ըստ Նիկոլ Փաշինյանի, «Հայաստանում կյանքը եռում է, խաղաղությունը կառուցվում է»։ Արդյոք դրա գինը Հայոց ցեղասպանության մեկուկես միլիոն զոհերի հիշատակն ու Եռաբլուրն ուրանալն է:
— Աստված ճշմարիտ է, ճշմարտությունը՝ վեհ ու աստվածային։ Ճշմարտությունից է ծնվում խաղաղությունը, Ցավոք, ամեն մեկի խելքին հասանելի չէ ճիշտը կամ ճշմարտությունը։ Հայաստանի ներկայիս իրավիճակը եւ նրա խաղաղության կառուցման ջանքերը շատ կարեւոր են։ Բայց խաղաղությունը չի կարող հաստատվել ազգուրացության, ազգային արժեքների ոչնչացման եւ պատմության կեղծարարության հիմքերի վրա։ «Հայոց ցեղասպանության մեկուկես միլիոն զոհեր»-ը եւ Եռաբլուրի զոհերը քաղաքական եւ ազգային խտրականության, ֆաշիզմի ու ռասիզմի զոհեր են, այդ զոհերին մոռանալը նշանակում է խաղաղության խախտում, պատմության հանցագործության անպատժելիություն, ցեղասպանության կրկնության սպառնալիք։
Փնտրելով խաղաղություն եւ առաջընթաց՝ կարեւոր է հարգանքով վերաբերվել մեր պատմությանը եւ մեր զոհերի հիշատակին, որպեսզի նոր սերունդները կարողանան սովորել եւ զերծ մնալ նմանատիպ սարսափելի դեպքերից։ Միեւնույն ժամանակ, խաղաղության եւ համագործակցության հասնելու համար կարեւոր է գտնել ուղիներ, որոնք թույլ կտան առաջ շարժվել եւ խաղաղություն կնքել, որի համար անհրաժեշտ է՝ հաստատել զոհվածների ժառանգների իրավունքները։ Վերադառնալ հայոց բռնազավթված տարածաշրջաններ։ Վերականգնել հայոց պատմամշակութային արժեքները, հավատի, կրոնի լեզվի, ոտնահարված իրավունքները։
Դառնալ Արցախի տարածքային իրավունքի պահանջատեր եւ իրավատեր։ Վերականգնել պետական իրավունքը՝ այդ ժամանակ երկու ժողովուրդների կամ պետությունների մեջ կհաստատվի խաղաղություն։
— Ինչո՞ւ է այսօր լուռ Սփյուռքը, որն առնվազն 2018-ին ակտիվ ներգրավված էր Հայաստանում տեղի ունեցող իշխանափոխությանը, ինչի հետեւանքն այսօր տեսնում ենք:
— Սփյուռքի լռությունը կարող է պայմանավորված լինել տարբեր գործոններով, ներառյալ քաղաքական, սոցիալական եւ տնտեսական իրավիճակներով: Կարեւոր է նաեւ հաշվի առնել, որ սփյուռքի համայնքները բազմազան են եւ ունեն տարբեր խնդիրներ ու հետաքրքրություններ, սա նշանակում է հայ ազգային մտքի եւ գործունեության ցավալի լուծարում: 2018 թվականին Սփյուռքը ակտիվորեն ներգրավված էր Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին, հատկապես «թավշյա հեղափոխության» ժամանակ։ Սփյուռքի համայնքները մեծ աջակցություն ցուցաբերեցին, կազմակերպեցին բողոքի ակցիաներ եւ ֆինանսական աջակցություն տրամադրեցին «թավշյա հեղափոխությանը»։ Այս իրադարձությունները ցույց տվեցին, թե որքան կարեւոր է Սփյուռքի դերը Հայաստանի հասարակական եւ քաղաքական կյանքում։ Ես կարծում եմ արտերկրի հայությունը, որի անունը «սփյուռք» է դրված, հույս ու հավատ էր փնտրում «թավշյա հեղափոխության մեջ», բայց ընկավ խաբեության մեջ։
Խաբեություն էր, քանի որ, «թավշյա հեղափոխությունը» կազմակերպեցին եւ շարունակում են կառավարել այլախոհներն ու հատուկ հակահայ ծառայությունները։ «Թավշյա հեղափոխության» ժամանակ սփյուռքի հայությունը հաճախ զգում էր, որ խաբված վիճակի մեջ է: Խաբված լինելը կարող էր լինել տարբեր պատճառներով, ներառյալ տեղեկատվության պակասը կամ տարբեր քաղաքական եւ սոցիալական իրավիճակների ազդեցությունը։ Գիտենք, որ «թավշյա հեղափոխությունը» կազմակերպված էր հակահայկական եւ հակապետական ուժերի միջոցով, բնականաբար, փողի օգնությամբ կազմակերպված էր շատ լավ։ Իհարկե, կային իսկական հայ քաղաքական, հասարակական գործիչներ, որոնք հասկանում էին եւ դեմ էին գնում այդ հեղափոխությանը։
«ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ԱՐՏԱՀԱԳՈՒՍՏ ՉԷ, «ԿՐԹՎԵԼԸ ՆՈՐԱՁԵՎ Է» ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅՈՒՆԸ ԹՅՈՒՐԻՄԱՑՈՒԹՅՈՒՆ Է»
— Որպես Արեւմտյան Հայաստանի վտարանդի կառավարության կրթության եւ գիտության նախարար՝ ինչպե՞ս եք վերաբերում Նիկոլ Փաշինյանի կին ներկայացող Աննա Հակոբյանի «Կրթվելը նորաձեւ է» արշավին:
— Կրթությունը արտահագուստ չէ, «կրթվելը նորաձեւ է» արտահայտությունը թյուրիմացություն է։ Եթե մարդը զբաղեցնում է որեւէ պաշտոն, կամ որեւէ պաշտոնավորի կին է, պետք է մտածի, հետո խոսի։ Կրթական համակարգի գիտակցությունը չի կարելի իջեցնել, հավասարեցնել կենցաղավարության։ Վերջին տարիներին Հայաստանի Հանրապետության կրթական համակարգի գաղափարական աշխատանքը անկում է ապրել; Կրթական համակարգի խախտումները պայմանավորված են տարբեր գաղափարական եւ քաղաքական գործոններով, ներառյալ արտաքին ուժերի ճնշումներով, որի կամակատարներն են նրանք, ովքեր իրենց ձեռքն են կենտրոնացրել իշխանությունը կամ օգտվում են իշխանության ապօրինի արտոնություններից։
Կրթությունը կարեւոր է յուրաքանչյուր հասարակության զարգացման համար, եւ նման նորաձեւ արշավները, որոնք կազմված են անհայտ ծրագրերից, կարող են բացասական ազդեցություն ունենալ հասարակության վրա: Հայաստանի Հանրապետության քաղաքական վերնախավը տարբեր ֆինանսական խողովակներով փորձում է նոր կրթական ծրագրեր ներմուծել՝ «նորաձեւ կրթել», որն առաջ է բերում հասարակության գիտակցության աստիճանային վատթարացում, անկում, դրական հատկանիշների՝ հատկությունների կորուստ, գաղափարի կազմալուծում: Այս խնդիրները կարող են ազդել կրթության որակի վրա եւ խոչընդոտել աշակերտների ու ուսանողների բարոյակրթական առաջընթացը։
Կրթական ծրագրերը լինում են նորարար։ Ես կարծում եմ, որ ցանկացած նախաձեռնություն, որը նպաստում է կրթության զարգացմանը եւ խրախուսում է սովորել, արժանի է խրախուսանքի եւ աջակցության: Կրթական ծրագրերը պետք է կազմեն մասնագետները, որոնք ունեն խորը գիտելիքներ եւ փորձ տվյալ ոլորտում: Նրանք կարող են ապահովել, որ ծրագրերը լինեն բազմակողմանի, արդիական եւ համապատասխանեն ժամանակակից պահանջներին: Մասնագետները կարող են ներգրավել նաեւ ուսուցիչներին, ծնողներին եւ ուսանողներին՝ ապահովելու համար կրթական ծրագրերի արդյունավետ օգտակարությունը:
Կրթական ծրագրերի նորարարությունը վերաբերում է նոր գաղափարների, մեթոդների կամ արտադրանքների ստեղծմանը եւ կիրառմանը, որոնք նպաստում են պետության առաջընթացին եւ բարելավմանը։ Նորարարությունը կարող է լինել տարբեր ոլորտներում՝ տեխնոլոգիա, կրթություն, առողջապահություն, բիզնես, տնտեսություն եւ այլն։ Այն նպաստում է հասարակության զարգացմանը եւ առաջընթացին՝ ստեղծելով նոր հնարավորություններ եւ լուծումներ։
— Ի դեպ, ԿԳՄՍ նախարարությունը վերացրեց նաեւ «Հայոց պատմություն»-ը, որպես դասագիրք, իրենց իրական Հայաստանում պետք է դասավանդվի միայն Հայաստանի պատմություն: Ի՞նչ կասեք այս մասին:
— Նախ ԿԳՄՍ նախարարությունը ի՞նչ է հասկանում Հայաստանի պատմություն ասելով, ո՞ր ժամանակաշրջանն է ներառնում իր նշած Հայաստանի պատմությունը։ Ծանոթանալով ԿԳՄՍ նախարարի եւ նախարարության աշխատանքին՝ կարելի է եզրակացնել, որ խոսքը վերաբերում է «թավշյա հեղափոխության» Հայաստանին ու ժամանակաշրջանին։ Եթե այս բառախաղերով փորձում են սահմանափակվել եւ Հայոց պատմությունը տարածել միայն «թավշե հեղափոխության» Հայաստանի վրա, սա կլինի պատմական եւ քաղաքական հանցագործություն։
«Հայոց պատմություն» դասագրքի վերացումը եւ միայն Հայաստանի պատմության դասավանդումը քաղաքական բացասական նպատակ է հետապնդում: Այն կարող է սահմանափակել աշակերտների եւ ուսանողների գիտելիքները հայ ժողովրդի ամբողջական պատմության վերաբերյալ, այն կխորացնի Հայոց պատմության կեղծարարությունը: «Հայոց պատմությունը» Հայաստանի պատմության ավելի խորը ուսումնասիրությունն է եւ ազգային ինքնության ամրապնդումը: «Հայոց պատմություն»ը ներառում է հնագույն ժամանակներից մինչեւ մեր օրերը տեղի ունեցած իրադարձությունները, ինչպես նաեւ Հայաստանի եւ հայ ժողովրդի դերը տարածաշրջանային եւ համաշխարհային պատմության մեջ:
Հայոց պատմությունը ներառում է տարբեր ժամանակաշրջաններ, ինչպիսիք են՝ նախաջրհեղեղյան, շումերական, եգիպտական, բաբելոնյան ժամանակաշրջանները, Արարատյան կամ Վանի թագավորությունը, Արտաշեսյանների եւ Արշակունիների թագավորությունները, Բագրատունիների թագավորությունը, ինչպես նաեւ Օսմանյան եւ Պարսկական կայսրությունների տիրապետության ժամանակաշրջանները: Ներկայիս Հայաստանի Հանրապետության պատմությունը նույնպես կարեւոր մաս է կազմում այս ամբողջության մեջ:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ


