«Տավարիշչի» եվրոպացիներ, շտապե՛ք ուսանել ռուսաց լեզու. ԶԱՐՄԱՆՔ
Զարմանք
Ֆրանսիացի նշանավոր հուշավիպագիր եւ փիլիսոփայական հայտնի աֆորիզմների հեղինակ Ֆրանսուա դը Լառոշֆուկոն հաստատ գերեզմանում շուռ կգար, եթե լսեր, թե սոցցանցում ինչ գրառում է արել ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ: Երկրի դե յուրե ղեկավարն այնքան պարապ է մնացել, որ գրել է. «Լավ ապրել՝ նշանակում է շատ աշխատել, շատ վաստակել, շատ ծախսել։ Լավ ապրելու ուրիշ տարբերակ չկա»։ Եթե դուք էլ չհասկացաք, թե ինչ է ուզում ասել, փաստաբան Րաֆֆի Ասլանյանը պարզաբանել է. «Նիկոլ Փաշինյանը լավ ապրելը, ըստ էության, նույնացրել է լավ ուտելու հետ։ Մարդը որքա՞ն սոված կարող է լինել, որ արդեն յոթ տարվա ցոփ ու շվայտ կյանքով դեռ չի կշտացել…»: Որ սա է վերջինիս արժեհամակարգն ու լավ ապրելու պատկերացումները, թերեւս այլեւս զարմանալի չէ, միայն անհասկանալի է, թե ինչու է իր մտքերը սկսել այսպիսի ինտենսիվությամբ բարձրաձայնել, որը իր դեմ հակակրանքն ավելացնելուց բացի, որեւէ այլ արդյունք չեն տալիս: Ինչեւէ, ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը բավական դիպուկ հակադարձում է. «Լավ ապրել, նախ եւ առաջ նշանակում է՝ ունենալ սեփական Հայրենիք-պետություն եւ շատ սիրել այն: Լավ ապրել, նշանակում է կարողանալ դաստիարակել ազգային արժեքներով ու քրիստոնեական բարոյականությամբ ապրող ընտանիք եւ գիտակից հասարակություն: Լավ ապրել՝ նշանակում է ունենալ մարդկային արժանապատվություն, հարգանք եւ պատիվ: Մնացյալը որկրամոլության, նյութապաշտության ու էգոիզմի դրսեւորման տարբեր եղանակներն են»:
Ուշագրավ գրառմամբ է հանդես եկել քանդակագործ ՎԻԳԵՆ ԱՎԵՏԻՍԸ, ով ընդամենը մեկ տարի առաջ իշխանության «ջրաղացին էր ջուր լցնում» եւ Հանրայինի եթերում հայտարարում էր, թե իբր Հայաստանի ընդդիմության նպատակը ժողովրդին պետության դեմ հանելն է: «Խախտումներով վերընտրվել է, որպես Փարաքարի համայնքապետ, «Քաղաքացիական պայմանագրի» կուսակցական Լյուդվիգ Գյուլնազարյանը, հուսամ՝ խախտումները կքննվեն, եւ խարդախությունը կպատժվի ժողովրդավար ՔՊ-ի կողմից։ Սա փորձություն է, պարոնա՛յք իշխանավորներ»։ Իրականում նշյալ անձը չընտրվեց, իսկ թե ի՞նչ խախտում են արել, օգտատերերից մեկի հարցին ի պատասխան՝ քանդակագործը մանրամասնել է. «Պատահաբար 3 անգամ մտել են նրա բարեկամի տուն»: Հիշեցնենք, որ Փարաքարում, ինչպես Գյումրիում, ՔՊ-ն անցկացրեց փրայմերիզ, որի արդյունքներով կառավարությունը յուրայիններից պետք է նշանակի համայնքի ղեկավարի պաշտոնակատար: Բայց ինչպես փաստում է, Վիգեն Ավետիսը, սա էլ են արել ոչ թե եվրոպական մակարդակով, այլ` նիկոլավարի: Պարզապես, զարմանալի է՝ ինչո՞ւ այս իշխանությունից ուրիշ բան էիք սպասո՞ւմ:
Զարմանալի անկեղծությամբ է աչքի ընկել նաեւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար ՄԱՐԿ ՌՅՈՒՏԵՆ։ Նա ո՛չ ավել, ո՛չ պակաս հայտարարել է, թե ԵՄ երկրները ստիպված կլինեն սովորել ռուսերեն, եթե չմեծացնեն պաշտպանության ծախսերը ՀՆԱ-ի ներկայիս 2 տոկոսի համեմատ: «Եթե մենք դա չանենք, չորս կամ հինգ տարի հետո մենք ստիպված կլինենք ռուսաց լեզվի դասընթացներ անցնել կամ մեկնել Նոր Զելանդիա»,- ասել է Ռյուտեն՝ ելույթ ունենալով Բրյուսելում` Եվրախորհրդարանում: Ո՞վ կմտածեր չէ, որ Ռուսաստանի ռազմական մրցակից, եթե չասենք ոխերիմ թշնամի ՆԱՏՕ-ն, մի օր հայտարարելու է ռուսերեն սովորելու մասին: Այնպես որ, «տավարիշչի» եվրոպացիներ, շտապե՛ք ուսանել ռուսաց լեզու, վաղը ուշ է լինելու:
Զարմացած է «Իրավունք»-ը