Լոս Անջելեսում ակտիվացել են բնակարանային գողերը
ՀասարակությունԼոս Անջելեսում հրդեհը շուրջ 117 քառակուսի կմ տարածքով է, իսկ որպեսզի առավել պարզ լինի, դա Գյումրի քաղաքի 3 չափի տարածք է: Ցավոք Լոս Անջելեսում իրադրությունը շարունակում է ողբերգական մնալ, քանի որ չի հաջողվում մարել հրդեհների ամենախոշոր երկու օջախները։ 10 հազարից ավելի շինություններ, այդ թվում՝ մարդկանց բնակարաններ, տներ, դպրոցներ, եկեղեցիներ այրվել են, մարդկանց էվակուացրել: Հրդեհները նաեւ հայաշատ քաղաքներում են մոլեգնում, որին պարբերաբար անդրադառնում են հայ հայտնիները, ովքեր բնակվում են ԱՄՆ-ում:
Հրդեհների պատճառով օդի բարձր աղտոտվածությունը դժվարացնում է անգամ շնչել, որը նույնպես առաջացնում է լուրջ առողջական խնդիրներ: Ողջ բնակչությունն անորոշ վիճակում է, նրանք, ովքեր տարհանման հրահանգ չեն ստացել, հաղորդագրություն են ստացել պատրաստ լինելու տարհանմանը, եթե դրա անհրաժեշտությունը լինի։ Տարհանման հրահանգ է ստացել մոտ 180 հազար բնակիչ։ «Իրավունք»-ին տված բացառիկ հարցազրույցում Յուրի Իգիթխանյանը ասել է, որ բնակիչները կազմ պատրաստ սպասում են քաղաքային իշխանության հրահանգին, որպեսզի հարկ եղած դեպքում լքեն բնակտարածքները: Ինչպես տեղեկանում ենք ամերիկյան լրատվամիջոցներից, կացարաններում նախնական տվյալներով կար շուրջ 170 բնակիչ:
Հատկանշական է, որ այս ողջ քաոսի մեջ ակտիվացել են բնակարանային գողերը, սակայն ոստիկանությունը արտակարգ ռեժիմով ծառայություն է կատարում եւ արդեն կան ձերբակալվածներ: Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի Լոս Անջելեսի շրջանում հրդեհների հետևանքով մահացածների թիվը հասել է 10-ի: Լոս Անջելեսի շրջանում հունվարի 7–ից բռնկված հրդեհների ընդհանուր մակերեսը, Կալիֆոռնիայի հրշեջ ծառայության տվյալների համաձայն, հասել է գրեթե 11 հազար հեկտարի: Հրդեհը ոչնչացրել է ավելի քան 1000 շինություն:
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ