ԱՄՆ նախագահի երդմնակալությունը 40 տարվա մեջ առաջին անգամ կանցկացվի փակ տարածքում և առանց հանդիսատեսի
Միջազգային
ԱՄՆ նախագահի երդմնակալությունը 40 տարվա մեջ առաջին անգամ կանցկացվի փակ տարածքում և առանց հանդիսատեսի։
Հարցը ոչ թե Թրամփի դեմ մահափորձի վտանգն է, այլ «սաստիկ սառնամանիքները»։ Օդի ջերմաստիճանը, ըստ օդերևութաբանների կանխատեսումների, հունվարի 20-ին Վաշինգտոնում կնվազի մինչև -21 աստիճան։
Արարողությունը տեղի կունենա Կապիտոլիումի Ռոտոնդայում։ Վերջին անգամ այստեղ Ռեյգանի երկրորդ ժամկետի ինագուրացիան է եղել` 1985 թվականին։ Եվ, ի դեպ, նաեւ սաստիկ ցրտի պատճառով։
Ի դեպ, 1841 թվականին ԱՄՆ 9-րդ նախագահ Ուիլյամ Հենրի Հարիսոնը ռիսկի դիմեց` ցուրտ եղանակին բացօդյա ինագուրացիա անելով, մրսեց իր իսկ երդմնակալության ժամանակ։ Մի քանի շաբաթ անց նա մահացավ։
Միաժամանակ համացանցում եղանակի կանխատեսումները համառորեն հայտնում են, որ հունվարի 20-ին Վաշինգտոնում օդի ջերմաստիճանը չի իջնի -6⁰C-ից։ Այսինքն, կարող է պարզվել, որ «սաստիկ սառնամանիքներն» ընդամենը ձեւական պատճառաբանությունն է, եւ «փակ ինագուրացիան» կապված է անվտանգային հարցերի հետ: