Ադրբեջանը չի տեսնում Հայաստանը որպես խաղաղության խաչմերուկ, այլ՝ որպես մահի համակենտրոնացման ճամբար. Այվազյան
Ներքաղաքական
1990 թվականի հունվարի 13-ին Բաքվում սկսվեցին եւ մեկ շաբաթ շարունակվեցին քաղաքի հայ բնակչության՝ նախօրոք ծրագրված ու կազմակերպված ջարդերը։ Ադրբեջանական ջարդարար ամբոխը՝ կառավարության խրախուսմամբ ու թողտվությամբ, նախապես ճշտված հասցեներով հարձակվեց հայերի վրա։ Ծեծի ենթարկվեցին, կողոպտվեցին ու սպանվեցին հարյուրավոր հայեր։ Բաքվում արտակարգ դրություն հայտարարվեց միայն հունվարի 19-ին: 35 տարի անց անդրադառնալով պատմության այս սարսափելի դեպքերին՝ «Իրավունք»-ը զրուցել է Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ, ադրբեջանագետ ԳՐԻԳՈՐԻ ԱՅՎԱԶՅԱՆԻ հետ:
— Պարոն Այվազյան, Բաքվի ջարդերի 35-րդ տարելիցը արդյո՞ք պատշաճ կերպով հիշատակվեց մեր պետության կողմից:
— Պետք է նշեմ, որ ընդհանուր առմամբ դա պարզ է, որ Ադրբեջանում հայերի ցեղասպանության հարցը, հատկապես Բաքվի դրվագը, որի տարելիցը այդ օրերին է լրանում՝ հունվարի 13-19-ը ներառյալ, դա ոչ միայն ադրբեջանահայության անմեղ զոհերի հիշատակի օրն է, ոչ միայն հումանիտար հարց է, այլ մեր պետության ազգային շահերից էր բխում այդ հարցը անդադար պահել արտաքին քաղաքականության օրակարգում: Քանզի հենց ադրբեջանահայության ճակատագրի օրինակի վրա կարելի էր ապացուցել համաշխարհային հանրությանը ադրբեջանցի թուրքերի եւ արցախահայերի մեկ պետության սահմաններում համատեղ խաղաղ գոյակցության անհնարինությունը, ինչը տարիների ընթացքում, ցավոք սրտի, չի արվել:
Բազմաթիվ անգամներ մեր համայնքը նաեւ դիմել է տարբեր իշխանությունների օրոք, այդ թվում՝ պետական տարբեր մարմինների, որպեսզի այդ օրը ճանաչվի ադրբեջանահայության ցեղասպանության օր եւ գոնե հիշատակի եւ տոների մասին օրենքում փոփոխվի այդ ձեւակերպումը, ինչը չարվեց: Վերջապես այդ հարցի չճանաչվածությունը բերեց ոճրագործությանը, որը նույն ոճով կրկնվեց 2020 թվականին՝ ի դեմս ադրբեջանական նոր ագրեսիայի Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության հանդեպ, ինչպես նաեւ 2023 թվականին Արցախի ամբողջական հայաթափմամբ՝ եթե չհաշվենք այն, որ Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ Ադրբեջանը ոտնձգություն է կատարել:
— Իսկ 35 տարի անց ի՞նչ իրողություն ունենք: Ներկայիս ժամանակահատվածն ինչպիսի՞ն է:
— Վերջին ժամանակաշրջանում, անպատիժ մնալով, Ադրբեջանի անբռնազբոս բռնապետ, նացիստ Իլհամ Ալիեւն ուղղակիորեն հայտարարեց, որ նույն այդ ցեղասպանության ոճրագործության ձեւով ինքը պատրաստվում է բացի այն, որ Արցախն է արտահանել նույն այդ հանցագործությունը, նույնը պատրաստվում է արդեն անել ՀՀ տարածքում, ՀՀ բոլոր քաղաքացիների հետ՝ մի քանի անգամ շեշտելով եւ պնդելով իրենց զառանցանքն այն մասին, որ Հայաստանը Արեւմտյան Ադրբեջան է, որ այստեղ պետք է բերվեն Արեւմտյան ադրբեջանցիները, մոռանալով, որ առնվազն 1988-1992 թթ. ներկայիս Ադրբեջանը լքած հայերի թիվը մոտ մեկ միլիոն է կազմում, եւ նրանց հարցը պետք է լուծվի եւ չհաշված, որ արցախահայությունն իրավունք ունի միջազգային անվտանգության երաշխիքների ներքո վերադառնալ նախկին բնակավայրեր: Իրենք շարունակում են դա պնդել, սպառնալ նոր պատերազմով եւ բացել Զանգեզուրի միջանցքը: Այդ սպառնալիքներին չպետք է անուշադրությամբ նայել, քանի որ չարիքը, որ անպատիժ է մնացել (այս պարագայում Ադրբեջանում հայերի ցեղասպանությունը), հատկություն ունի կրկնվելու, ինչպես մենք տեսանք նախորդիվ, եւ չի բացառվում, որ Ադրբեջանը նոր ցեղասպան պատերազմ վերսկսի իրեն համար արդեն հարմար պահին ՀՀ ժողովրդի հանդեպ՝ կրկնելով նույնը:
Մենք պետք է դրան պատրաստ լինենք՝ հասկանալով, որ Ադրբեջանը չի տեսնում Հայաստանը որպես խաղաղության խաչմերուկ, այլ տեսնում է որպես մահի համակենտրոնացման ճամբար, որը պետք է լինի շրջափակման մեջ, որի բնակչությունը պետք է տարհանվի, ինչպես եղել է Արցախի պարագայում, ինչի մասին Ադրբեջանի դիկտատորը չի թաքցնում իր մտադրությունները: Ես չեմ կարծում, որ այդ տարիների ընթացքում շատ ուշադրություն է հատկացվել ադրբեջանահայության հիմնախնդիրներին:
Ընդհանրապես, եթե դա լիներ, եւ Ադրբեջանում հայերի ցեղասպանության խնդիրը մասնավորապես եթե լիներ, ապա դա չէր կրկնվի արդեն 21-րդ դարում Արցախում: Դա չէր լինի հայ ժողովրդի հետ նույնպես: Ալիեւը չէր սպառնա, ինչպես այժմ դամոկլյան սուրն է կախված Արցախի վրա եւ դեռ չեմ ասում, Սեւանի ավազանի, Տավուշի մասին, որի հետ կապված եւս նրանք չեն թաքցնում իրենց տարածքային նկրտումները՝ եթե ժամանակին ճիշտ իրավական եւ քաղաքական գնահատական ստացվեր:
— Իսկ որքանո՞վ են այս իշխանությունները փորձում անդրադառնալ այս թեմային:
— Արդարության համար պետք է ասեմ, որ, ցավոք սրտի, այդ հարցում եւ նախորդ ժամանակահատվածում (այսինքն` ավելի քան 30 տարիների ընթացքում) ճիշտ ընկալում չձեւավորվեց, հարցի կարեւորությունը չարժեւորվեց, չգնահատվեց, թե դա ինչի՞ համար է անհրաժեշտ: Ոչինչ գոյություն չուներ ոչ միայն ճանաչման հարցում, այլ ադրբեջանահայության փախստականների ճակատագրի հարցի նկատմամբ ոչ մի տեսլական չկար:
Ադրբեջանում պնդում էին անդադար, որ իբրեւ թե ունեն մեկ միլիոն փախստական, բայց նրանք իրականում անգամ մեկ փախստական չունեին ոչ Հայաստանի Հանրապետության տարածքից, ոչ էլ` այլ, որովհետեւ Արցախը չէին ճանաչում: Այնտեղից գնացած թուրքերին իրենք չէին կարող ճանաչել փախստական, որովհետեւ նրանք չեն ճանաչել Արցախի անկախությունը, իսկ ինչ վերաբերում է Հայաստանը լքած ադրբեջանցի թուրքերին, ապա իրենք ավտոմատիկորեն 1992 թվականին Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիության մասին օրենքով՝ ստացել են Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիություն: Ուստի՝ չէին կարող լինել փախստական:
Այնպես որ, նրանք չունեին փախստական: Չնայած դրան, պնդում էին տարիներ շարունակ, որ իրենք իրավունք ունեն վերադառնալ նախկին բնակավայրեր՝ ընդհուպ Երեւան: Իսկ մենք այդ հարցում գրեթե 40 տարիների ընթացքում այդպես էլ մոտեցում եւ տեսլական չկարողացանք ձեւակերպել ճակատագրի վերաբերյալ ՝ ադրբեջանահայության հանդեպ: Չէ՞ որ ադրբեջանահայությունն ընդհանրապես ոչ թե տեր էր Հայաստանի համար, այլ սուր վահանն էին մեր հայրենիքի, Արցախի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության՝ շահերի պաշտպանության տեսանկյունից:
Ուստի՝ մենք ինչի՞ն եկանք հանգրվանեցինք: Նրան, որ պետական մոտեցումը բացակայում էր, այդ ամբողջ ավելի քան 30 տարիների ընթացքում այդ հարցի կարեւորության ընկալման բացակայությունը բերեց դրան, որ այդ ժամանակահատվածում ոչ թե այժմ ադրբեջանահայության հարցն է միայն: Եթե մենք բերում ենք ներկայիս ժամանակահատվածում՝ պետք է այլ շեշտադրում դնենք՝ ինչո՞ւ արցախահայության խնդիրը չի բարձրացվում, ինչո՞ւ չի խրախուսվում Արցախի վտարանդի կառավարության ստեղծումը: Չէ՞ որ Ադրբեջանում ստեղծել են, այսպես կոչված, Արեւմտյան Ադրբեջան` նկատի ունենալով ներկայիս ողջ Հայաստանի Հանրապետությունը, վտարանդի կառավարությունը, իսկ Արցախի վտարանդի կառավարությունն ինչո՞ւ Հայաստանի հետ չի ստեղծվել: Դրա՛ն պետք է ուշադրություն դարձնել: Դա չի դարձնում Հայաստանը լեգիտիմ թիրախ Ադրբեջանի համար: Ադրբեջանի համար ոչ մի լեգիտիմ պատճառաբանություն գոյություն չունի:
ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ