ԱԳՐԵՍԻԱՅԻ ԿՐՈՂՆԵՐԸ ԿԱՄ` ՍԵՐԻԱԼԱՅԻՆ ԱՆԱՐԽԻԱ.Հայտնի փաստաբան
Իրավական
- Որքանո՞վ են սերիալները, որտեղ համատարած արյուն ու սպանություն է, օրենքով թույլատրելի, որպեսզի ցուցադրվեն հանրությանը: Ո՞րն է այն մարմինը, որ հսկողություն է իրականացնում հեռուստաընկերությունների վրա:
Կարինե, ք. Երևան հարցե հղել «Լեվ Գրուպ» փաստաբանական ընկերության հիմնադիր-ղեկավարին.
Նախորդ դարի 70-ական թվականներին կոմունիստական Չինաստանում օրենքի ուժով արգելվեց անգամ խաղալիք զենքերի իրացումը: Պատճառաբանությունը կայանում էր նրանում, որ այն մանուկների մեջ կարող է սերմանել ագրեսիա` հետագա բոլոր բացասական հետևանքներով: Դպրոցական բարձր տարիքում հիշում եմ՝ կենտրոնական հեռուստաալիքով ցուցադրվեց մի ֆիլմ, ուր բազմաթիվ էին գողության ու կողոպուտի տեսարանները: Օրեր անց այդ տարիների կենտրոնական մամուլը գրեց, որ այդ ֆիլմի ցուցադրման հաջորդ օրը տասնապատկվել էին գողություններն ու այլ հանցագործությունները:
Ակնհայտ է, որ ագրեսիա, սպանություն, արյուն կամ կինոյի գլխավոր դերում հանդես եկող հանցագործ կերպարը, որը տվյալ ֆիլմի սցենարը գրող անձի թեթև ձեռքով դառնում է ՙկինոյի լավ տղեն՚, իսկ սերիալում հանդես եկող ազնիվ, պարկեշտ մարդիկ դառնում են ծաղրի առարկա ու անպաշտպան, հեռուստադիտողի ներաշխարհում տեղի են ունենում այնպիսի փոփոխություններ, որից հետո վերջինս կարող է դառնալ ագրեսիվ և անկանխատեսելի իր շրջապատի համար` բխող բոլոր կործանարար հետևանքներով: Այս հարթության վրա անկատար է գործող իրավանորմը, իսկ լիազոր մարմինը, ի դեմս պետական հեռուստահանձնաժողովի, սույն դրվագով զբաղվում է անգործությամբ: Ավելին, լավագույն ցանկության դեպքում անգամ տվյալ հանձնաժողովն ի վիճակի չէ պայքար մղել մեր հեռուստաառօրյայի, այդ թվում նաև՝ համացանց մտած նմանօրինակ երևույթների դեմ, առանց մնացյալ պետական լիազոր մարմինների, այդ թվում` ուժային: Սա պետական անվտանգության հետ կապված լրջագույն խնդիր է, ուստի անհրաժեշտ է նոր օրենքների հիման վրա տոտալ պայքար մղել օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով հեռուստաեթերում իր ուրույն տեղը գտած, իսկ մի մասն էլ դրսից գրանտածիծերի կողմից բուծված, հասարակությանն ու պետությանն այլասերելու, կազմաքանդելու, միմյանց դեմ հանելու նպատակ հետապնդող, ագրեսիա հրահրող երևույթները վերացնելու ուղղությամբ:
Լևոն Բաղդասարյան, փաստաբան
