Նիկոլը թույլ է տվել ամերիկացիները թոկը գցեն Հայաստանի վիզը՝ հանուն իր իշխանությունն էլի երկարաձգելու. Զաքարյան
Տեսանյութեր«Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք ՀՀԿ ԳՄ անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար, ԱԺ հինգերորդ գումարման արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ ԱՐՏԱԿ ԶԱՔԱՐՅԱՆԻ հետ:
«ԱՄՆ-Ի ՀԵՏ ՆԻԿՈԼԸ ՍՏՈՐԱԳՐԵՑ ՍՏՐԱՏԵԳԻԱԿԱՆ ՍՈՒՏ»
— Ստորագրվեց հայ-ամերիկյան ռազմավարական փաստաթուղթ, ինչն ԱՄՆ դեսպանատան, այսպես ասած, ոչ հաստիքային աշխատող քաղաքական գործիչները գրեթե փրկության օղակ են ներկայացնում, իսկ շատ քաղաքագետներ էլ, ուղղակի, զգուշացնում են, թե սա մեր կործանման սկիզբն է: Իրականում ի՞նչ տվեց այս փաստաթուղթը կամ ի՞նչ վտանգներ է պարունակում:
— Դրական որեւէ բան, որպես այդպիսին, փաստաթղթի մեջ, ցավոք, չկա: Շատ կուզեի, որ լիներ: Իսկ բացասական երեւույթներն ինքնին արդեն իրենց ցույց են տալու առաջիկայում, երբ ԱՄՆ նոր վարչակազմն արդեն իսկ սկսի իրականացնել իր նախապես հայտարարված քաղաքականությունը Հարավային Կովկասում եւ Մերձավոր Արեւելքում, ինչը նաեւ որոշակի ուղիղ առնչություն է ունենալու մեր տարածաշրջանի հետ, եւ այդ քաղաքականությունն ուղղվելու է Իրանի դեմ: Այս փաստաթղթում կան որոշակի ձեւակերպումներ, համաձայն որի, Հայաստանը եւս կարող է հայտնվել ռիսկային գոտում, եթե ստանձնի պարտավորություններ տարածաշրջանում համատեղ հանդես գալու որոշակի խնդիրների վերաբերյալ։ Բայց չկան ձեւակերպումների մեջ ՀՀ շահերից բխող որեւէ նոր բան։ Մասնավորապես՝ այսօր մեզ անհրաժեշտ է անվտանգություն, սակայն, ինչպես միշտ, հիմա էլ Միացյալ Նահանգները որեւէ կերպ չեն երաշխավորում ՀՀ անվտանգությունը, ընդ որում՝ չեն երաշխավորել եւ չեն երաշխավորելու: Սա չեմ ասում նրա համար, որ ամերիկացիները վատն են, այդպիսին է իրենց քաղաքականությունը։ Իրենք այստեղ նրա համար չեն, որ Հայաստանի անվտանգությունը երաշխավորեն, իրենք այստեղ նրա համար են, որ Հայաստանը դառնա Ռուսաստանի դեմ պայքարող երկրներից մեկը: Այսինքն՝ եթե աշխարհում 10 երկիր է, ենթադրենք ԱՄՆ-ի հետ միասին Ռուսաստանի դեմ պայքարում, 11-ը լինի, չի խանգարի ամերիկացիներին, բայց մեզ ի՞նչ կտա, սա շատ մեծ հարց է։
Փաստաթուղթում չկա գրած, որ Հայաստանի դեմ որոշակի ռազմական ագրեսիայի պարագայում Միացյալ Նահանգները ցուցաբերելու են համապատասխան աջակցություն։ Չկա ռազմատեխնիկական կամ ռազմաքաղաքական համագործակցության մասին խոսք։ Իսկ խորհրդատվություն, դասընթացներ միշտ էլ եղել է, 2003 թվականից սկսած Միացյալ Նահանգների Կանզասի համալսարանի հետ ունենք ռազմակրթական համագործակցություն եւ այդտեղ որեւէ նորություն չկա, ամբողջ աշխարհը գիտի դրա մասին։ ՆԱՏՕ-ի հետ, հյուսիսային հրամանատարության շրջանակներում, հինգ տեղերում իրականացնում ենք խաղաղապահ առաքելություն: «Eagle Partner» համատեղ հայ-ամերիկյան զորավարժությունները վաղուց ենք մի քանի անգամ արել: Այնպես որ, նախկին իշխանությունների ձեռքբերումները նորից վերաշարադրել ու գալ գլուխ գովել, թե մենք ստեղծեցինք նոր ռազմավարական համագործակցություն, չի ստացվելու: Ոչ մի համագործակցություն չկա։ Այդ փաստաթղթում ո՛չ «ռազմավարական դաշնակից», ո՛չ «ռազմավարական գործընկեր» բառակապակցությունները չկան: Կանոնադրություն է՝ ինչ-որ բարի ցանկություններ իրականացնելու մասին, ո՞ւմ համար բարի, պարզ չէ: Նորամուծությունը նոր ռիսկերն են՝ տարածաշրջանի հետ կապված, ինչի մասին արդեն խոսեցի, եւ միջուկային էներգետիկայի համագործակցությունը։ Ձեւակերպում են այնպես, կարծես, հիմա Հայաստանը միջուկային գերտերություններից մեկի հետ սկսելու է արդեն միջուկային ծրագիր մշակել: Այնինչ, երբ խորանում ես, տեսնում ես, որ ռիսկերը կապված են Մեծամորի ատոմակայանի հետ եւ չի բացառվում, որ մենք ընդհանրապես զրկվենք նաեւ այդ հնարավորությունից, ինչը Թուրքիայի եւ Ադրբեջանի տասնամյակների պահանջն է եղել։
— Կարո՞ղ ենք ինքներս մեզ մխիթարել նրանով, որ այս փաստաթուղթը ստորագրվել է ԱՄՆ արդեն նախկին նախագահ Բայդենի հեռացող վարչակազմի հետ:
— Մխիթարության խնդիր չկա: Նիկոլը շատ լավ հասկանում է, որ դա Հայաստանին ոչինչ չի տալու, բայց նաեւ շատ լավ գիտի, որ մեր ժողովուրդը միամիտ է եւ իրեն հեշտ է խաբել: Ասելու են՝ ժողովո՜ւրդ, տեսեք, Նիկոլն առաջին անգամ ռազմավարական պատմական փաստաթուղթ է ստորագրել: Սա շատ մեծ ստրատեգիական սուտ է: Բացի այդ, Նիկոլը նաեւ Վաշինգտոնի վրա է վաճառում այս փաստաթուղթը, որ առաջիկա ընտրություններում կամ իշխանություն-ընդդիմություն հարաբերություններում ոստիկանությունը կարողանա շարունակել իր ապօրինությունները՝ խաղաղ ցուցարարների դեմ, իսկ ԱՄՆ դեսպանատունը ժողովրդավարության անվան տակ աչք փակի ապօրինի, հակաժողովրդավարական գործողությունների վրա։ Նիկոլը թույլ է տվել, որ ամերիկացիները թոկը գցեն Հայաստանի վիզը՝ հանուն իր իշխանությունն էլի երկարաձգելու հնարավորության համար։
«ՀԱՍՑՐԵԼ ԵՆ ՍՅՈՒՆԻՔԸ ԽՈՑԵԼԻՈՒԹՅԱՆ ԹԻՎ ՄԵԿ ՄԱԿԱՐԴԱԿԻ»
— Հարեւան Իրանը բավական դժգոհ է հայ-ամերիկյան փաստաթղթի ստորագրումից: Ավելին՝ կան տեղեկություններ, որ իրենց կողմից եղել է առաջարկ համանման փաստաթուղթ ստորագրել Հայաստանի հետ, ինչից հրաժարվել է հայաստանյան իշխանությունը: Ի՞նչ հետեւանքներ սա կունենա:
— Արցախը, բանակը, մեր անվտանգությունը, մեր 5000-ից ավել զոհերին մատաղ անելուց հետո՝ սրանք բերեցին, հասցրեցին Սյունիքը խոցելիության թիվ մեկ մակարդակի: Եվ ընդհանրապես, միայն Սյունիքը չէ, Հայաստանի ամբողջ տարածքն այսօր խոցելի է: Եթե բաժանենք երկու մասի Հայաստանի դեմ ուղղված մարտահրավերները՝ ռազմական ագրեսիայի տեսանկյունից, թիվ մեկը Սյունիքն է, թիվ երկուսը Հայաստանի մնացած բոլոր տարածքները։ Այնպես չէ, որ, ասենք, Լոռիում ավելի անվտանգ է, քան Վայոց Ձորում այսօր ապրելը կամ ընդհանուր առմամբ անվտանգային միջավայրը:
Այսօր ականատես ենք Իրանի եւ Ռուսաստանի միջեւ դաշնակցային համագործակցության, անունը ուզում եք դրեք ռազմավարական, թե տակտիկական, բնական իրավիճակ է: Այն, որ Իրանն ու Ռուսաստանն իրար հետ արդեն ստորագրեցին ռազմավարական համագործակցության փաստաթուղթ, սա ինքնին արդեն լավագույն հարթակն է, որ Հայաստանը դրա մեջ հենց որպես հանգույց տեղավորվի։ Այստեղ Հայաստանը կարող է նույնիսկ եռանկյան երրորդ գագաթի հավասար իրավունքով նստել, որովհետեւ Թուրքիան ու Ադրբեջանը չեն տեղավորվում իրենց շահերով այդ գագաթի մեջ, Վրաստանն էլ առայժմ դեռ չի տեղավորվում: Այսինքն՝ խելացի Հայաստանը կլիներ այդ եռանկյան երրորդ գագաթը ու իր անվտանգությունը կապահովեր: Իսկ Հայաստանը դառնում է հակառակ ճամբարի գագաթն այստեղ, հանուն ինչի՞, որ այն մյուս երկուսը արդեն թշնամանա՞ն քո հետ: Իսկ այն հակառակ ճամբարի ներկայացուցիչները ասեն՝ Հայաստան, կներես, ձեռքներս չի հասնում քեզ օգնենք, ոչինչ թող քեզ ծեծեն՝ այնպես, ինչպես հիմա Ուկրաինայի՞ն են ծեծում:
— Կարծում եք՝ ռուս-իրանական հարթակում մեր առաջ դուռը դեռ փակ չէ՞:
— Վստահության դուռն է փակվել։ Ընդ որում՝ ոչ մեր առաջ, այլ ինչ ասում եմ, Նիկոլին է վերաբերվում: Նիկոլին փոխելուց հետո, հենց հաջորդ օրը հնարավոր է երկրի անվտանգությունը 10-ը մակարդակով բարձրացնել։
— Ինչպե՞ս, պարոն Զաքարյան, ստորագրված փաստաթղթերը հե՞տ է կանչվելու: Օրինակ, նույն հայ-ամերիկյան ռազմավարական վերոնշյալ փաստաթղթից:
— Դա ֆիկցիա է, փաստաթուղթ չէ: Այն չի վավերացրել կոնգրեսը, դա ներպետական ընթացակարգ չի անցել եւ ընդհանրապես, բարի ցանկությունների խնդիր է, դրա բովանդակության 90 տոկոսը նախկինում արդեն հայտարարված են եղել։ Էներգետիկ համագործակցությունը, հումանիտար, մարդու իրավունքներին վերաբերող խնդիրները, ժողովրդավարության վերաբերող ինստիտուտների զարգացման խնդիրները միշտ էլ եղել է: Մեր իշխանության ժամանակ էլ է եղել, Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին էլ է եղել: Այսինքն՝ դրանք տարիների ձեռքբերումներ են, նորից, այսպես ասած, վերաշարադրել են, ու Նիկոլը եկել է, ժողովրդին ուզում է խաբի, ասի՝ գիտեք, ես ինչ-որ լավ բան եմ բերել։ Ակնհայտ, վատ բանը, քաղաքական իմաստով ռադիացիոն նյութը վերցրել է, մտել է ժողովրդի մեջ ու ասում է, թե՝ տեսեք, ինչ լավ բան եմ բերել։
«ՈՒՐԱԽ ԵՄ, ՈՐ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐՈՒՄ ՆԱԽԿԻՆՆԵՐԸ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ ԵՆ...»
— Վաղը սա փաթեթավորելու են՝ գեղեցիկ մեկնաբանություններով եւ ներկայացնեն, թե սրանով պահեցին Զանգեզուրը: Զանգեզուրի միջանցքի թեման այլեւս փակվա՞ծ է…
— Զանգեզուրի միջանցքի թեման փակել են Իրանի Իսլամական Հանրապետությունը, իսկ ռուսները շատ ավելի վաղ են փակել՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթղթով, որտեղ «միջանցք» հասկացողություն չկա: Կա ճանապարհ, որը Ռուսաստանը ստանձնել է իր միջոցներով, իր ուժերով, որպեսզի վերահսկի տրանսպորտային փոխադրումները, բայց միջանցքային տրամաբանություն, որպես այդպիսին, չկա։ Իսկ թե ի՞նչ է ասելու Արեւմուտքը, չմոռանանք, որ նրա անունից խոսացողները Թուրքիան են եւ Ադրբեջանը, նրանք էլ ասում են՝ միջանցք։ Թուրքերն այսօր աշխարհի տարբեր տեղերում՝ բրիտանացիների հետ միասին, ակտիվորեն լոբինգ են անում այդ միջանցքի գաղափարը։
— Ի դեպ, Արեւմուտքի մասին. «Եվրաքվեի» հավաքած ստորագրություններով ԱԺ-ում կքննարկվի Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու օրենքի նախագիծը, որն արդեն իսկ արժանացել է կառավարության հավանությանը: Աժմ գնդակը խորհրդարանի դաշտում է: Ինչպե՞ս եք Դուք վերաբերվում այս նախաձեռնությանը:
— Հերթական ֆիկցիան է, բոլորն էլ շատ լավ հասկանում են, որ դա տեղի չի ունենալու: Շատ լավ հասկանում եմ, որ առաջիկա 50 տարիներին Հայաստանին ոչ մեկ Եվրամիությունում չի ընդունելու՝ այնպես, ինչպես 20 տարի է Թուրքիային չեն ընդունում, ինչպես արդեն 15 տարուց ավելի է Ուկրաինային չեն ընդունում, Վրաստանին չեն ընդունում: Մեզ ընդհանրապես չեն ընդունելու, ինչի՞ մասին է խոսքը: Մենակ վիզայի խաթեր մենք վաճառենք մեր երեխեքի հայրենի՞քը, այդ վիզան էլ չեն տալու։ Այն, ինչպես մի շաքար, օդից կախելու են եւ պուդել շնիկների պես մարդկանց պարացնեն: Այդպես Եվրամիությունը ոչ միայն մեզ, այլեւ Արեւելյան գործընկերության շատ երկրների պարացնում է: Իսկ մեր միամիտ ժողովուրդն անընդհատ խաբվել է: Մենք խաբվել ենք ցեղասպանության ենթարկվելուց առաջ, ցեղասպանության ենթարկվելու ժամանակ, խաբվել ենք դրանից հետո, խաբվել ենք բոլշեւիկյան Հայաստանի կառուցման ժամանակ, դրանից հետո, խաբվել ենք ընդհուպ մինչեւ Նիկոլի կեղծ քարոզությանը, խաբվել ենք ՔՊ-ական կիսագրագետ զանգվածին, խաբվել ենք ռուսներին, ամերիկացիներին, թուրքերին: Ինչքա՞ն կարելի է խաբվել, ինչքա՞ն կարելի է քո սեփական շահերն անտեսել ու ինչ-որ հավատալ օտար, անհասկանալի բաների: Ինչի՞ պետք է օտարը իր գործերը թողնի, գա քեզնով զբաղվի, որ հանկարծ չզբաղվի, դու էլ նեղանաս, ասես՝ չէ՛, ամերիկացիները լավն են, ռուսները վատ են, կամ հակառակը՝ ռուսները լավ են, ամերիկացիները վատ են: Վերջապես մենք ե՞րբ ենք հասկանալու, որ եթե ուզում ենք անկախ պետականություն ունենալ, պետք է լրջանանք:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ