Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Ս. Հովհաննես Կարապետի ծննդյան տոնը
Հասարակություն
Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Ս. Հովհաննես Կարապետի ծննդյան տոնը։
Ս. Հովհաննես Մկրտչի ծնունդը մանրամասն նկարագրել է Ս. Ղուկաս Ավետարանիչը (Ղուկ. 1:5-25): Ս. Հովհաննեսի հորը` Զաքարիա քահանային Տիրոջ տաճարում խնկարկության ժամանակ հայտնվում է Տիրոջ հրեշտակը և ավետում նրա որդու ծննդյան մասին: Սակայն ծեր Զաքարիան թերահավատությամբ է ընդունում բարի լուրը և կասկածամտության համար, որպես պատիժ, մինչև իր որդու ծնունդը դառնում է համր:
Ավետարանիչը վկայում է, որ երբ Սուրբ Աստվածամայր Մարիամն այցելում է Եղիսաբեթին` Ս. Հովհաննես Մկրտչի մորը, վերջինս, լցվելով Սուրբ Հոգով, բացականչում է. «Որտեղի՞ց ինձ այս ուրախությունը, որ իմ Տիրոջ մայրն ինձ մոտ գա, որովհետև ահավասիկ, երբ քո ողջույնի ձայնը հասավ իմ ականջին, մանուկը ցնծալով խաղաց իմ որովայնում» (Ղուկ. 1:43-44):