Իշխանությունը՝ քաղաքապետի «դիրիժորությամբ», ժողովրդին դրել է «ֆոկուսնիկների» տեղ
Հասարակություն
Քաղաքացու թիվ մեկ օրակարգային հարցն այլեւս ներքին ու արտաքին մարտահրավերները չեն, այլ այն, թե օրը քանի անգամ պետք է վճարել Telcell-ին, որպեսզի գոնե մեկ անգամ, բախտի բերմամբ, ապարատը կտրոն տա, որով հնարավոր լինի նստել հանրային տրանսպորտ:
«Իրավունք»-ը բազմաթիվ ահազանգեր է ստացել քաղաքացիներից, որոնք պնդում են, որ Telcell ապարատին մոտենում ես, 100 դրամանոցը (դեռեւս՝ 100) գցում մեջը, այդ ապարատի թուղթը, պարզվում է, վերջացել է: Կամ թուղթն է վերջացած լինում, ու անհայտ է, թե երբ մասնագետը կմոտենա ու կտեղադրի բաղձալի թուղթը, իսկ այդ ընթացքում, մարդիկ կորցնում են իրենց 100 դրամանոցով օգտվելու հնարավորությունը: Կամ էլ ապարատը տեխնիկական խնդիր է առաջացնում՝ առաջին 100 դրամին կտրոն չի տալիս, երկրորդի դեպքում՝ «խղճում» է քաղաքացուն եւ տալիս է կտրոն, որ բախտավորը կարողանա նստել հանրային տրանսպորտ: Օրը քանի՞ հարյուր քաղաքացի է նման խնդրի առաջ կանգնում, վիճակագրությունն, իհարկե, լռում է:
Իսկ եթե բախտը բերեց, բարձրացավ տրանսպորտ, հիմա էլ քաղաքացին պետք է անցնի հաջորդ «դռակոնը»: Նախ պետք է կարողանա «իրար շալակի» կանգնած ուղեւորների միջից ճարպկորեն հասնել ավտոբուսում առկա վճարման ապարատին, հեքիաթային թուղթը պահի համապատասխան դիրքով ու սկսի աղոթել, թե նորին մեծություն ապարատն իրավունք կտա՞ օգտվել տրանսպորտից: Եթե կրկին բախտը բերի, ամեն բան հաջողված կանցնի, եթե՝ ոչ, ապա տվյալ ապարատը այնպես կճվա, որ խայտառակ կլինի, քանի որ այդ ապարատներն էլ, չգիտես ինչու, կա՛մ չեն կարդում կտրոնների QR կոդերն ու բանկային քարտերը, կա՛մ կտրոնը, պարզվում է, ժամկետանց է: Ու այստեղ սկսվում է կինոյի երրորդ սերիան՝ վերջնական փուլը, ինչը դրսեւորվում է լավ վարորդով կամ վատ վարորդով: Այստեղ քաղաքացին կլորացված, հուզված աչքերով նայում է վարորդի դեմքին ու սպասում կախարդական խոսքերին. «Ոչինչ, մորքուր ջան կամ հոպար, նստի», կամ՝ «Իջի՛ ավտոբուսից, արա՜»:Հանուն արդարության ասենք, որ մեծ մասամբ վարորդներն էլ են հոգնել այս էքսպերիմենտներից ու հիմնականում չեն իջեցնում ավտոբուսից:
Ի՞նչ է ստացվում, որ քաղաքային տրանսպորտը մի քանի «խելացիների» պատճառով աշխատում է վնասով: Մինչդեռ մեկ ամիս առաջ քաղաքապետն այլ թվեր էր ներկայացնում, իբրեւ թե բյուջե ենք մուտքագրել միլիոններ:
Անցնենք հաջորդ խնդրին. Telcell զանգահարել բացարձակ հնարավոր չէ, չեն պատասխանում հատկապես շաբաթ-կիրակի օրերին, իբրեւ ցանցի ծանրաբեռնվածության պատճառով: Իսկ այդպես էլ նպատակին չծառայած 100 դրամանոցները ո՞վ է վերադարձնելու քաղաքացուն, ո՞վ է պատասխան կրելու այս ողջ ամսվա ընթացքում «գլխառադ» աշխատանքի համար: Ո՞վ է ուսանողի կամ թոշակառուի մանրադրամը հետ վերադարձնելու: Այո՛, ճիշտ պատասխանն է՝ ոչ ո՛ք: Իսկ քաղաքապետը, ով «չիմանալով» նստում է 20.000 դոլորանոց ավիատոմսով ինքնաթիռ, տեղյա՞կ է, որ քաղաքային տրանսպորտից օգտվող խավը այդքան էլ հարուստ չէ, որ ամեն անգամ 100 դրամներ կորցնի: Իսկ կարո՞ղ է ներկայիս իշխանությունն ու «անտեղյակ» քաղաքապետը Telcell-ի հետ «օրթաղ» գործ են անում: Թե՞ պարզապես, ներկայիս իշխանությունն ու քաղաքապետը այս ժողովրդին դրել են «ֆոկուսնիկների» տեղ: Կարո՛ղ է:
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ