Բայդենը հասցրեց Թրամփի համար խնդիրներ ստեղծել․ ԶԼՄ
Միջազգային
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը վերջին պահին դժվարացրել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի համար Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վերացումը։ Այս մասին հայտնում է РБК-ն։
Նշվում է, որ հունվարի 15-ին ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցների ցանկում կրկին ներառել է ռուսական գրեթե 100 ընկերությունների՝ առավելագույն սահմանափակումներով։ Դրանք ներառվել են 13 662 գործադիր հրամանով ստեղծված ցանկում։
Նախկինում ռուսական ընկերությունները ենթարկվում էին սահմանափակումների 14 024 գործադիր հրամանով, որը Բայդենը ստորագրել էր դեռևս 2021 թվականի ապրիլին։ Հրամանը ներառված չէ որևէ դաշնային օրենքում, ուստի Թրամփը կկարողանա չեղյալ համարել այն՝ առանց Կոնգրեսի հետ խորհրդակցելու։
Այնուամենայնիվ, 13 662 գործադիր հրամանը ստորագրվել է Բարաք Օբամայի կողմից 2014 թվականին՝ ի պատասխան Ղրիմի Ռուսաստանի Դաշնությանը միացմանը։ Այն ժամանակ ոլորտային պատժամիջոցներ էին սահմանվել ռուսական առաջատար պետական բանկերի և նավթագազային կորպորացիաների դեմ։
13 662 գործադիր հրամանի չեղարկումը կարող է իրականացվել միայն Կոնգրեսի հավանությամբ: Գործընթացը կարող է տևել 30-60 օր։