Մի բան է հարձակվել ՀԱՊԿ անդամի վրա, մի այլ բան՝ ԵՄ անդամակցության հայտ ներկայացրած երկրի. Ալեն Սիմոնյան
Ներքաղաքական
ԵԱՏՄ-ն Հայաստանի համար տնտեսական առումով ձեռնտու կառույց է և մենք որևէ միտում չունենք ԵԱՏՄ-ն լքելու և ուզում ենք շարունակել: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
Արձագանքելով հարցին, թե ԵՄ-ն ի՞նչ անվտանգություն է Հայաստանին տալիս, ԱԺ նախագահն ասաց. «Այն, որ ՀՀ-ն այսօր ժողովրդավարական երկիր է, ամենաբարձր անվտանգային բարձիկներից մեկն է: Այն, որ ՀՀ սահմանին գտնվում է ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությունը, ակնհայտ է, որ մեր սահմանների անվտանգության մասով մեծ դեր է խաղում»:
Սիմոնյանը կարծիք հայտնեց, թե «մի բան է հարձակում գործել հարձակում գործել ՀԱՊԿ-ի անդամ երկրի վրա և մի բան է հարձակում գործել ԵՄ անդամակցության հայտ ներկայացրած, ԵՄ ժողովրդավարության արժեքները կիսող և բարձր ժողովրդավարության մակարդակ ունեցող երկրի վրա»։
«Ոչ մի բան միանշանակ չէ, բայց դա չի նշանակում, որ մենք բոլոր հնարավոր քայլերը չպետք է անենք: Միանշանակ կարելի է յուրաքանչյուր երկրի վրա հարձակվել և դրա օրինակները շատ են, բայց այն, ինչ որ մենք անում ենք, ասել՝ դե եկեք դա չանենք, որովհետև դեպքը եղել է, որ հարձակվել են։ Եկեք բանակ էլ չունենանք, մեծ հաշվով Թուրքիայի և Ադրբեջանի պես երկու մեգա երկրի դեմ կռիվ անելը քանակով էլ չենք կարող, բայց դա չի նշանակում, որ մենք բանակ պետք է չունենանք»,– նշեց նա: