Հին Նոր տարին՝ առանց տոնածառի. Նիկոլի իշխանության հերթական աբսուրդը
Հասարակություն
Արդեն յոթ տարի է, ինչ օրվա իշխանությունը հերթով, շարքով, կարգով բոլոր տոները վերածում է հիշատակի օրերի՝ օրացույցի կարմիր շրջանակները սեւացնելով: Հիմա էլ ի չիք են դարձնում հին Նոր տարին, որը նշվում է հունվարի 13-ի լույս 14-ի գիշերը։ Հափշտապ ապամոնտաժվել է Հանրապետության հրապարակի ՏՈՆԱԾԱՌԸ: Իսկ թե ինչո՞ւ, Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը տվել է ոչ մի կերպ չարդարացնող պատասխան:
«Քանի որ տոնածառի լույսերի վառման արարողությունը, քաղաքի ամանորյա լուսավորությունը նախորդ տարի դեկտեմբերի 8-ից է մեկնարկել, դրանով պայմանավորված այս տարի ավելի վաղ են տոնածառը հավաքում, ինչպես նաեւ ամանորյա լուսավորումը։ Փաստացի 1 ամիս թե տոնածառի լույսերը, թե քաղաքի ամանորյա լուսավորությունը միացված է եղել», - նշել է նա:
Հիմա ինչպե՞ս հասկանալ՝ լույսի փո՞ղը չի հերիքել, տարրական մաթեմատիկայի՞ չեն տիրապետում պատասխանատու անձինք, որ եթե դեկտեմբերի 8-ին են մեկնարկել տոնական լուսավորությունը հունվարի 8-ին դառնալու էր մի ամիս: Թե՞ ո՛չ տեսել էին, ո՛չ լսել, որ հունվարի 13-ին հին Նոր տարի է: Կարո՞ղ է «հին»-ը խառնել են «նախկին»-ի հետ ու վատ խասյաթի համաձայն՝ մերժել են: Ի՞նչ ասես, այս տոնն էլ հարամեցին, որովհետեւ էլ ի՞նչ Նոր տարի՝ առանց Տոնածառ, ինչպես Նիկոլի իշխանության սիրելի երգիչ Թաթա Սիմոնյանը կասեր, ասես հարսանիք՝ առանց հարս, առանց փեսա, առանց պար:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ