Իրաքը օրինականացնում է մանկահասակ ամուսնությունները․ AP
Միջազգային
Հունվարի 21-ին Իրաքի խորհրդարանը օրենք է ընդունել, որը փաստացի օրինականացնում է մանկահասակ ամուսնությունները: Փոփոխություններն իսլամական դատարաններին ավելի մեծ լիազորություններ են տալիս ընտանեկան հարցերում՝ ներառյալ ամուսնությունը և ամուսնալուծությունը, հաղորդում է AP-ն:
Իրաքի օրենքը շատ դեպքերում սահմանում է 18-ը՝ որպես ամուսնության նվազագույն տարիք: Այնուամենայնիվ, ընդունված փոփոխությունները հոգեւորականներին թույլ կտան որոշումներ կայացնել «Իսլամական իրավունքի իրենց մեկնաբանությանը համապատասխան»։ Նրանցից ոմանք կարծում են, որ աղջիկները կարող են ամուսնանալ իրենց «դեռահասության վաղ տարիքում» կամ ինը տարեկանից:
Ակտիվիստներն ասում են, որ փոփոխությունները խարխլում են Իրաքի 1959 թվականի Անձնական կարգավիճակի օրենքը, որը միավորում է ընտանեկան օրենսդրությունը և երաշխիքներ է սահմանում կանանց համար: Փոփոխությունների կողմնակիցները, ներառյալ պահպանողական շիա օրենսդիրները, ասում են, որ օրենքը «համապատասխանեցվել է իսլամական սկզբունքներին» և կնվազեցնի «արևմտյան ազդեցությունը» իրաքյան մշակույթի վրա:
Ըստ ՄԱԿ-ի 2024 թվականի տվյալների՝ Իրաքում կանանց մոտ 28%-ն ամուսնացել է մինչև չափահաս դառնալը։ Մինչ օրենքի ընդունումը՝ կրոնական առաջնորդները կարող էին ամուսնություններ գրանցել աղջիկների հետ՝ հոր թույլտվությամբ։ Ընդ որում, նման ամուսնությունը պաշտոնական չէր համարվում, և աղջկան, օրինակ, կարող էին հրաժարվել ծննդատուն ընդունելուց։ Դեռևս փոփոխությունների հաստատումից առաջ իրավապաշտպանները նշում էին, որ մանկական ամուսնությունների օրինականացումը զգալիորեն կբարձրացնի աղջիկների համար ֆիզիկական և սեռական բռնության վտանգը։