Սիրունյանի նման ինքնատիպ անձիք են այսօր հարկավոր պետականաշինության համար. Հայտնի փաստաբանը ԲԴԽ թեկնածուի հասցեին հնչող քննադատությունների մասին
Իրավական
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ԲԴԽ անդամի պաշտոնում թեկնածու է առաջադրել Ալեքսանդր Սիրունյանին: Թեկնածուին խորհրդարանում ներկայացրեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:
Սիրունյանի թեկնածությանը դեմ էր ընդդիմությունը, նրան հիշեցնում էին նրա կուսակցականացված լինելը, հայհոյախառն գրառումները եւ այլն։
Վերը նշյալի շուրջ «Իրավունքը» մեկնաբանություն է խնդրել հեղինակություն վայելող, աղմկահարույց գործերով փաստաբան, «Լեվ Գրուպ» ընկերության հիմնադիր ղեկավար Լեվոն Բաղդասարյանից, ով նախ նկատեց.
- Նախ արձանագրեմ, որ Սիրունյանը տասնյակ եւ ավել տարիներ գործող փաստաբան է, ով հնչեղ գործերով ունեցել է իր փաստաբանական հետքը։ Այսինքն մարդ, ով ոչ միայն իրականացրել իրավապաշտպան գործունեություն, այլ որպես քաղաքացի ունեցել է իր ուրույն կարծիքը։ Գուցե ինքս Սիրունյանի որոշ արտահայտություններ չեմ ընդունում, բայց դա չի նշանակում, որ ընդդիմությունը կարող էր վերջինիս քննադատել իր կարծիքը հայտնելու հետ կապված։
Պարոն Բաղդասարյան, ԲԴԽ անդամին մեղադրում են հայհոյախառն բառամթերք օգտագործելու մեջ.
- Գիտեք հայհոյանքի մշակույթը, որն այսօր ձեւավորված է մեր երկրում ոչ թե Սիրունյանի մեղավորությունն է, այլ քաղաքական պատկերն է, որի կրողն է ինչպես ընդդիմությունը, այնպես էլ իշխանությունը։ Այնպես որ քննադատելուց առաջ լավ կլիներ երկուստեք տային այդ հարցի պատասխանը, թե ով է ստեղծված իրավիճակի պատասխանատուն եւ մեղավորը։ Արձանագրում եմ, որ մեղավորը եւ իշխանությունն է եւ ընդդիմությունը։
Ամփոփելով խոսքս ես կարծում եմ, որ ՀՀ-ին այսօր պետք են այնպիսի անձիք, այնպիսի պաշտոնյաններ, ովքեր ունեն ինքնուրույն որոշումներ կայացնելու ունակություն։ Եվ ոչ թե անատամ պաշտոնյաններ, ովքեր ունակ չեն սեփական կարծիքը արտահայտելու։ Այո, այդ կարծիքը կարող է մեկին դուր գալ հազարին դուր չգա, բայց ես կարծում եմ , որ Սիրունյանի նման անձիք են այսօր հարկավոր պետականաշինության համար։